top of page

ԱՄԵՆ /245-366/

  • Writer: Tigran Gorsh
    Tigran Gorsh
  • Sep 29, 2019
  • 26 min read

Updated: Jan 3, 2021

245. Եղիր տեղեկացված, որ ուրախանալու ավելի քիչ առիթ ունենաս` ինքնաբավ չդառնաս ու կառավարելի մնաս. ահա չբարձրաձայնած կարգախոսը տեղեկատվություն ստեղծողների, իսկ ԶԼՄ-ները սրանում՝ ինչպես սպեկուլյանտները տնտեսությունում:


246. Երբ դիտարկում ես ըստ աստվածաշնչյան սկզբի՝ մարդկությունը նմանվում է մի մեծ այլասերված ընտանիքի, որում առաքինությունն արտաքին տեսքն է քողարկված այլանդակության, որպես կանոն` ոչ ինքնակամ:


247. Եթե մեծահասակները դրվատեին երեխաների ամաչկոտությունն այնքան, որքան հրճվում են նրանց ճարպկությամբ, գուցե և սուտն այսչափ չիշխեր, ու կամ երեխաներն ի սկզբանե լինեին այնքան իմաստուն, որ չզիջեին այդ անգին զարդը կոնֆետի դիմաց:


248. Տգետների մոտ պատասխաններն ավելի շատ են, քան հարցերը, ու քանի որ ունկնդիրները գնահատում են ըստ շատախոսության, մենակությունը վերածվում է միակ հնարավոր հրապարակի, որտեղ բեմ են բարձրանում իմաստունները:


249. Որպես կանոն` տխրությունս փարատելու ուրիշների փորձերը վերածվում են նրանում է՛լ ավելի խորասուզվելու պատճառի, իսկ վերջինս`

նրանց շնորհակալ լինելու առիթի, քանզի իմ հանդեպ տխրության սերը մի օր դադարեց լինել միակողմանի:

Ու/բայց երբեք չեմ չարաշահում նրանց սրտացավությունը, գիտեմ՝ տխրությունը նաև անհարմարություն է, երբ այն քոնը չէ։


250. Դեմքերի փոփոխությունը հույս է տալիս նոր սցենարի, ու վերջինիս ձանձրալի կրկնությունը դառնում է տանելի, այլ դեպքում` թիթեռի մեկօրյա կյանքին կտայինք երանի:


251. Պատահում է` ցավի հանդեպ վախը նվազում կամ չեզոքանում է մահվան, մահվանն էլ՝ ապրելու (ցավի) հանդեպ վախի գերակայությամբ, ուստի միշտ չէ, որ արարքում առկա է համարձակություն` որպես վախի կամային հաղթահարում, առավելևս, ազատ ընտրություն:


252. Երանի, եթե արտասվում ես՝ հանդիպելով չարի. սրտիդ համար դեռ սովորական է բարին, ու վայ, թե մի օր դու էլ ուրիշին ասես այս երանին, երբ արցունքներիդ միակ պատճառ դառնա անսովոր բարին:


253. Հայերս նման ենք հումուսի` բերքառատ դարձնող՝ մշակութային, սպորտային, կրթական, գիտական, ռազմական, քաղաքական … բոլոր, բայց օտար դաշտերը` անկախ դրանց աշխարհագրական դիրքերից` հայրենիքի հանդեպ կարոտով յուրահատուկ համ տալով ստացված բերքին, իսկ ինքնին ընդամենը հոտած հումուսի զանգված, որում մակաբույծներն են բարգավաճում` ինքներս մեր դաշտը պտղաբեր դարձնել չենք կարողանում:


254. Գործողության (անգործության) մղող կամքում սուբյեկտի բաժինն այնքան է, ինչքան մնում է կոնտեքստինը հանելուց հետո, ու իրականում չկա խիզախություն այնտեղ, որտեղ սովորաբար տեսնում է հանրային ընկալումը, քանզի այն միշտ ենթադրում է սուբյեկտի կամքի գերակայություն կոնտեքստի կամքից և հակադրություն դրան: Այնուհանդերձ, հասարակության համար դրական արդյունք ապահովող «խիզախությունն է» ընդունված փառաբանել, ինքնազոհությամբ դրսևորվելու դեպքում` հերոսացնել, իսկ հակառակը` համարել մեղսագործություն ու դատապարտել, այն դեպքում, երբ հենց վերջինում է գերակշռում սուբյեկտիվ կամքն ու դրա ազատությունը, հետևաբար` արտահայտվում խիզախությունը:

Ու, առհասարակ, այն ամենում, ինչ փառաբանում է ամբոխը, հնարավոր չէ գտնել անհատի երջանկությանը նպաստող որևէ բան:


255. Անկեղծության համար չկա ավելի նպաստավոր նախապայման, քան փոխադարձ անտարբերությունն է, հետևաբար՝ չկա դրան խոչընդոտող ավելի մեծ պատճառ, քան մտերմությունն է, ու ինչքան մեծ է հարաբերության պետքությունը, այնքան շատ է նրանում սուտն ու երեսպաշտությունը, իսկ լինել անկեղծ բացարձակ, կնշանակի` միմյանց վրա թքած ունենալ ճիշտ այդչափ: Ու սրանում ոչինչ չի փոխվում` ինքն իր հանդեպ անկեղծությունում. բացարձակին հասած մեկին անձամբ եմ ճանաչում:

...

Եթե միշտ մռայլ է քո ներկայությամբ, նշանակում է՝ այլ տեղում ուրախություն ունի թաքցրած, իսկ եթե միշտ ուրախ է, նշանակում է՝ իր տխրության համար բավականաչափ չի վստահում քեզ, ու միայն այն դեպքում, երբ դժվարանում ես կանխատեսել, թե ինչպիսին կլինի հաջորդ ակնթարթում, նշանակում է՝ քո ներկայությամբ այն է, ինչ ինքն իր հետ:


256. Բոլոր մտերիմ հարաբերությունները կարելի է միավորել «Ստի շուրջ հաշտություն» վերնագրով բաժնում` որպես տեսակ պայմանագրի և դասակարգել ենթաբաժինների` ըստ պայմանագրի կողմերի, առարկայի, ժամկետի …

Իսկ արդյոք երբեք չի՞ լինում միայն անկեղծությամբ մտերմություն` չեմ հավատում, որ հույսս չկորցնեմ, ու վերջինս նաև միտք է, որն ինքնուրույն գոյության արդարացված իրավունք ունի` չեմ հավատում, որ հույսս չկորցնեմ:


257. Իմաստասիրության արդյունքում արտահայտած մտքերիս համար ինձ ուղղված և երբևէ ասվելիք շնորհակալություններն ու գովեստի խոսքերն իրականում պատկանում են նրանց, հանուն ում չեմ օգտվել վաղաժամ չլինելու իմ իրավունքից, նրանց, ում շնորհիվ մնալս դարձել է տանելի, և միայն ինձ են պատկանելու մեղադրանքներն ու պարսավանքի խոսքերը, քանզի նրանք մեղավոր չեն` պարզապես ինձ սիրել են, իսկ ես գուցե մեղավոր եմ, որ իմաստնության հանդեպ սերն ունեցել եմ, կամ, գուցե, դրանով պատժվել եմ, որովհետև մեղավոր եմ, ու ամբողջն այս նման երևույթի, երբ աշխատանքը մասն է դատապարտյալի պատժի:

...

Մեծապես հուսախաբ արեցի նրան(ց), ով համարեց, որ այլևս ճանաչում է ինձ և որոշեց պահել ճանաչածը, քանզի կարճ ժամանակ անց պարզեց, որ պահածը դի է՝ վրան՝ վերև ուղղված ոտնահետքս: Ու թեպետ գանձերի էլ չի արժանանում նա (նրանք), ով շարունակում է հետս բարձրանալ, բայց միակն է, ում ոտնահետքը կարող եմ կրել ինձ վրա՝ իր բարձրանալու համար:


258. Քանի որ մենակ մնալն արդեն ինքնաբերաբար է ակտիվացնում առանց այն էլ չդադարող ինքնաճանաչումս, ինչն ինքնին ինքնաարարում է, ուստի, լքելուց անգամ րոպեներ անց վերադառնալով, կարելի է հայտնաբերել ՆՈՐ ԻՆՁ: Սրա հետ մեկտեղ հաշվի առնելով բնույթս, ստացվում է՝ մշտապես ինձ հետ են նրանք, ովքեր, սիրելու հետ միաժամանակ, ունեն հանդուրժելու աստվածային համբերություն և/կամ ճանաչողության վավաշոտություն:

Ու, առհասարակ, յուրաքանչյուր հեռացողից հետո մենակ եմ մնում, եթե անգամ միևնույն ժամանակ հազարներն են գրկում:


259. Սովորաբար խուսափում եմ արդարանալուց, բայց դրանից հատկապես զերծ եմ մնում, երբ մեղադրանքն անհիմն է, որ մեղադրողն իր խղճի հետ հաշտություն չգտնի, իսկ եթե նա խիղճ չունի, ապա, առավել ևս, պատժված է ինքնին:


260. Ձորը բաժանարար է, քանի դեռ տենչում ենք իրար և փորձում՝ անցնել, բայց չենք կարողանում, իսկ երբ էլ չենք փորձում, բայց շարունակում ենք տենչալ, այն վերածվում է միավորող կապի, որի անառիկությամբ սկսում ենք հիանալ, ու այդ պահից այն ավելի գեղատեսիլ է դարձնում բնությունը, որը կոչվում է «Ես ու դու», «Մենք»:


261. Միջակայքում, որում կարող ես պտտել գլուխդ, տեսնում ես չնչին մասն ամբողջի, որը կոչվում է ԳՈՅՈՒԹՅՈՒՆ, ու սա գիտակցելու պահից՝ ապրելու հաջորդող տարիներում վերածվում ես իմաստը գտնելու տենչի և լինելու ձանձրույթի համաձուլվածքից կազմված, թարթող կոպերով արձանի:

