top of page

124-246/ ես սեր եմ, մնացածը ես չեմ

  • Writer: Tigran Gorsh
    Tigran Gorsh
  • Feb 6, 2021
  • 22 min read

124.

Գժվելն արվեստ է, ու այս վերնագրի տակ ամփոփվում, կուզեք՝ հաշտվում են բոլոր արվեստները:


125.

Երեխաներին պետք է սովորեցնել, իսկ ավելի ճիշտ՝ պետք չէ խանգարել լինել խենթ, որպեսզի նրանք ապրեն՝ որպես երջանիկ տառապյալներ և չձգտեն դժբախտ անհոգության, ու եթե անգամ խենթությունը նրանց ձեզանից անդառնալի տանի, կարոտի վիշտը պետք է սփոփել մտքով, որ նրանց տարավ ավելի մեծ սերը ու չպահեց խղճահարությունը:


126.

«Ներկայիս իմացությամբ ավելի երիտասարդ լինեի» միտքը, որից, գուցե, զերծ չի մնում ոչ ոք, լավագույնս է հիմնավորում այն, որ մարդիկս ներքուստ հակում ունենք դեպի տառապանքը ու հենց այդ իսկականի բացակայությունն է շատերին թողնում անբավարարված:

Ու սրանով ինքս էլ պատասխանում եմ հարցին, թե ինչում եմ ավելիին ձգտում …


127.

Հերոսությունը պետք է ընկալվի որպես լրացուցիչ առաքինության ստանձնում, ոչ թե՝ անառականալու արտոնություն, բայց … ու հերոսները, հաճախ, որպես անարատ մնալու վերջին հնար, հեռանում են՝ շքանշանները թողնելով անառակներին:

Ու եթե գրքերում առավելապես հիշատակվում են շքանշանակիրները, ապա տեղին է սահմանել շքանշաններից հրաժարվածներին տրվող շքանշան:

Այս ամենում միակ սփոփանքը մնում է այն, որ պատմությունը, նման կենդանի օրգանիզմի, ունի ինքնամաքրման գորածառույթ, որին ամենքս մասնակից ենք մեր հիշողությամբ:


128.

Ի՞նչ կարող է պատկանել մեզ, եթե անգամ ինքներս մեզ չենք պատկանում, բայց և այնպես, ժամանակ առ ժամանակ, պետք է տրվենք ինչ-որ մեկին. մեզ վստահվածը կորցնելու վտանգով ուրախություն պարգևելու մեջ ադրենալինի հսկայական չափաբաժին կա:


129.

Բոմժի օրորոցային կամ՝ երգ առանց երաժշտության.

Դատարկ ստամոքսիդ մի կում ջուր արա,

Ծանր մտքերիդ թեթև ժպիտ արա,

Ճամպրուկիդ էլ անիվներ մի դիր,

Ճիշտ հակառակը՝ դրանից ազատվիր:

Ապրելը սկսվում է հրաժեշտից,

Սե՛րը սկսվում է հրաժեշտից:

Սիրուն ա՜, սիրուն ա՜, սիրուն ա՜ անդինը չափումներից,

Սիրուն ա՜, սիրուն ա՜, սիրուն ա՜ չափումն անդինից …


130.

Կյանքն առանձնապես կառչում է նրանցից, ովքեր կառչած չեն իրենից և ամեն հաջորդ ակնթարթը պատրաստ են ընդունել որպես վերջինը, ու սա ոչ այլ ինչ է, քան նրա կարիքը՝ անկեղծ ապրողների, որոնց ներկայությունն ապահովելու համար, հաճախ, ստիպված է դիմել բռնության:


131.

Երբ ձեռնոց են նետում աստվածներին.

