top of page
Writer's pictureTigran Gorsh

35/(Ինքնա)ճանաչողությունը՝ որպես արարչություն.

Իրականությունը գիտակցության և դրանից դուրս գտնվողի փոխազդեցությամբ ստացված պատկերումն է, որի արդյունքը հավատով գրանցվում է հիշողության մեջ՝ մասը կազմելով գիտակցության, հետևաբար, նաև, հետագա պատկերումների՝ իրականության ստեղծման, ու այս շղթան անվերջանալի է: Սրանից հետևում է, որ իրականություն գոյություն չունի առանց նշված փոխազդեցության, կամ՝ առանց այդ փոխազդեցության գոյություն ունեցող ամեն ինչ դուրս է իրականությունից:

Մտորման ռացիոնալ հատիկը բացահայտվում է բացառման սկզբունքով. այն է՝ հնարավոր չէ իրի կամ երևույթի գոյությունը սահմանել գիտակցությունից (պատկերումից) դուրս, այլ կերպ՝ դրանից դուրս ոչինչ գոյություն չունի:

Պատկերավոր՝ իրականությունը երաժշտությունն է, որը ստեղծվում է մեր գիտակցության և համապատասխան գործիքի փոխազդեցությամբ, ինչը կարող ենք ձայնագրել ու լսել ստեղծումից հետո, ինչպես նաև՝ որպես միջոց օգտագործել այլ երաժշտություն ստեղծելու համար, կամ փոփոխել այն:

Ըստ այդմ՝ ստացվում է, որ այն, ինչ համարվում է անցյալ, առկա իրականություն է և, միաժամանակ, իրականության ստեղծման մաս, ու քանի որ այն փոխազդվում է, հետևաբար դրա վրա ևս կարելի է ներգործել՝ վերաիմաստավորել, արդյունքը հավատով ամրագրել՝ անցյալը փոխել, ինչը երաժշտության օրինակով կարտահայտվի այսպես՝ եթե փոփոխենք ստեղծված երաժշտությունը ու ոչնչացնենք հին տարբերակը (հիշողությունից դուրս հանենք), ապա իրական կլինի միայն փոփոխվածը՝ հակառակի գիտակցումը չկա, հետևաբար՝ այն այդպես էլ հնչել է ի սկզբանե:

Նույն մեթոդը համանման արդյունքով գործում է նաև ապագայի նկատմամբ՝ այն ևս առկա իրականություն է (գիտակցության և ոչնչի փոխազդեցությամբ ստացված պատկերում), և ոչ միայն առկա է, այլ, նաև, փոփոխման ենթակա է՝ ճիշտ անցյալի պես: Ու հենց այստեղ է հրաշք բանալիներից մեկը՝ գիտակցությունը կարող է փոխազդվել ոչնչի հետ՝ ստեղծելով իրականություն, ինչը նշանակում է, որ գիտակցությունը կարող է ստեղծել այն ամենը, ինչը հետո կարող է փոխազդվել հենց իր հետ՝ որպես, միաժամանակ, իրենից դուրս գտնվող: Սա, հավանաբար, տեղի է ունենում երևակայության շնորհիվ, իսկ երևակայությունն էլ, ինքնին, ևս հետևանքն է ոչնչի և գիտակցության փոխազդեցության, ապա, նաև, վերջինիս ակտիվ մասը:

Այս ամենից բխում են բազմաթիվ հետևություններ՝

- անցյալ, ներկա, ապագա միաժամանակյա գոյություն է,

- ամենի սկիզբն ու արարիչն ինքնարար գիտակցությունն է,

- տիեզերքը շարունակաբար արարվում է ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ գիտակցությամբ (պատկերվում է),

- կամ՝ տիեզերքը ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ գիտակցություն է, մարդը՝ դրա ակտիվ մաս, հետևաբար՝ ամեն ինչի արարչության մաս,

- մարդը բացահայտում է այն, ինչ ստեղծում է (պատկերում է),

- պատմությունը կրկնվում է, որովհետև պատկերումներով լցված գիտակցությունը շարունակաբար նույն շրջանառության մեջ է (նույն իրականությունն է ստեղծում),

- ու ամենակարևորը՝ այն, ինչ կոչվում է գիտակցության ճեղքում, հագեցած պատկերումների շրջանակից դուրս գալն է, ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ գիտակցության հասնելը, որով կարող ենք ոչ թե տիեզերանավ, այլ նոր տիեզերք ստեղծել, և ճանաչելու համար ոչ թե տեխնոլոգիաները զարգացնել, այլ՝ կանգ առնել և ինքնաճանաչմամբ ամեն ինչ բացահայտել …

Ինչ վերաբերվում է տարբեր պատկերացումների պարագայում իրականության հակասականությանը, ապա այդ տարբերակումը ոչ միայն չի բացառում, այլ՝ հաստատում է տարբեր իրականությունների միաժամանակյա գոյությունը և այն աստիճան, որ վստահաբար կարելի է ասել՝ այո, աստվածները ճշմարիտ են ու ճշմարիտ է նաև դրանց չլինելը, ամենքս աստված և/կամ ՄԵԿ արարչի ակտիվ մասնիկ ենք, կա այն ամենը, ինչի նկատմամբ թեկուզ մեկ մարդու անկասելի ՀԱՎԱՏ կա …


© Տիգրան Գորշ / ես սեր եմ, մնացածը ես չեմ / ԹԵՈՍՈՖԻԱ


Recent Posts

See All

Comments


bottom of page