Ու երանի նրան, ով սա չի հասկանա երբեք կամ, գոնե, կհասկանա վերջից ակնթարթ առաջ:


262. Ոչինչ այնքան պարզորոշ չի արտահայտում այն, ինչը խաղաղ պայմաններում խլացվում է մարդկային համակեցության մեջ, որքան ճակատամարտից հետո մարտադաշտից լսվող ձայները:


263. Տեղանքում աղմուկը, որն առաջանում է մարդու ոտք դնելուց հետո, վերանում է միայն աղետով, ու յուրահատուկ նրբերանգ կա վերականգնվող անդորրում` հիմա արև է անում հորդառատ անձրևից հետո, և չկա ապրելու ավելի լավ նախապայման, քան …, բայց … ու կրկին աղմուկ …


264. Սերդ անպատասխա՞ն է մնացել` հավանաբար ինչ որ այլ բանի հետ ես շփոթել, քանզի միակողմանի սեր չի լինում ու դրա իդեալականության գաղափարը համարվում է հիմարություն. իրական սերը միշտ փոխադարձություն է ծնում, ու կա՛ն մարդիկ, որոնց սերը երբեք չի մերժվում` նրանք սիրում են և ոչ` նմանակում: Այլ բան է, որ նրանց աստվածացնում են կամ նեռ համարում. թեպետ, մեկը մյուսին ոչ միայն չի բացառում, այլև՝ գոյությունն է պայմանավորում:


265. Ես ցնծում, մանկան լրջությամբ խաղում և նրա թեթևությամբ թռչկոտում եմ այնտեղ, որտեղ ինքնասպանվում են ուրիշները. լայն բացված ձեռքերով պտտվում եմ նրանց շարքերում և յուրաքանչյուրին քնքշությամբ հպվում` հրաժեշտ եմ տալիս և օրհնում, իսկ հարություն առած եզակիներին գրկում` մենակությունից հոգնածությունս թոթափում:

Եվ ճիշտ հակառակը` հակառակում. ինքնասպանվում եմ այնտեղ, որտեղ ուրիշները ցավում, հասուն մարդու անլրջությամբ ապրում և նրա ծանրությամբ քայլում են, ու հարություն չեմ առնում:


266. Հաճախորդը բեռն ուսին մտնում է հոգեբանի մոտ`

Եթե դուրս է գալիս կրկին բեռն ուսին, նշանակում է` հոգեբանը «տեղում չէ»,

Եթե դուրս է գալիս առանց բեռի, նշանակում է` տեղում արդեն բարձվա՛ծ «ավանակն է»,

Եվ միայն այն դեպքում, երբ դուրս է գալիս բեռը ձեռքերին, նշանակում է` նա «տեղում է», բայց թե այս իմաստնության կրողն ես, քեզ չի ընդունի` քո առջև չի ցանկանա վերածվել հաճախորդի` ինչի համար գնացել էիր նրան այցի:


267. Ատելությունը հոգու համար, ինչպես վարակամերժ համակարգը` մարմնի, առանց որի, ստիպված ես ուրիշի խղճահարություն հակաբիոտիկով պայքարել վարակաբեր մանրէների դեմ` որպիսիք, հաճախ, ներթափանցում են սիրելուդ հետ՝ միաժամանակ սպանելով կենսունակությանդ անհրաժեշտ այն բջիջներին, որոնցից կազմված է հպարտությունդ:

Բայց և ատելության չափից ավելն էլ կարող է, ընդհանրապես, արգելել սիրո` որպես անհրաժեշտ վիտամինների մուտքը, ինչից խուսափելու համար պետք է պահպանել հավասարակշռությունը` պարզապես առաջնորդվելով «վայրի» զգացողությամբ:


268. Զենքերը, որոնք հնարավորություն են տալիս սպանել առանց անմիջական շփման, միաժամանակ հեշտացնում են այնպիսի խոչընդոտի հաղթահարումը, ինչպիսին խիղճն է, և, դրանց կատարելագործմանը զուգահեռ, զոմբիանում է զինվորը. համազգեստից դուրս է մղվում մարդը, ու էլ ավելի ճշգրիտ է իրագործվում «նոր աստվածների» կամքը:


269. Դիմադիրների՝ «հանուն սոցիալական հավասարության» սուտը հասկանալու համար բավական է տեսնել, թե ինչպես են արհամարհում նրանց, ովքեր անտարբեր են իշխանության անտարբերության դեմ իրենց պայքարին:

Ու այդ սուտն էլ լիովին արդարացված է համագոյության կարգում` որպես մարդկային թեթև առանձնահատկություն` դասակարգային կամ դրանցում իրենց տեղից դժգոհ մարդկանց միավորված պայքարում:


270. Գիշատչի գոյությունը՝ որպես զոհի շահ.

Զոհի կյանքն իմաստավորվում է գիշատչի գոյությամբ` որպես նրա անպետքության և հեշտակյացության միակ արդարացում, ինչի մշտնջենականությունն օրինաչափորեն հանգում է գոռոզության` ճարպկորեն քողարկված կեղծ համեստության տակ:


271. Նպատակի որոշիչը ոչ թե «ի՞նչ»-ն է, այլ՝ «ինչո՞ւ»-ն, որի պատասխանը միշտ հայտնի է ընթացիկում, անհայտ` ա՛յն սկզբնավերջում, որը կոչվում է ապրելու նպատակ, ու սրանում մեր տհասությունը քողարկելու, ոմն ինչի ստրուկը լինելու իրականությունից խուսափելու համար, զբաղվում ենք ինքնախաբեությամբ` դրանում մեր երևակայությունը կոչելով ազատություն:


272. Երանի նրան, ով հասակ, բայց իմաստնություն չունի` թեպետ քիչ ժամանակ, բայց ապրելու երիտասարդություն ունի, ու ոչ երանի նրան, ով իմաստնությունն առանց հասակ ունի` շատ ժամանակ, բայց ապրելու տենչ չունի: Էլ ավելի երանի, որ ամենքի իմաստնությունը թափվող ատամների հետ բերանը լքի և նոր ճաշակին նողկալի չհամարվի։

...

Իմ ու քո ճաշակի մասին, վայրի՛ բարեկամ.

Անատամներն իրենց մարսողության համար նախ՝ սկսեցին խաշել միսը, ապա՝ առաջարկեցին այլևս սնվել միայն մսաջրով, իսկ մեր ախորժակը սիրում է գրգռվել արյան հոտով:


273. Եթե ստիպված ես եղել շուտ մեծանալ, մշտապես ուղեկցում է դատարկության զգացումը, որի հագեցմանն ուղղված արարքներն արդեն կոչվում են անընդունելի աննորմալություններ, այն դեպքում, երբ երեխա ժամանակ կհամարվեին ընդունելի չարաճճիություններ:

Նրա՛նց, ում տանջում է այս ընտրանքը` հանդուգն խենթեր լինելով, հպարտությամբ կրեք այլանդակի պիտակը:


274. Չկա կենդանիների հանդեպ բռնության և անարգանքի ավելի դաժան տեսարան, քան այն, որ հանդիպում ես երևույթի, երբ ոմանք նրանց վերաբերվում են ինչպես մարդու:


275. Նրանք, հասարակական կյանքին ետ վարժվելով, այնքան են փոքրանում, որ փրկելու համար պորտալարի անհրաժեշտություն է առաջանում, ապա՝ կեսարյանով ծննդաբերություն, նոր միայն՝ քայլելու վարժեցում, բայց այս ամենն առանց կենսաբեր արգանդի, կաթնաբեր կրծքի և ապահով ձեռքի չի լինում, ու քանի որ աստվածային այս եռամիասնություն կրողները հազվադեպ են պատահում, իմաստունները, հաճախ, ինչպես աննպատակ ժայթքած սերմնաբջիջ են մահանում. ահա՛, թե ինչու մարդկությունը չի շատանում:


276. Ճգնավորի համար սոցիալական հարաբերություններն անտանելի են այնքան, ինչքան հիմարի համար ինքն իր հետ մնալը, ու, անկախ համընդունված պատկերացումից, իրականությունը ճիշտ հակառակն է հիմնավորում. հոգևորականների մեջ ճգնավորներ հազվադեպ են պատահում:


277. Ինչքան խորը բովանդակությամբ ես ընկալում ընկերությունը, այնքան շատ է երևում դրանում մարդկանց անլրջությունը, ու ես` աստվածա(սպան)-մերժս, ավելի շուտ կհավատամ վերջինիս հարությանը, քան ընկեր լինելու մարդկանց ունակությանը:


278. Ստում է, երբ չի հավատում, որ կստացվի, բայց ասում է` քո համար անկեղծ ուրախ կլինի, ու պարտադիր չէ, որ չկամ լինի` ուղղակի, լինել իրավացի հաճելի է ամենքին` ճշմարտությունից էլ ավելի:


279. Սեր անել, կամ` աստծո և անաստվածի կենակցում.