Աստվածները հարգում, բայց չեն ներում նրանց, ովքեր (ինքնա)ճանաչմանը տրվելով՝ նյութականում բավարարվում են քչով կամ չեն ձգտում ավելիին, քան ունեն, քանզի այդպիսիք նրանց համար՝ ինչպես փայտը մխրճված իրենց անիվի մեջ: Որպես արժանի մրցակիցների հարգում, բայց իրենց կարգավիճակին՝ բարձրագույն ԵՍ-ին ձգտելու համար չեն ներում, իսկ տիեզերքը անկողմնակալ է դատավարում:

Ըստ այդմ՝ մարդուն հաղթահարողները կարող են աստվածանալ, իսկ պարտված աստվածները՝ մարդանալ, ինչպես եղել է ու լինելու է …

Ահա, թե ինչ էր իրականում փորձում հասկացնել բոլորիս հայտնի խաչվածը:


132.

Հաճախ կարծում ենք, որ մենք ենք այն արգանդը, որտեղ պետք է հասունանա ու ծնվի ճշմարտությունը, բայց հաճախ էլ կանգնում ենք փաստի առաջ, որ, ընդամենը, սերմն արգանդին հասցնող խողովակ ենք:


133.

Երբ դրախտում գայլին գլխատեցին, նա, իր վերջին խոսքով, բացականչեց ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ՝ չընդունելով տիրոջ հեղինակությունը, իսկ վերջինս չգիտեր, որ իր հարսը հասցրել է հղիանալ գայլից. ըստ այդմ՝ դեռ հույս կա իսկական արդարադատության՝ այս անգամ կրակահեղեղով, որում, ի տարբերություն ջրի, վիրուսներ չեն մնում:

Իսկ դժոխքի դռները փակ էին՝ տան տերը պատվավոր հյուր էր վերը նշված պատմական խրախճանքին:

134.

Ինքնասպանություն կամ դրա փորձ արածներին հանրային կարծիքը կոչում է հիվանդ, և, գուցե, չի սխալվում, ու պատկերը չի փոխվում, երբ զուգահեռները տանում ենք ինքնաճանաչմանը՝ նույնն է, թե կուտակվ(ող)ած ԵՍ-երից ինքնամաքրմանը, քանզի վերջինս, նման առաջինի, անկարելիի սահմանն անցնելու փորձ է, որը երբեք չի ընդունում համընդունված չափանիշներով խելամտությունը:

Իսկ նույն վերջինն, ի տարբերություն առաջինի, երբեք չի ավարտվում մեկ դրվագով՝ այն մշտնջենական ինքնասպանություն է: Այս վերջակետից հետո, գոյության ձայնը հուշեց, որ դա, միաժամանակ, վերածնունդ է, ու սրա հետ հնարավոր չէ չհամաձայնել, բայց միաժամանակ պարզ է դառնում այն, որ վերածնվածի լեզուն այլ է՝ թեկուզ առավելապես սեր է, բայց անհասկանալի է. ըստ այդմ, միևնույն է, համաձայն «շատը ճիշտ է» սկզբունքի՝ այդպիսինը հիվանդ է:


135.

Մարդանալով՝ հասնում ենք բնության և տիեզերքի սահմանագծին. ահա, թե ինչու է ասվել՝ մարդը մի բան է, որը պետք է հաղթահարվի (Նիցշե), ու դրա համար մեզ տրվում է ոչ մեկ հնարավորություն, որից հետո ետ ենք շպրտվում կամ անցնում ենք էլ ավելի բարձր գոյաձևի տիեզերքում (գերմարդ կամ բարձրագույն ԵՍ):


136.

Մենք հարաբերվում ենք մեզանից դուրս ու դիմակները, որոնց գործուղում ենք հաղորդակցվելու, կախված արդյունքից՝ դառնում են մեր հպարտությունը կամ ամոթը, իսկ իրար մասին իրականը, որին երբեմն հասնում ենք, չենք կարողանում ընդունել, քանզի մեր ճաշակին վաղուց խորթ է տաք արյան համը:


137.

