ԽԱՌՆԱՐԱՆ
ՏԻԳՐԱՆ ԳՈՐՇ
Խոհափիլիսոփայական մտքերի ժողովածու
©2015 Տիգրան Գորշ
Մեր կողքին են, բայց չենք նկատում ՆՐԱՆՑ
… ում ամեն ինչ ստիպում է, որ չարանան, բայց փոխարենն ավելի բարի են դառնում,
- մեղավոր չեն, բայց առաջինն են ներողություն խնդրում,
- արդար են, բայց արժանապատվորեն մեղադրանք են լսում,
- կարիքի մեջ են, բայց օգնություն չեն աղերսում ու անգամ հաճույք են ստանում,
երբ մերժվում են ստիպված արված խնդրանքում,
- այլոց դարդերին սրտակից են լինում, սեփականն էլ` լուռ կրում,
- հույս են տալիս` իրենք դրա կարիքում,
- լուսավորում այլոց ճամփան` իրենք խավարի մեջ մնում …
Նրանց համեստությունը խեղճություն ենք համարում, անկեղծությունը` միամտություն,
- արհամարհում ենք, իսկ հարկ եղած դեպքում` նրանցով ինքնահաստատվում,
բայց նրանք չեն դժգոհում, անգամ դա են արդարացնում,
- տառապանքին էլ հարգանքով են վերաբերվում, ու այն բացառիկ տեսակին են պատկանում,
որ անգամ ճաղերի ետևում ԱԶԱՏ ԵՆ մնում,
- ՍԻՐՈՒՄ ԵՆ և ՈՉ ՆՄԱՆԱԿՈՒՄ...