Աստվածացնել ու գամել խաչին, նեռի եռասայր աղեղով մխրճվել ու կրքով հրկիզվել. մոխրացած մեկ դառնալ` այնպես նույնացվել, որ մեկը մյուսին սիրի զգացողությամբ՝ սիրում է ինքն իրեն:


280. Հոգեբաներն ու քահանաները ծաղկում են այն պարարտ միջավայրում, որը կոչվում է զանգվածային տհասություն:

Ես իմ ուտոպիստական երազանքներում նրանց անգործ եմ պատկերացնում։


281. Երբ մակերևույթը թափանցիկ է, նրանում քեզ չես տեսնում, ճիշտ այդպես էլ հոգու համար` առանց տխրության չկա ինքնաճանաչում, ու սրանից արդյոք չի՞ հետևում, որ ինքն իրեն ձանձրալի լինելն էլ է ուրախանալու ձգտում առաջացնում:


282. Դիտարկելով՝ ըստ սպասողների տառապանքի և ոչ ըստ աղետի հետևանքի, մարդկանց փոխարեն փրկեց միայն տիկնիկը. քանզի, ի տարբերություն սեփական կորուստը ողբացողների, միայն երեխան էր վշտացել մտքից` տիկնիկն առանց իրեն ո՞նց կլինի:


283. Տգետի և իմաստունի երկար զրույցի պատճառը այն է, որ տգետը սպասում է մինչև իմաստունն իրեն հասկանալի հիմարություն դուրս տա, իմաստունն էլ` մինչև տգետն իմաստալից միտք ասի, ու միակ բանը, որ իրարից սովորում են` միմյանց հանդուրժելն է, ինչը` որպես համատեղ ձեռքբերում, նպաստում է նրանց հաշտեցմանը: Բայց նման զրույց տեղի չի ունենում` նրանք չեն կարողանում հաղթահարել իրար հանդեպ առկա և անչափ վանող ձանձրույթը։


284. Մենք հիվանդ ենք, քանի դեռ չի ցավում ու միայն ցավով ենք առողջանում, բայց թուլակամության պատճառով շտապում ենք բուժել կամ ցավազրկել և շարունակաբար հիվանդ ենք մնում: Իսկ երանելի հանգստությանը, որը կարծում ենք՝ լոկ խռովության բացակայությունն է, միայն այն վերապրելով է հնարավոր հասնել:

Մարդկությունն իր տեսակով՝ բնության մեջ միակ հավաքական ամբողջությունն է, որում հիվանդների թիվը գերակշռում է առողջներից:


285. Երբեմն, հարաբերությունում ոչինչ այնքան չի նպաստում մտերմությանը, ինչքան կողմի հանդեպ գործած այն սխալը, որը ստիպված ես նրանից գաղտնի պահել և մեղքի զգացումից ինքնաամոքվել:


286. Ինքնասպանությունը մարդու մեծագույն և, գուցե, միակ առանձնահատկությունն է գոյության մեջ` որպես ունակություն ընդդիմանալու բարձրագույն իշխանությանը, ինչին ընդունակ չէ մեզ հայտնի որևէ այլ էակ և\կամ էություն, ու նա, ով առաջինն ինքնասպան լինելով արեց այս բացահայտումը, պետք է հռչակվի մարդանալու նահապետ:


287. Հայելու առջև է, թե՝ բեմին, փորձ է, թե՝ բեմադրություն, դերասանը խաղում է հանդիսատեսի ներկայությամբ, բայց իր համար. առանց որի, թքած ունի անգամ ամենամեծ փառքը բերած կերպարի վրա, ու ոչ միայն նա` ամենքն էլ ունեն իրենց հանդիսատեսը, երբ ոչ` իրենք են իրենց համար դառնում այդպիսին: Իսկ «աննորմալը», ով հասնում է հանդիսատեսից ձերբազատվելու իմաստնությանը, վերածվում է էակի, որն իրեն զգում է՝ որպես դիտանցքից հետևող էության` ով/ինչ լինելու անհայտությամբ:


288. Մարդուն՝ ըստ իր արարքների ճանաչելու համար պետք է հիմք ընդունել այնպիսիք, որոնք նա անում է առանց վկաների, իսկ այդպիսիք իմանալ հնարավոր չէ` վկաները միշտ են ներկա` մտքում և/կամ ֆիզիկապես, իսկ թե ամեն դեպքում հնարավոր է, ապա կտեսնես նմանիդ կամ կհանդիպես անպատասխան հարցի` ո՞վ/ի՞նչ է նա, ում վկաների մասին է լոկ հայտնի` այն էլ միայն, որ չեն պատկանում մարդկային ցեղին:


289. Բացառիկ է հարաբերությունը, որում կարող ես անել այն, ինչը չես կարող հասարակության առջև/ մեջ, իսկ ինչը չես կարող հասարակության, կարող ես` բնության մեջ, երբ ՎԱՅՐԻ ես: Բայց այդ հարաբերությունն էլ ունի մի բայց. քողարկում ես այն, ինչը չէիր անի նրա ներկայությամբ, ու այդ բայցը շղթան է, որով ՎԱՅՐԻՆ կապվում է բնության մեջ:


290. Սեր՝ առ իմաստնություն.

Սկզբից թվում է` կարող ես գնալ, կանգ առնել և վերադառնալ, երբ կամենաս, հետո սկսում ես զգալ, որ նա է քեզ տանում և քաղաքավարության որևէ կանոնի չի ենթարկվում` քունդ էլ է ընդհատում ու թափառել ստիպում, իսկ երբ փորձում ես ընդդիմանալ` քարշ տալով է տանում և կանգ չի առնում. նախ մաշում են ոտնամաններդ, ապա` գուլպաներդ, հետո ոտքերդ` մինչև հասնի ու վնասի կենսական օրգաններդ. արնաքամ էլ լինես, միևնույն է` քարշ է տալու ու մինչև վերջին շունչդ կանգ չի առնելու:


291. Ծուլությունը, երբեմն, հանճարեղության, հաճախ` այդպիսին լինելու ինքնակոչության հետևանք է, իսկ աշխատասիրությունը տաղանդ է` անտաղանդության ֆոնին և ամենաշատ հանդիպողը` որպես այդպիսին:


292. Ստեղծագործությունն ընթերցելու համար դառնում է անտանելի ձանձրալի, երբ դրանում նկատում եմ, թե ինչքան է շտապել խոսել հեղինակը, ու ավելի շատ հանդիպում եմ գրողների, քան` մտածողների, որոնց խոսքում, ընթերցողի խորհելուն թողած, լռություն կա: Բայց այդ լռությունը լցնողներն էլ հաճախ չեն հանդիպում, քանզի` քան խորհելը, ընթերցողները շտապում են ավարտին հասցնել էջերը` ճշմարտություն փնտրելու փոխարեն` նախընտրելով ճշմարտանման, էլ ավելի` համակամ պատասխանները:

...

Լռության մեջ եփված միտքն եմ սիրում գրկել, ինչպես կնոջ՝ կրքով շիկացած մարմինը:

...

Այլոց մտքերը համակրելու մասին.

Որքան հաճախ են հանդիպում մարդիկ, ովքեր ծնողների ժպիտին արժանանալու համար են նրանց երեխաներին մեծարում, և որքան հազվադեպ են իսկական մանկասերները, ովքեր որբերին էլ ծնողաբար են ժպտում:

Իմ մտքերը որբ են (որբացնում եմ) …


293. Դո՛ւ, իմաստասեր, որ մարդկանց ավետում ես ՍԻՐԵԼՈՒ, ՃԱՆԱՉԵԼՈՒ, …, ՄԱՐԴ մնալու իրենց իրավունքի մասին, արժանի ես աստվածաշնչյան օձի պիտակին, իսկ իրավունքի հետևորդ անհատականությունները` մեղսագործի ճակատագրին, ու հպարտությամբ պետք է կրեք ձեզ տրված տառապանքը` որպես միակ ճշմարիտ ուղի` արժանի ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ազնվականներին:


294. Կրթարաններում ուսանելու իմաստը նրանում է, որ հասկանաս դրանց անիմաստությունը, ու հենց այս կարևոր հասկանալիքն է իմաստավորում դրանց պետքությունը, անպայմանությունը:

...

Անշուշտ, երազանք է այն ցանկությունը, որն իրականանալ չի կարող (գոնե մոտ ապագայում), և, ըստ այդմ, ցանկություններից մեկը, որի մասին ժամանակին այդչափ երազելս համարում եմ հիմարություն, բարձրագույն կրթությունն է՝ անկախ նրանից, որ այն իրականություն դարձավ ստամոքսի խոցի գնով:

Կրթարաններում ուսանելը ճանաչողության հետ ունի այնքան առնչություն, որքան գդալ բռնելու ունակությունը՝ որսորդության, այսինքն՝ ոչ մի առնչություն:


295. Փողոցային երաժիշտ, թե` նվագող մուրացկան.

Երբ նրա նվագը լսելով ենք փող տալիս, նա երաժիշտ է, երբ առանց` մուրացկան, և, ըստ այդմ, նա ավելի շատ մուրացկան է, քան` երաժիշտ, ու սա բնավ նրա մասին չէ, այլ` մեր, այն մասին, թե ինչպիսին ենք ուզում տեսնել մեզ հանդիպող մարդկանց, հետևաբար՝ նաև ինքներս մեզ։

Ինչ վերաբերվում է մուրացկաններին, ապա ժամանակի ընթացքում նրանց նկատմամբ իմ մեջ մնաց միայն մեկ զգացում` հպարտության այդչափ հաղթահարման հանդեպ զարմանք, գուցե նաև նախանձ, քանզի դրանում ինքս կարողացել եմ հասնել միայն այս խոստովանությանը:


296. Մոլորյալ գայլը զղջաց կենսակերպի փոփոխության համար, երբ պարզվեց, որ ոչխարների դրախտ մտնել հնարավոր է միայն ու ընդամենը մկկալով, ինչը չէր սովորել, իսկ գայլերի դրախտ չընդունեցին` կանաչած ատամների պատճառով:


297. Տկարները, հաշմանդամները, … անհրաժեշտ են հասարակությանը, ու, այո, նրանց արտոնությունները երբեմն պետք է գերազանցեն մնացածի իրավունքները, բայց նրանց հանդեպ անխղճությունից (հարգանքից) դրդված պետք է անկեղծ ասել` մարդասիրությունը բնավ առաջին տեղում չէ, դա նախ հատուցումն է առողջ լինելու զգացողության` որպիսին այլոք ստանում են նրանց գոյությամբ:


298. Առավել տարածված է ոչ թե կատարելագործվելով զորանալը, այլ` ուրիշի թուլանալուն հարաբերվելով, և հաճախ ավելի հեշտ է հանդիպել տխրություն կիսելու պատրաստակամ մարդկանց, քան` ուրախություն, քանզի վերջինս չափազանց ծանր բեռ է նրանց ինքնազգացողությանը, ու երբ հանկարծ արժանանում ես շատերի ուշադրությանը, թող քեզ տանջի կասկածը` մեղր ես, թե՝ նրանք են ճանճեր:


299. Առողջ մարդուն գցում ես գժերի մոտ՝ սրանք էլ նրան են մեկուսացնում որպես գժի` ճիշտ այնպես, ինչպես մեկուսացրել են իրենց, ու սա բաժանում է՝ ոչ ըստ առողջության և/կամ խելոքության, այլ՝ ըստ նմանների քանակության, և իրականում հենց սա է հանդիսանում մարդկանց տարբերակման մեկ պայման:


300. Արվեստը, բացառապես, անհատականության, հետևաբար՝ միակ լեզուն է, որով իրար կարող են հասկանալ, հետևաբար՝ լինել հաշտ մարդիկ` բաժանվող տարածքային, ազգային, լեզվական, ցեղային, դասային, տոհմային, կրոնական …, անգամ ըստ բակային տարբերության, որին հաջորդող մրցակցությունը, անխուսափելիորեն, հանգում է անհաշտության: Ուստի, աշխարհի զինաթափման մեկ միջոցը և առաջընթացի ուղին, որն արդարև կարելի է համարել մարդկության զարգացում, մինչ այս գոյություն չունեցած համամարդկային` գերմարդկային արվեստի հայտնագործումն է, որը պիտի կոչվի միակ ճշմարիտ հավատք, արարողը՝ միակ իսկական աստված:

Ու այդ անհայտի մասին գիտեմ միայն այն, որ ամենքի հոգին կլանելու, ձուլելու, միավորելու համար լինելու է անչափ այլանդակ և այդչափ էլ՝ սքանչելի։ Թեպետ, այս երկու հատկանիշներն, առհասարակ, մարմնացումն են ցանկացած արվեստի, բայց գոյություն ունեցողներում միշտ չափից ավել կամ պակաս է մեկը կամ մյուսը։


301. Սնափառությունը թևերն են, խիղճը` ձգողականության ուժը, որից պարզ է հետևությունը, թե մեկն առանց մյուսի թռչունին ուր կտանի. ուստի, եթե որոշել ես հրաժարվել սնափառությունից, պետք է նաև խղճից հրաժարվես` այդ պահից դառնալով իրականության շուրջ պտտվող արբանյակ:

...

Երբ մեջքով նայում ես ուղիղ աչքերի մեջ.

Երբեմն, այնքան չի կանչում այն, ինչ առջևում է, որքան վանում է այն, ինչ թիկունքում է, քանզի ուրիշ(ներ)ի համոզմունքը՝ իբր չես տեսնում ոչինչ, թույլ է տալիս իմանալ ավելին, քան երևում է դիմացից՝ ավելին, որի իմանալն անպետք է դարձնում լինելին:


302. Այն, ինչ ապրում ենք ներկայում, անցյալի հետևանքն է, իսկ թե ինչպես ենք ապրում այդ ներկան, պայմանավորված է ապագայի պատկերացումից: Երբ ունենք լավ սպասումներ, ներկան ապրում ենք դրական հույզերով, իսկ վատի դեպքում` բացասական, այսպես, նաև, երբ չունենք որոշակիություն սպասումներում` կրելով անհանգստություն:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ ապագայի կանխատեսումը երաշխավորված փաստ չէ, թվում է հնարավոր, լոկ մտովի փոխելով սպասումներն ու պատկերացումները, ազդել ներկան ապրելու որպիսության վրա` ձգտելով դրականին: Բայց սա եզրակացություն է` տեսականորեն հնարավոր, գործնականում՝ նույնչափ անհնար, քանզի թեպետ չկա ապագայի հաստատուն որոշում, բայց կա ներկայով պատճառաբանվող կանխասպասում` որոշակիություն, որից համապատասխան հույզերն են ածանցվում:

Հետևաբար՝ չի կարող լինել ապագայի սպասումից անկախ ներկայի ապրում: Եթե անգամ այսօրը վերջինն է համարվում, վաղվա չլինելը ևս ստեղծում է համապատասխան պատկերացում` ոչ դրական սպասում` այսօրվա բացասական ապրում (բացառությամբ, երբ մահ ես տենչում):

...

Նրան, ով ասում է՝ միշտ պահով է ապրում, հարցրու՝ ինչպես է մինչ օրս ողջ մնացել, ու թե պատասխանի, որ երբեք մեռնելու ցանկություն չի ունեցել, արժե լռել. նա չի էլ ապրել:

Իսկ մշտապես պահով ապրելը, անշուշտ, երանելի կլիներ՝ թեկուզ, որ կարճ ժամանակ անց պիտի անցյալով և ուրիշի շուրթերով հիշվեր:


303. Դիտարկելով մարդկանց ապրումները, դրանց վերաբերյալ պատկերացումներն ու ցանկությունները, հարց է առաջանում` ի՞նչ է, նրանք իսկապես կարծում են մարդն էությամբ երջանի՞կ էակ է:

Թերևս, պատկերը լրիվ այլ կլիներ, եթե մարդն առաջին ճիչն արձակելու պատճառը հիշողության մեջ կրեր:


304. Երբ մահն անխուսափելի է, ցավազրկումը սնուցում է վերջի հանդեպ վախը, ցավի ուժգնացումը` նպաստում դրա հաղթահարմանը (ընդհուպ մահանալու ցանկության առաջացմանը):

Ուստի, հաշվի առնելով որն է ավելի անտանելի, առաջարկում եմ չցավազրկել:


305. Իմ մասին ուրիշների արտահայտած կարծիքները, նաև մեղադրանքները, կարելի է ամբողջացնել մեկ բառում` հոռետես, ինչին չեմ առարկում, բայց մի փոքրիկ շտկում. անջատում եմ արհեստական լուսավորությունը, որ ամեն ոք նկատի, ապա` ճիշտ արժեքավորի իր ճրագի պայծառությունը: Իսկ ես, լինելով խավարում, պաշտում եմ արևը, որի միայն գոյությունը, ինչի մասին հաճախ լուսնից եմ իմանում, եթե չարաճճի ամպերը չեն խանգարում, երջանկացնում է ինձ, և տենչում եմ երբևէ նրան գրկել ու շողերի մեջ անէանալ՝ վերջապես խաղաղվել։

...

Այո, ես հոռետես եմ՝ դիահերձարանից եմ սկսում փնտրել, ու չեմ սիրում արևին մեջքով կանգնել՝ սեփական շողքի երկարացմամբ ոգեշնչվել, իսկ տեսողությունս, իհարկե, դեռ պետք է կատարելագործել՝ պետք է մարմինը մարսած որդի կեղտից սկսել …


306. Մեկը պետք է կարգ սահմանի, մյուսը` որոշի, երրորդն էլ՝ իրականացնի. սա է արդար` ասացին, բայց կարևորի մասին լռեցին` այսպես հեշտ է խուսափել խղճից. մեկը կասի իրականացնողը ես չեմ, մյուսը` ես չեմ կարգ սահմանել, երրորդն էլ` ես չեմ որոշել:


307. Անհավատին տանջում է կասկածը` բայց կարո՞ղ է գոյություն ունի, հավատացյալին` իսկ եթե գոյություն չո՞ւնի, ու, ի տարբերություն վերջինի, առաջինն այդ վախը թմրեցնելու հնարավորություն ունի, քանզի ես-ի համար հիմարացվելը մեղավոր լինելուց անտանելի է, հետևաբար՝ ոչ նախընտրելի:


308. Անկախության մեկ նպատակը բարեկեցությունն է, առանց որի, լոկ հայրենասիրությունը ժողովուրդներին վերածում է սեփական դրոշի ներքո միավորված թշվառ ամբողջության:

...

Ինչպես երկար քաղցած մնալուց է բերանից տհաճ հոտ փչում, այդպես էլ աղքատ հասարակության մեջ՝ լավն էլ անդուր է դառնում:


309. Դեմոկրատիա.

Ժողովուրդների կառավարման մեջ «սատանան» ստացավ անսահմանափակ իշխանություն, երբ ամբոխը դարձ(ավ)րեց քաղաքականության մեկ գործոն։


310. Պետություն.

Մարդու ստեղծած, մարդկանցից կազմված հրեշ, որի ուտեստը էլի մարդիկ են՝ առանց նշանակության՝ ժամանակավոր գլուխ, վերջույթ, թե՝ ամորձի են …:

...

Օրինականացրեք բոլոր բարքերը և կստանաք երբևէ գոյություն ունեցած ամենաանճոռնի պետությունը՝ որպես ճշգրիտ արտացոլանք հասարակական համակեցության:


311. Նեղացկոտություն.

Արարքիդ համար անգամ ինքդ քեզ կամրջից նետես, գլխիդ կրակես, կախաղան բարձրանաս,… միևնույն է` չի գոհանա, քանզի նեղանալը նրա համար պասիվ գործողությամբ հարձակում է, որի միակ ցանկալի արդյունքը ներողությունն է, ոչ արդարությունը, ու սա՛ էլ է նենգություն` բնորոշ նեղացկոտին, ում հարվածից կա մի պաշտպանություն` անտարբերություն:

Ու, առհասարակ, միշտ գերադասելի է ակտիվ գործողությամբ պատասխանը, քան՝ նեղանալով հակահարվածը` թեկուզ հանուն արդարության, քանզի ներողությունն էլ արժեք է շատ ավելի թանկ, քան այն, ինչը կարող ես կորցնել կամրջից նետվելով, գլխիդ կրակելով, կախաղան բարձրանալով,… հետևաբար՝ այդ զիջմանն արժանի են բացառիկ մարդիկ` բացառիկ դեպքերում:


312. Պատասխանելու համար` բարեկամ են, թե` թշնամի, նախ անհրաժեշտ է պարզել` գիշատիչ են, թե` զոհ, ու վերջիններն, ի տարբերություն առաջինների, չեն բարեկամանում անգամ, երբ նույն հոտին են պատկանում՝ ամենքն այստեղ է քողարկված ցանկությունով. «կյանքս երկարի ուրիշ(ներ)ի՛ հոշոտումով»:


313. Ուրիշներին հավատալու համար պետք է լսելիս փակես աչքերդ, և բացես, եթե նախընտրում ես առաջնորդվել սեփական համոզմունքով, ու սրանում չունի նշանակություն հավատալիքի հիմնավորվածությունը, քանզի այս դեպքում այն վերածվում է գիտելիքի` որպես միանշանակ վերաբերմունքի ենթակա փաստի` զերծ հավատ-կասկածից:

Ուստի, քանզի ստացվում է, որ հավատն ու կասկածը միայն սուբյեկտիվ վերաբերմունք են, ապա` նախընտրում եմ հարաբերվել միջավայրին դրանցից անդին: Ոմանք կհարցնեն` արդյո՞ք դա չի կոչվում անտարբերություն, առանց առարկելու կպատասխանեմ` դիմացինին տալիս եմ դրսևորվելու ազատություն ու, փաստորեն, հիմարացնելու ոչ մի հնարավորություն:

...