Ճանաչողության արդյունքում ստացվող սյուները, դրսի հարվածներից՝ գամերը. ահա այն ամենը, ինչ պետք է «բաբելոնյան» աշտարակդ կառուցելու համար, և ոչ ոք դրան խանգարել չի կարողանա՝ ոչ տակից, ոչ վերևից, երբ հանգես ճշմարտության, որ ազատությունն ընտրություն է կատարելության, ու բնավ կարևոր չէ ինչքան կհասցնես, դու արդեն ընտրյալ ես՝ առեղծվածի պարընկերն ես …


138.

Մենք երբեք ոչ մեկին չենք կորցնում, մենք կորցնում ենք հարաբերությունը, որը ունեինք գնացածի հետ, իսկ հարաբերությամբ միայն ինքներս մեզ ենք ձեռք բերում կամ կորցնում. մենք միշտ ինքներս մեզ ենք փնտրում, և երբեք չենք ունենում ուրիշ մեկին …


139.

Ապրում ես ուրիշ(ներ)ի, մեռնում՝ քեզ համար, ու վերջինիս մասին մտորումները ուղեկցվում են քննադատությամբ՝ գժվե՞լ ես, բա մեր ստանալիքը …

Իհարկե, այդ դժգոհությունը քողարկվում է կարեկցանք կոչվող դիմակով, որից վստահաբար կարելի է ազատվել՝ նկատի ունենալով, որ մեռնելը մեկնարկում է ծնվելով:


140.

Ամոթ է բառը ավելի շուտ ենք սովորում, քան այն, թե ինչն է ամոթ, ու հետո գործում ենք լիքը հիմարություններ՝ բառն անբովանդակ չթողնելու համար:


141.

Եթե մեղքը կարող է երբեմն ինձ մարդուց վանել, ապա անմեղ մարդը վանում է միշտ, ընդ որում՝ ինքս ինձ եմ վանում նրանից, երբ չեմ գտնում նրա նկատմամբ հավատարմությունս ստուգելու որևէ առիթ:

Բացի այդ, մեկ ընդհանուր մեղքը մարդկանց կարող է մտերմացնել առավել, քան բազմաթիվ առաքինությունները, որի կրումը, վերջին հաշվով, դառնում է նրանց հարաբերության գլխավոր առաքինությունը:


142.

Կյանքն անչափ ցանկալի պոռնիկ է և նույնչափ էլ թանկ, դրա համար էլ, հաճախ, ստիպված ենք բավարարվել օնանիզմով, ու եթե մենք աշխարհի մաս ենք, ապա մեր երևակայությունն էլ իրավունք ունի կոչվելու իրականություն:


143.

Վերջին հաշվով՝ կա մեկ ամբողջական ցավ, երբ մարդկային կյանքին նայում ես ժամանակի հարաբերականությունից անկախ, այն է՝ հոգին պետք է տարանջատվի մարմնից, ինչը, համամասնորեն, կարող ես բաժանել ծնունդ-մահ ժամանակահատվածի վրա և անցնել մաս-մաս, կամ՝ ցավը վերցնել մեկ ընդհանուր չափաբաժնով և անցնել միանգամից:

Ինչ վերաբերում է երանությանը, ապա այն ցավին զուգահեռ է ժամանակում, նույնական՝ ժամանակից դուրս:


144.

Կենդանիները մարդու պաշտպանության կարիքը չունեն. նրանք կարիք ունեն արդար պայմաններում մարդու հետ պայքարելու՝ հանուն գոյության, ինչից զատ՝ ցանկացած վերաբերմունք՝ լինի փաղաքշանք, թե մտրակ, դեմ է նրանց բնությանը, հետևաբար, նաև, բռնություն է նրանց հանդեպ:


145.

Անհատելի սահմաններ չկան, կա անհրաժեշտ կրքի պակաս։

Սահմաններից դուրս գեղեցիկը կարող է այլանդակվել, իսկ սահմանների մեջ այն անպայման խամրում է …


146.

Էշն իր ազատությունը պարտականությունների արագ կատարման մեջ է տեսնում, ինչից միայն էշատերն է շահում, իսկ նրա բաղձալի ազատությունը վրա է հասնում ծերությամբ կամ գիշատչի ատամներով, և միայն վերջին դեպքում է նա զգում ապրելու կիրքը:


147.

Մտերիմներիս հաճախ եմ տեսնում վիրավոր, իսկ մեղավորին ճանաչում եմ վերք հասցրած ատամների հետքերով, հետո հիշում եմ դեպքը՝ նրանք էլի փորձում էին ինձ հաշտեցնել ինձ հետ, ու, հաշվի առնելով հետևանքը, հեռու չէ առանց հաշտարարի վերջին մենամարտը, որում ոչ մի դեպքում չի հաղթելու նա, ում ստեղծ(ել)ում են իմ ոչնչին դեմ:


148.

Ներելն աստծո` պարապությունից ցրվելու ամենասիրելի զբաղմունքն է, ու ես էլ եմ նրան զերծ պահում տանջալի ձանձրույթից՝ միաժամանակ խաղի մեջ նորարարություններ անելով:


149.

Ստրկատերն էլ իր իշխանության ստրուկն է, բայց սա, ստրուկի մխիթարանք և ստրկատիրոջ դատապարտում լինելու փոխարեն, պիտի լինի հուշում, որ ազատությունը մեկնարկի հակառակ կողմում է, ընդ որում, առանց տարբերության՝ վազելով կգնաս, թե քայլելով, հետևաբար՝ կարելի է նաև պարելով: Ինչ վերաբերվում է մեկնարկից առաջ գնալուն, ապա, անշուշտ, դա միակ ուղին է՝ ապահովության զգացում գտնելու, որին, երբեմն, բոլորս ենք ուզում զիջել մեր ազատությունը, երբ հոգնում կամ վնասվում ենք դրա պարտադիր բաղադրիչ անորոշությունից, բայց նաև պարզվում է, որ ոմանց համար պարզապես նախատեսված չէ անդորր, պարզապես չի լինելու …


150.

Հաշվի առնելով զավակների և ծնողների միջև կոնֆլիկտների բնույթը՝ զարգանալու (արթնացման) հույսը մնում է որբերի վրա:


151.

Դեռահասության ժամանակ բուռն են մահվան մասին մտքերն ու սիրահարվածությունը, հետո վրա է հասնում հասունությունը և հասկացնում կապը. մահն իրավունք է, սերը՝ դրա իրացման տեսակ, իսկ սիրելին՝ ընտրություն, թե ում ես ուզում, որ քեզ օգնի դրանում:


152.

Նկատի ունենալով իրենց ժամանակում հասկացված լինելու պրոբլեմը՝ մտածողները շարունակ(ել)ում են երկխոսել ապագա սերունդների հետ, որոնք այդպես էլ չեն հայտնվում …


153.

Հոգևորը նույնացնել կրոնի հետ, նույնն է, թե ասել բանջարեղեն ու հասկանալ միայն վարունգ՝ ընդ որում ջերմոցային, ըստ այդմ էլ, մեծամասամբ, մարդկանց մի խումբն արհամարհում, մյուս մասը վարունգակոխ է լինում՝ միասին կազմելով վիտամինների պակասից հիվանդ ամբոխ:


154.

Մտածողը տառապում է միտքը ճշգրիտ արտահայտելու մեջ՝ դրանում ձգտելով հասնել կատարելության՝ այդ կերպ դառնալով անհասկանալի, գրողը փորձում է բառակույտը վերածել մտքի՝ այդ կերպ հեռանալով կատարելությունից, բայց մնալով հասկանալի. ըստ այդմ՝ մտածողների համար ցավալի է նույնացվել գրողների հետ, իսկ գրողներին՝ այս ճշմարտության:


155.