Ինքնավստահությամբ լրացնել ուրիշ(ներ)ի հանդեպ վստահության պակասը, ինչը կոչվում է հպարտ մենություն, ու արյունը թանձրանում է սրտում, իսկ հակառակ դեպքում՝ նոսրանում այնքան, որ անգամ քերծվածքը չի սպիանում:

Կասկած-հավատից անդին. կա՛ ընտրություն…


314. Զգայական ճանաչողություն` ճանաչողության միակ միջոց.

Քանի դեռ ձեռքդ չի այրել, չես կարող համոզվել, որ հենց կրակ ես տեսել` սա որպես օրինակ զգայական ճանաչողության և ճանաչողության` առհասարակ, ու, միաժամանակ, պատասխանը հարցի, թե ինչու են մարդիկ գերադասում տեսած-լսածով առաջնորդվել: Անշուշտ, արդարացված է` այլ կերպ դժվար է, բայց և պետք չէ իմանալը ճանաչելու հետ շփոթել, հասկանալը` ընկալումի, և, վերջապես, գիտենալ է պետք` հասարակության մեջ լինելու չափորոշիչներն անհատականությանը վերաբերվելու համար համարվում են անպետք:

...

Մտածելու ունակությունը հենց այնպես չի տրվել կամ ձեռք բերվել, ու միայն մկանների աշխատանքը հեշտացնելու համար չի տրվել, «գործն է անմահ, լա՛վ իմացեք»-ն էլ, ընդամենը, մարդկանց հիշողության ու միայն ա՛յս իրականության մեջ ունի իմաստ լինել, իսկ այս իրականությունը ինչքան իմաստալից, այնքան էլ անիմաստ ենք դարձրել. կարծես, երբ սկսել ենք խոսել կամ ստիպել են խոսել ու միտումնավոր են անդին իրականությունից մոլորեցրել կամ՝ ինքներս ենք մոլորվել:

Բայց և կան ակնարկներ, որոնցով հնարավոր է կողմնորոշվել՝ միայն, եթե ուշ չէ զգայական մտածողությունն արթնացնել …


315. Կյանքի բովանդակություն.

Իրար հաջորդող իրադարձություններ, որոնք առանձին-առանձին ապրելու իմաստ չեն, ճիշտ հակառակը` անիմաստ են այնքան, որ շտապում ես անցնել հաջորդին, ապա` մյուսին …:

Նորի գրավչությունն արագ վերափոխվում է հնի ձանձրույթի, նպատակային սլացքը` աննպատակ փախուստի, ինչն էլ, վերջին հաշվով, կազմում է կյանքիդ բովանդակությունը:

Ու/բայց, երբեմն այնքան ես հոգնում իրադարձություններն իրար կապող, շարունակական այդ աննպատակ անցումներից, որ, ընդամենը, ուզում ես մի անկյունում կծկվել և, միջավայրի ննջեցնող աղմուկի ներքո, մինչև վերջին անցումը քուն մտնել:

...

Վերաիմաստավորում իրողությունների, որոնք չես նկատել, թե ինչպես են անցել կողքովդ, իսկ հիմա անհասանելի հեռու են՝ դրանցից կառչելու համար, ու սա կոչվում է հասկանալ կյանքը:


316. Կանացի տրամաբանություն (հումորով, բայց ոչ անլուրջ).

Սիրել գիտես, նշանակում է` փորձ ունես, հետևաբար առաջինը չեմ, ուստի, չի բացառվում, որ հերթականն եմ՝ դու այլանդակ ես: Միայն անպետք բանն է անձեռնմխելի:


317. Կնոջ մարմինը վկայությունն է փաստի, որ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ արվեստի մեծագույն վարպետ է, հոգին` հանճարեղ լիրիկ, տրամաբանությունը` կրքոտ զվարճասեր:


318. Ինքնավստահությունդ վերաճում է գոռոզության, քանի դեռ իշխում ես միջավայրի համոզմունքի հետ կոնֆլիկտում, ու/բայց անխուսափելի է դառնում այն վերջը, որ սպանվելու ես ուրիշի ձեռքով` ամբողջ կուտակածդ նրան զիջելով, կամ կորցնում ես ինքնավստահությունդ` վերածվելով ստրուկի ու այլևս ոչ ոք քեզ չի սպառնում, ուստի և չես էլ կորցնում, բայց որովհետև արդեն դիակ ես` ինչը ոչինչ ունենալ չի կարող:

Լինել միակը, ով կհասնի բարձրագույնին` որպես առաջին ստրկատեր կամ վերջին ստրուկ, սպանվել բոլորի ձեռքով կամ սիրել բոլորին, ու չլինել ամենքի նման` ստրուկ-ստրկատեր միաժամանակյա միջակ գոյությամբ, կամ ընտրել լինելիությունն իրականությանը զուգահեռ` ինքնավստահ հպարտությամբ ինքնասպանվել ու/բայց չկորցնել:


319. Ինքնաբավության կորուստը սկիզբ է առնում սեռային պատկանելիության գիտակցման պահից, ու այդ զգացողությունը, անկախ երևակայության ջանքերից, ամբողջությամբ չի լքում մեզ, քանի դեռ ապրում ենք` հաճախ վերաճելով թերարժեքության բարդույթի, իսկ լավագույն թմրեցումը շարունակում է մնալ սերը:


320. Ինքներս մեզ.

Հաճախ, ԱՅՆ, ինչ ձեռք ենք բերում նեղության, կորցնում ենք բարեկեցության մեջ, երբ առաջինում գտնվելու ժամանակ չենք պատրաստվում երկրորդն ընդունել: Եվ հազվադեպ պատահում է նաև` նեղության մեջ գտնելով, այլևս խուսափում ենք ընդունել բարեկեցությունը` ԱՅՆ չկորցնելու մտավախությամբ:


321. Երբեմն, թվում է` երկխոսությունը մենախոսությունն է ուրիշ(ներ)ի ներկայությամբ. երբեմն` մասնակցությամբ, հաճախ` վկայությամբ:

Ու հաճախ էլ թվում է` «երբեմն թվում է»-ն սրանում ավելորդ է:


322. Մտածում ես` ինչու են ընդգծում «անկեղծ եմ ասում» բառակցությունը ու դրան հաջորդող ամբողջ միտքը կասկածելի է թվում:


323. Ծնողները հենց մեզ չեն ցանկացել ունենալ՝ օբյեկտիվորեն չէին էլ կարող. նրանք պարզապես ցանկացել են երեխա, ու այդ ցանկությունը բավարարվել է մեր ծնվելով. ուստի, նրանց հանդեպ պարտականությունները բացառապես մեր ազատ ընտրությունն է և չի կարող պարտադրվել, իսկ նրանց պարտականությունները մեր հանդեպ դադարում են, երբ գիտակցում ենք նրանց տված կյանքից հրաժարվելու հնարավորությունը, բայց շարունակում ենք ապրել, ու նրանք ազատվում են պատասխան-պատասխանատվությունից հարցի, թե ինչու մեզ ծնեցին։


324. Կանացի հագուստների մեջ առանձնահատուկ է հարսի զգեստը` որպես բովանդակում սահմանագծի` աղջնակի գեղեցիկ հեքիաթի ավարտի և կնոջ այլանդակ իրականության մեկնարկի:


325. Ուսուցչուհիս, երբեմն (հաճախ), ինձ կոչում էր «ցինիկ», ու թեպետ այնժամ էլ ընդունում էի ժպիտով, բայց միայն տարիներ անց լիարժեք հասկացա, որ այդ կերպ նա գաղտնաբանում էր ինձ ուղղված իր սիրո մասին:

Փոխադարձ սիրո, գուցե:


326. Բանականություն ...

Զգացմունք, հույզ, միտք, նաև բոլոր հատկանիշները մարդուն վերագրվող, ի հայտ են գալիս դիմակ(ներ)ի հետ, որը ստեղծում, ապա՝ կրում ենք հարկադրված և/կամ սեփական կամոք, իսկ երբ հանում ենք (եթե ու երբևէ), թվարկած/չթվարկած ամեն ինչ չքանում է, ու այն, ինչ մնում է, հենց այն մշտնջենականն է, որը չի ծնվել ու չի մահանալու. առաջինով՝ բանտարկվել, երկրորդով ազատականանալու է: Ինչքան հավատում եմ սրան, այնքան ինքնակամ, բայց և անգիտակցաբար ազատվում եմ վանդակաճաղերից` յուրաքանչյուր ճաղի հետ կորցնելով մարդկության հետ/մեջ ապրելու ունակությունս, քանզի անհետանում է այն ամենը, ինչով հնարավոր է լինել տեսանելի, շոշափելի, զգալի, ու դառնում եմ անընդունելի` որպես անորոշ գոյ կամ, գուցե, անհասկանալի, իսկ հավատն այդ աստիճանաբար վերածվում է փաստի, որից չես փախչի, չես էլ ուզի:

Եվ սրանում, գուցե, նաև պատասխանն է հարցերի հարցի` արարչի, պայթյունի, … սկզբի. բանականություն առանց բան ու բառի. նույնն է, թե մտածողություն՝ առանց մտքի, զգացում՝ առանց զգացմունքի, հաղորդակցում՝ առանց խոսքի …, և անընկալելի ճիշտ այնպես, ինչպես անսահմանությունը տիեզերքի:


327. Եթե լինեի բռնակալի խորհրդատու.

Պետք չէ ձգտել վերջնականապես կոտրել ժողովրդի ըմբոստանալու ոգին, այլ՝ պետք է նպաստել դրա գոյությանը` երբեմն միտումնավոր զիջելով զանգվածային դժգոհությունների առջև, քանզի այն մի օր կարող է փրկել պարտադրանքից, որից ինքնակամ հրաժարվել չես կարողանում:

Ժողովրդական ըմբոստության պոտենցիալը պետք է պահել` որպես, գոնե, արժանապատիվ ինքնասպանվելու համար նախատեսված վերջին փամփուշտ:


328. Երբ առիթը տառապանքն է.

Կյանքն ինքնին երջանկություն չէ` երջանկանալու անսահման առիթների ամբողջություն է, ու սրանում իմ ամենասիրելի օրինակը սեր անելն է` տառապանք, որից սովորել ենք հաճույք ստանալ:

...

Ջուրն է կյանքը, բայց համ տվողը՝ աղը, որն ինքնին թույն է:


329. Հարցերի ծարավ.

Սովորաբար, մարդկանց ոչ ոք այնքան չի վանում, ինչքան նրանք, ովքեր հարցեր են առաջացնում ու ստիպում կասկածել: Առավելապես գնում են բռնակալների հետևից, ովքեր տալիս են պատասխաններ ու որքան էլ զարմանալի թվա, անգամ սիրում են նրանց` փոխարենը ստանալով ապահովության զգացում, ու բնավ կարևոր չէ, թե ճաղերի մեջ իրենց (սրանք էլ միմյանց) ոնց են վերաբերվում, հաճախ, իրար մտրակելու ծիսակարգով են ապրում, որը սահմանող կանոններ և դրանց կիրառումն ապահովող իշխանություններ են ստեղծում:

Իսկ նրանք, ովքեր կասկած են բաժանում, պարզապես վանդակների դռներն են բացում ու ազատություն նվիրում, որում չկա ապահովության զգացում` միայն կիրք և անորոշություն …


330. Սրանում Ես Դու եմ և ամենքն եմ.

Մտածում եմ` եթե ինձ տրվեր աշխարհը երջանկացնելու ունակություն, բայց պայմանով` եթե որևէ մեկն իմանա, որ ես եմ անում, կպատժվեմ հավերժական տառապանքով, արդյո՞ք կհամաձայնեմ:

Ինչքան երկար եմ մտածում, այնքան սարսափում եմ երկմտելու պատճառից` իրականում ոչ թե պատժվելու, այլ` անհայտ մնալու վախի, ու շարունակում եմ փնտրել այն, ինչ ինքս չեմ ստեղծում, գիտակցելով, որ չեմ կարող ունենալ այն, ինչը չի ստեղծվել և ինձ երբեք չի էլ կարող պատկանել այն, ինչն ուրիշն է ստեղծել:

Ու արդեն ես դու չեմ և ամենքը չեմ։


331. Հպարտությունդ չեզոքացնում է միջավայրի բացասական կարծիքը, իսկ դրականն ագահաբար կլանում ես` որպես կոսմետիկ նորոգում, որ համակերպումը չվերաճի անտանելի ձանձրույթի, ինչը կարող է ավարտվել ինքնահրկիզմամբ, ու աստիճանաբար մաքրվում է սեփական դեմքդ, փոխարենը՝ միջավայրն է նկարում պատկերդ և գոյությունդ դառնում է ուրիշի վրձնից կախված, եթե պարբերաբար չես լքում կացարանդ ու ներս չես գալիս օտարացած` նորովի հրապուրվելով և/կամ թերություններին առերեսվելով, որոնք կարող ես շտկել կամ կրկին հարմարվել` պահպանելով քոնը` թեկուզ սպիներով:


332. Կյանքի պարզ ճշմարտություններից.

Իրականում, ոչինչ այնքան դժվար կամ հեշտ չէ, ինչքան թվում է ի սկզբանե, ու, երկու դեպքում էլ, ավելցուկը բացառապես մեր սուբյեկտիվ վերաբերմունքն է` չափից ավելի վախը կամ ինքնավստահությունը:


333. Մոխրագույնի երանգները.

Բոլոր գույները մգանում են մոխրագույնի նուրբ թաղանթի ներքո, ապա՝ նրանում կլանվելով խամրանում այնքան, որ նրանցից մնում է լոկ ակնարկը եղելության …:

Աշունն ամփոփում է բովանդակությունը գոյության` ապրելու իմաստը հասկանում ենք շեմին մահվան և նոր հասունանալով լինելուն` արդեն հարկադրվում ենք գնալուն …

Ու\բայց հենց հրաժեշտից առաջ արված սիրո խոստովանությամբ է աշունն աննման` սիրով անկասկածելի, սիրով իսկական …


334. Նեղ օրերին ասվող «լավ է լինելու» խոսքը դադարում է լինել հուսադրող, երբ վերածվում է հեքիաթի վերջաբանի, որը միշտ լսել, բայց երբեք չես ապրել, ու, որպես արդյունք, քուն մտնելու համար էլ է դառնում անպետք:


335. Ռոմանտիզմում ավելի շատ պատմելու նյութի ստեղծագործման միտումն է, քան` իրական զգացմունքների դրսևորման, ու այս կեղծիքը խամրեցնում է գեղեցիկը` որպիսին իսկապես կլիներ առանց դրա:

Եվ երբ ինձ կամ իմ որևէ արարք (արտահայտություն) համարում են ռոմանտիկ, սկսում եմ փնտրել` որտեղ եմ թյուրիմացաբար կեղծել, եթե, իհարկե, այդպիսին համարողի մեջ չեմ նկատում իրականության հանդեպ տգիտության նշաններ:


336. Գերակշռում են միշտ և ամենուրեք.

Ամբոխը ոչ միայն մարդկանց խուռն բազմություն է, այլ` մտածողության տեսակ` որպիսին կարող են ունենալ առանձին անձինք, ու, դրանց գերակշռությամբ կազմված միջավայրում ապրելու համեմատ, նախընտրելի է միայնակության մեջ անէանալ:


337. Երբ դիտարկում ես իրարամերժ «Հաստատների» վեճը, համոզվում ես, որ «Չգիտեմն է» ճիշտը, կամ, գոնե, ամենաանկեղծը։

Նրանց, ում անհասկանալի է իմ աննպատակ գոյությունը, հարցնել եմ ուզում՝ ո՞րն է լինելիության սկզբնավերջ նպատակը, որում ամենքս կարող ենք հասկանալ մերը, ո՞րն է ընդհանուրը, ըստ որի՝ պիտի գտնեմ իմ մասը, ու այս հարցը տալիս եմ որպես կասկած՝ առ ցանկացած պատասխան, որոնք, ընդամենը, հստակեցնում են արտահայտողի տգիտության չափը։ Եթե անգամ կա պատասխանը, և հուսամ՝ կա, ապա դրան տիրապետում են միայն աստվածները, որոնց՝ անկենդանությունից պաղած շուրթերն անգամ համբույրի պիտանի չեն։

Ու միայն այն, որ ցանկացած մարդածին նպատակին հասնելու վերջում զգում ես ինքդ քեզ կորցնելու դատարկություն, իմ մեջ, որպես լինելու իմաստավորում, միայն մեկ մղում է ապրում՝ ինքնահաղթահարում/ինքնաարարում։


338. Անէացնող երաժշտությունից ավելի` սիրում եմ անէությունից եկողը՝ որպիսին նվագող գործիքներ չկան ու լսելի է միայն ինձ։


339. Ամեն ինչից զատ և ի հավելում դրանց՝ հասկանալու համար, թե ինչքան են երեխաները միջոց ծնողների համար, բավական է կարդալ ծնողի մտքերը, ով հետևում է իր երեխայի մասնակցությամբ մրցախաղին: Բոլորին հայտնի ապրումներից բացի, կարող ես տեսնել` ընդհուպ մինչև մրցակցի մեռնելու հաշվին հաղթանակ տանելու միտքը, անկախ նրանից, որ նա էլ հասակակիցն է իր զավակի, երբեմն փոքր այնքան, որ չի էլ հասկանում ինչին և ինչու է մասնակցում:

Այս իմաստով, երեխաներիս տարած հաղթանակներից ավելի, նրանց անհոգ ծիծաղն եմ սիրում՝ թեկուզ երբ կրում են պարտություն, ու դա, որպես իմաստնություն, համարում եմ համատեղ ձեռքբերում։


340. Որպեսզի չխելագարվես նավաբեկությունից փրկվելուց հետո, պետք է նավակայանում հավաքված ամբոխի մեջ գտնես հայացքը նրա, ով քո մեկնելով դադարել է ապրել և նոր պիտի սկսի` ժամանումով: Հայացքը նրա, ում ձայնը խլացվում էր ծափերում, որոնք բացում էին հոգուդ առագաստները` փառքին տանող ճանապարհին ալիքներ ճեղքելու համար, ծափերը, որոնք չկան, երբ վերադարձել ես առանց բեռնված նավ, երբ փրկվել ես ինքնասպանված ընկերոջ սիրտն ուտելու շնորհիվ, երբ …, ու այլևս հասկացած` աստծո և սատանայի հաշտություն-ճշմարտությունը:

Պետք է գտնես (եթե), կամ մնաս հոգիդ սղոցող գիտակցումով, որ խորտակվող նավը պետք չէր լքել…


341. Երբեմն թվում է` ոչ ոք ոչ մեկի չի սիրում ու յուրաքանչյուր հարաբերություն լոկ կարիքի գոհացման միջոց և արդյունք է, իսկ դու դեռ միամիտ ես, կամ չես ցանկանում խոստովանել, որ ինքդ էլ, ընդամենը, սննդային շղթայի մասնիկ ես՝ նաև որպես ուտեստ, կամ, գուցե, սերը հենց այդ շղթայի օղակները կապող հանգույցներից է …


342. Այլևս չեմ կարող որոշել` ես եմ ավելի սիրում տխրել, թե տխրությունն է սիրում ինձ սիրել, բայց անդորրը, որը զգում եմ նրանում, ուրիշ ոչ մի տեղ չեմ գտնում, ու նաև` մտքերի այդչափ պարզություն:


343. Ծնեցիք ինձ.

Մինչ ուզեցի հարցնել` ինչու, ինքս դարձա նույն հարցի հասցեատեր` տալով երանի, որ նրանց մոտ այն չծագի, քանզի հարց է առանց հարցականի` անպատասխան պատասխանով հայտնի, հետևանքով` ցանկալի, որը պիտի սեփական ձեռքով վերջը լինի …

Եվ, գուցե, կյանքը հենց սա է. մինչ հարցնելը` դառնում ենք նույն հարցի հասցեատերը ու, լռեցված ինչու-ներով, շարունակում ենք լինել:


344. Աղբատար` երթևեկության մենավոր տարր.

Եզակի բաներից, որ կարող եմ իմ մասին ասել, այն է, որ մարդկանց հետ հաղորդակցման մեջ ավելի շատ աղբատար եմ, քան` նվիրաբեր, և ցավոք, այն քչերն էլ, ովքեր գիտակցում են իրենց կյանքում առկա անպետքությունների կույտը ու համարձակվում զբաղվել մաքրությամբ, կարճ ժամանակ անց կրկին տարվում են կուտակելու մոլուցքով, քանզի ազատ տարածության մեջ ավելի շատ տեսնում են անհանգստություն, քան` հարմարավետություն. ու այդ պահից էլ հաճախ ավարտվում է կարիքն իմ լինելու:

...

Ես մի երևույթ եմ, որ ծծվում է ենթագիտակցությանդ մեջ՝ անկախ գիտակցությունիցդ: Քեզ կհղիացնի ուրիշը, բայց պտուղը կլինեմ ես, ու երանի քեզ, եթե չապրես այնքան, որ տեսնես երկխոսությունս քո երեխայի հետ, որն այսօր է սկսվել, տեսնես նրա սերն առ ինձ ու իմանաս գոյությանդ նպատակը՝ որպես լոկ ցողուն, ուրիշ ոչինչ:

Կամ, գուցե, ես էլ եմ ցողուն՝ հղիացած չգիտեմ ումից, երբ և ինչու ..., ուրիշ ոչինչ:


345. Սիրո հրապարակային խոստովանությունը նույնն է, թե սեքս անել բացված վարագույրներով սենյակում, որտեղ դիրքերը, շարժումները, անգամ հառաչանքը ավելի շատ պայմանավորվում է հետևող հայացքներին ներկայանալու, քան` զուգընկերոջը հաճույք պատճառելու միտումով, և բնավ նշանակություն չունի` հետևողներ իրականում կան, թե` ոչ, այդ հայացքներն ինքնին առկա են գիտակցության մեջ, ու եթե այստեղ տեղին է օգտագործել սեր բառը, ապա միայն` որպես եսասիրության բառարմատ:

...

Եթե լիներ ընտրելով, որևէ ողջամիտ մարդ չէր ընտրի սերը, և, ըստ այդմ, այդպիսիք կամ հիմար են, կամ՝ խենթ:


346. Հրեշն ու գեղեցկուհին.

Անճոռնին սիրահարվեց իր ներաշխարհի մարմնացում գեղեցկուհուն և վերջինս պատասխանեց փոխադարձությամբ` բացահայտելով իր հոգու այլանդակվածությունը:


347. Կար ժամանակ, երբ այցելում էի գերեզմանոց` կենդանությունս զգալու համար, հետո հասկացա` այցելելու անհրաժեշտություն չկա` մեռյալներն ամենուր են` միակ տարբերությամբ, որ դրանք անչափ շատախոս ու աղմկոտ են:

Հիմա այցելում եմ լռության համար։


348. Մեկ ճամպրուկի փիլիսոփայություն.

Նյութական բարիքների կարելի է ու նաև պե՛տք է ձգտել` միաժամանակ պատրաստ լինելով ամեն պահի հեռանալ մեկ ճամպրուկով` զգացողությամբ, որ ոչինչ չես կորցրել, ու հատկապես չես կորցնում այն, ինչ տալիս ես սրտակամ:

Գոհարիկ Աղաբաբյանից սովորած, պարզ արտահայտվող՝ դժվար ուսանելի իմաստնություն, որը կոչում եմ մեկ ճամպրուկի փիլիսոփայություն:


349. Միշտ չէ, որ չմահանալը լինելու պայման է, մեռնելը` ոչնչանալու պատճառ, բայց մենակությունը միշտ է չապրելու պայման, նրանում միայն մեռնելու ընտրություն կա` որպես լինելիության բնույթ և չափ:

...

Մերթընդմերթ մնալ մենակ.

Այն, ինչից խուսափում են անդեմները, անհրաժեշտաբար ձգտում՝ անհատականությունները:


350. Չգիտեմ ինչու՝ հանկարծ մտքովս անցավ գրել մինչ այս օգտագործված երեք բառ, որոնք առաջնահերթ կմտաբերեմ, և ստացվեց` կիրք, իմաստասիրություն, մահ` օ՜, գրողը տանի, փաստորեն ես ապր(ել)ո՜ւմ եմ, ու եթե այսչափ փոքրիկ բանի գոնե չնչին մասը տեղ հասցնելու համար այսքան շատախոսելու կարիք չլիներ, գրքի վերնագիրը կդնեի այդ երեք բառը ու հենց այդ հաջորդականությամբ, իսկ մնացած էջերը կթողնեի դատարկ:


351. Մշտապես ուղեկցում է չհասցնելու անհանգստությունը ու շտապում եմ արտահայտել մտորումներիս արդյունքը, բայց երբ թվում է, թե` ահա՛, պատրա՛ստ է, վե՜րջ …, գալիս է զգացողություն` կարծես ամեն ինչ դեռ նոր է սկսվում, ու այդքան վազելուց, ճախրելուց, լողալուց, … վերջապես քարշ գալուց հետո էլ շարունակում եմ մնալ նույն տեղում, ու խենթացնում է գիտակցումը` այնքան մեծ է անհայտի տարածությունը, որ դրա համեմատ տեղում դոփել է իմ ցանկացած առաջշարժումը, և դա, հակառակ ազդեցությամբ, մեծացնում է ճանաչելու կիրքը` երբեմն այնչափ, որ ուզում եմ, անհայտի մասը կազմելով, իմանալ նրա ամբողջ էությունը:


352. Ի՞նչ գիրք կարդալ.

Բացի այն, որ շատ գրքեր չեմ կարդացել, ծարավել ու նոր եմ միայն ընտրել` ինչ խմել, և չի պատահել, որ չգտնեմ, քանզի ծարավիս հետևելով եմ միշտ փնտրել, ու ոչ միայն ծորակից, աղբյուրից … պատահել է` գետից, ճանապարհին գոյացած ջրափոսից … եմ խմել։

Հարցնել կամ խորհուրդ տալ՝ ինչ գիրք կարդալ, ոչ ավելին է, քան որոշել, թե ինչից մեզ գոյացնել, ընդամենը։


353. Եթե անգամ տարերային աղետները աստվածների զայրույթի հետևանքն են, ապա, ամեն ինչից զատ, այդչափ տաղանդավոր արարչությանն ականատես լինելու համար արժե երբեմն լինել անկարգ:


354. Իմ խանդի մասին.

Այնտեղ, որտեղ ծնկում եմ, դեռ հանդուրժում, բայց չեմ սիրում անգամ, որ կանգնում են, իսկ նրանց, ովքեր փորձում են կեղտոտ ոտնամաններով ներս մտնել, ուզում եմ «խաչակրի» վրեժխնդրությամբ սրահարել:


355. Մարդկանց ճանաչելու անպտուղ փորձերի փոխարեն, ճիշտ է նրանց ընդունել ո՛չ թե որպես ճանաչելի, այլ` ճանաչելու միջոց` որպիսին կանք իրականում, նրանց նայելու փոխարեն` նայել նրանց միջով, ու միայն այդ դեպքում ավելի քիչ կլինի հուսախաբությունը հարաբերություններում:

Ու սա, որպես նաև ինքնախոստովանություն, ստիպեց այլևս չզարմանալ, ավելին` կրել սև ակնոցներ, քանզի ամենքին չէ, որ պետք է ճանաչելին` մնացած խավարում:


356. Մարդագայլ.

Մանչն արիասիրտ, բայց մարդկանցից փախչող, հավատարիմ, բայց մենակություն սիրող, լայնսիրտ, բայց քչախոս` «Երեխա է, կփոխվի» ասացին, ու տարիները գլորվեցին:

Բայց ահա, երբ իր ճանապարհին հասավ կամուրջին` առջևում հոգին կանչող վայրի բնություն, իսկ թիկունքում` ամուր թոկով կապող բանականություն, պարզվեց պատճառը մանկության. մարդ չէր մանչը, այլ՝ հարազատ ոհմակից մոլորված գայլուկ, ում ոչ ոք չէր ասել ինքնությունն իսկական, իսկ հիմա ո՛չ մարդ է, և ո՛չ էլ գայլ, երկատված էությամբ մարդագայլ է` այլևս դատապարտված կանգ առնել կամուրջին` ո՛չ առաջ, ո՛չ ետ, ու թերևս միայն ցատկ ներքև, որ բաժին դառնա յուրաքանչյուր միջավայրին` մարմինը մեկին, հոգին` մյուսին:


357. Գուցե և վսեմ է նա, ով սովորեցնում է՝ առանց իրեն արված խնդրանքի, բայց անկասկած է, որ նա ամենաանարգվածն է, ու եթե ժամանակին չի վիրակապվում հպարտության փաթաթանով, սպանվում է՝ արնաքամ լինելով:


358. Ինքնաճանաչում` ինքնարարում.

Հետ հայացք եմ գցում մտորումներիս ու բազմաթիվ ԵՍ էր եմ տեսնում, որոնց առանձնահատկությունները ամբողջացնելով՝ ընդհանուր առմամբ բաժանում եմ երկու թշնամի զորախմբերի, բայց ոչ չարի ու բարու կամ վատի ու լավի. ընդ որում, դրանց թշնամանքը տեսնում եմ, երբ մեկի կամ մյուսի կողմն եմ, իսկ երբ ստացվում է (ու ստացվում է հաճախ), որ երկուսից անդին եմ, առ ճանաչողություն հաշտությունն եմ տեսնում, ու կարծես նրանց պատերազմը միակն է աշխարհում, որ կործանող չէ, այլ` արարող, թեպետ սրանում ավելի շատ սպանություններ են լինում, և այո, բարեկամ Դեկարտ «Ես մտածում եմ, հետևաբար գոյություն ունեմ», ու նաև «Ինքս ինձ ճանաչում եմ, հետևաբար ինքս ինձ ստեղծում եմ»:

...

Առաջին սպանությունը հաղթահարելուց հետո վերածվում ես սերիական մարդասպանի՝ սպանողի և զոհի միաժամանակյա զգացողությամբ`յուրաքանչյուր ծիսակարգ ավարտելով կաթիլ արցունքով, և թիկունքում թողնելով ծնկած մեկին, ով ողբում է սիրելիի դիակին, հեռանում ես ինքդ քեզանից՝ փնտրելով վերջին (իսկական) ԵՍ-ին:


359. Իմ առագաստն անսահմանության մեջ.

Չիմացածը չեմ ժխտում, իմացածին էլ թերահավատորեն եմ վերաբերվում, որ չդառնամ գերին հարաբերական ճշմարտությունների ու համոզմունքներով չգամվեմ խաչին սահմանափակի:

Այո, մեղմ է ասված՝ դժվար է. ճանապարհորդությունս ինչքան սքանչելի է, այդչափ էլ տանջալից է ու, երբեմն, ես էլ եմ տենչում խարիսխ, որը չունեմ, կամ, գոնե, փարոս՝ անգամ, եթե պարզվի՝ չի գտնվում ցամաքին, բայց … ու, դատարկած շշերի մեջ հաղորդագրություններ թողնելով, նավարկում եմ, մինչև հանդիպեմ պատահական հայտնված ժայռաբեկորին, որն ինձ կառնի իր հոգատար կրծքին:


360. Ես էլ ամենքի պես արթնացել եմ ընթացքում և չգիտեմ՝ որտեղից ուր եմ գնում, ու ոչ մեկի ասածը ենթադրությունից ավելին չեմ համարում, քանզի բոլորս նույն հանրակառքում ենք գտնվում, իսկ նախորդ կանգառում իջածը երբեք չի կարող հայտնվել հաջորդում:

Ոչ հաստատուն պատասխանների, այլ բոլոր պատասխանների անհաստատության իմացությունն է իմ վստահությունը, իսկ թե ինչու եմ հաճախ պատուհանից դուրս նայում, որովհետև, գուցե, ընդամենը ներսի համոզմունքներից եմ ձանձրանում:

Կյանքը միակ հանկարծաստեղծն է, իսկ նրա վրձինը մշտնջենական արարման մեջ է, ուստի, նկարի ցանկացած մեկնաբանություն առնվազն անլուրջ է՝ պարզ պատճառով, որովհետև այն ավարտված չէ, և այդպիսին թվում է, երբ ավարտը նայողի՛ գոյությունն է:

...

Դեռ հիման չավարտած՝ մտածում ենք հետոն ու թվում է՝ ժամանակը չի բավականացնում, սկսում ենք սպառել հաջորդ և հաջորդող ակնթարթները՝ վազելով արագ ու է՛լ ավելի, այնքան, որ հայտնվում ենք ինքներս մեզ հետապնդողի դերում. հոգնում ենք երկատվում կամ հասնում ու հասկանում, որ սեփական հետույքից բացի՝ ոչինչ չհասցրեցինք ճանաչել, իսկ նրան, ով անցնում է ինքն իրեն, մեծապես պատվում եմ՝ կոչելով կրիա:


361. Լռել.

Այն, ինչ չի կարողանում սովորեցնել կյանքը, ստիպում է մահը, ու սրանում այն անգերազանցելի ուսուցիչ է:

Հարաբերական իմաստով՝ լռելը միակ իմաստնությունն է, որին հասնելուս մասին անհամեստաբար կարող եմ նշել ու չդադարել ավելիին ձգտել:

...

Ինչքան երկար ես մնում լռության մեջ, այնքան մեծանում է աղմուկի ննջեցնող ազդեցությունը, ինչն առկա է, երբ կա թեկուզ միայն երկրորդը:

...

Լռություն է կոչվում նաև, երբ գոռոցի ալիքները այնքան են մեծանում, որ ականջներին անընկալելի են դառնում:


362. Ներկան հավերժանում է անցյալում` որպես հանելուկ, իսկ պատասխանը գտնվում է ապագայում, ու թվում է` կյանքն ընթանում է վերջից սկիզբ սյուժեով, կամ էլ չի թվում. սկզբի ճիչը վերջի հրճվանքն է, առաջին կաթը՝ մահաբեր թույնը:


363. Եթե կյանքի ճշմարտություններ փնտրող ես, ապա անխուսափելիորեն գալու է պահը, երբ հասկանալու ես` դրանք գտնելու համար աշխարհում շրջելու փոխարեն պետք է աշխարհից փախչես, ու փախչելու ես: (Ինքնա)Ճանաչողությանդ զուգահեռ՝ հասունանալու է ձեռք բերած իմաստնությունդ ուրիշներին տալու սերն ու անհրաժեշտությունը, որի համար նորից պետք է վերադառնաս, ու վերադառնալու ես, բայց այն էլ՝ միայն հասկանալու կյանքի մասին իմացությունդ ամբողջացնող իրականությունը` ոչ մեկին պետք չէ քո ճանաչած ճշմարտությունը, քանզի ամենքին սահմանված է իրենը, ու կրկին\վերջին անգամ զգալու ես աշխարհը լքելու ցանկությունը, բայց\որովհետև արդեն անհնար է ապրել այնտեղ, որտեղ արարիչները գերադասում են լինել կռապաշտներ:


364. Մեղքից ծնված կարոտ՝ ինքնին մեղանչում.

Զգացմունքիս ճշմարտության մեկ որոշիչը կարոտն է, իսկ նրանք, ում հանդեպ այն զգում եմ, այնքան անհամատեղելի են, որ նույն վայրում միաժամանակյա ներկայությամբ միայն մեկում համաձայնության կարող են հանգել՝ ինձ սատկացնել, որից հետո ինձանից մնացած հուշը նրանց համար կդառնա նողկալի և/կամ հաճելի ընդհանուր, բայց և հաշտեցնող միակ պատճառը:

Սակայն, քանի դեռ իրականությունները զուգահեռ են, կարոտն իր շարունակական ներկայությամբ դառնում է անհասցե և սերտաճում էությանս՝ որպես մեղքից ծնված զգացում՝ ինքնին մեղանչում: Իսկ զուգահեռներն, ի վերջո, հատվում են, ու թե այդպես է, նշանակում է՝ ե՛ս էլ քավություն ունեմ:


365. Կարոտն անհայտի.

Իմաստնանալուն զուգահեռ՝ ավելի ու ավելի են դանդաղում քայլերդ, սկսում է պարզել՝ մինչ այդ արագ ընթացքից լղոզված պատկերը, որի վեհությամբ գայթակղված, անհամբեր սպասում ես բարձրագույն պահին՝ երբ պետք է, ընդհանրապես, կանգ առնեն ոտքերդ, ու այլևս աշխարհը պտտվի շուրջդ և փոքրիկ դիտանցքիդ առջև բացվի՝ որպես մեկ ընդհանուր համայնապատկեր, ու թեկուզ մեկ ակնթարթ այդպես, բայց զգաս՝ ինչքան ամբողջական ես ապրել, ու տենչաս հորիզոնից անդի՛ն փռվող ապագան՝ ոչ որպես անհայտություն, այլ՝ է՛լ ավելի խորը, մոռացված անցյալ, ինչից մնացել և շարունակում է կանչել հուշը կարոտի (կարոտն անհայտի):


366. 

Ինքնահաղթահարում, որի համար նախ պետք է ինքդ քեզ ոչնչացնես, ու սա է մեկ ձգտումը, որն արդարև կարող է կոչվել ԲԱՐՁՐԱՆԱԼ:

Ընտրել ուղին, որտեղ տառապանքն է անհրաժեշտություն, ուրախությունը՝ պատահմունք, ինչպես կա իրականում. առաջինով գնալով՝ նման վեր խոյացող սանդուղքի, երկրորդով՝ թոթափելով հոգնությունը ոտքերի, որոնք պետք է կանգնեն երբևէ հնարավոր ամենաբարձր գագաթին՝ սեփական գլխին, որտեղից ներքև անգամ աստվածներն են տեսանելի՝ մարդկանց աղոթքների կապանքներից ազատվելու աղերս-աղաղակով:

...

առ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍ-ը

Ծնվելն ապրելու նախադրյալն է, իսկ պայմանը՝ համաձայնությունը, որը դեռ պետք է ձեռք բերել. միայն այս դեպքում է բացարձակ պարտականության մեջ ի հայտ գալիս հարաբերական իրավունքը, որը բացարձականացնելու ձգտումն էլ կոչվում է ԲԱՐՁՐԱՆԱԼ ...


© Տիգրան Գորշ / ԱՄԵՆ (245-366)

Comentários


SUBSCRIBE

Thank you for subscribing to my blog

©2015-2023 Tigran Gorsh

bottom of page