Ամբողջը տեսնելու հնարավորությունն աչքերում կամ ոտքերում չէ, այլ դիտակետում, որը գտնվում է մեր մեջ. ըստ այդմ, դրանում մեկ անգամ հայտնվելով՝ կարող ես, օրինակ, ընդմիշտ մնալ նկուղի մի անկյունում:


156.

Այն, ինչ հաճախ մոռանում ենք.

Տիեզերքն ունիվերսալ է նրանով, որ ամենքի շուրջը պտտվում է որպես իր անհատականը, ու ուրիշ ցանկացած ինչ և ոք դրանում լոկ մասնիկ է:


157.

Ով-ը աշխարհիկ հարց չէ. այստեղ կանք որպես ինչ-եր, ու դրա վերագրումը մեզ ընդամենը հուշն է նրա, որ երբևէ այն վերաբերվել է մեզ, ինչից մնում է միայն հույսը, որ դեռ էլի …


158.

Երբեմն, ԱՄԵՆը ընկալվում է ամբողջական՝ հասցնելով խելագարվելու եզրին, և եթե պրոցեսը տևի ակնթարթից ավելի, անդինի սահմանագիծն անդառնալի կհատվի, ու ես չգիտեմ՝ ավելի շատ վախենում եմ դրանից, թե տենչում եմ դա, իսկ ավելի ճիշտ՝ վախենում եմ, որ դեռ տենչում եմ …


159.

Մտածողը.

Թվում է՝ հաշտ լինելով յուրաքանչյուրի հետ՝ նեղացած է ամենքից, և նույնիսկ սիրո մեջ վերք ունի՝ կարծես ստացած սիրելիից, ու անհասկանալի է հնչում նրա պնդումը, որ երբևէ չի նեղանում ոչնչից և ոչ մեկից:

Հաշտ լինելով յուրաքանչյուրի՝ անհաշտ է բոլորի հետ. հավաքականի, ամբոխի, որն արդեն մարդիկ չեն՝ մարդուն կլանող համակարգ ու ծրագրված գիտակցություն է. մարդու՝ ինքն իրեն հասնելու արգելք է:

Հաշտ լինելով յուրաքանչյուրի՝ անհաշտ է բոլորի ու, նախ, ինքն իր հետ ...


160.

Խորհելու.

Բազմաթիվ են դեպքերը, երբ տեղի ունեցած իրադարձության վերաբերյալ նշանները հայտնաբերվում են ավելի խորը անցյալում, ու, որպես կանոն, դրանք բացահայտվում են առավել խոշոր դեպքերի կապակցությամբ: Համընկնումների ճշգրտությունը տեղ չի թողնում կասկածի, որ այս ամենում չկա պատահականություն, առավել ևս, երբ երևույթները դիտարկում ենք փիլիսոփայական այն ճշմարտության լույսի ներքո, որ երբեք չի լինում պատահականություն կամ պատահականությունը չգիտակցված անհրաժեշտությունն է:

Ըստ այդմ՝ խորհում.

- Եթե նշանները տրվում են, որ կարողանանք իրադարձությունների վրա ազդել, ապա նախ՝ սա վկայում է, որ կա վերմարդկային մակարդակում հակադիր երևույթների պայքար ու շատերս չենք գիտակցում, որ պատկանում ենք դրանցից մեկի «զորախմբին», կամ շատերը լոկ միջոց են, ինչպես բնության ցանկացած այլ տարր, իսկ քչերն, ըստ իրենց արթուն լինելու չափի, ընտրվում են այդ երևույթների կողմից, ինչն էլ կամ՝ ըստ արժանիքի կարգավիճակի շնորհում է, կամ՝ շահով ներգրավում (վերբովկա), և երկրորդ՝ կարելի է ենթադրել, որ, ուրեմն, մինչ օրս կանխվել են բազմաթիվ ու էլ ավելի հզոր աղետներ, քանզի հասարակ միտքը, թե օրվա մեջ ինչքան մեծ է մահանալու հավանականությունը, ցրում է կասկածը, որ միայն մեր կամքը երկարակեցության համար բավարար նախապայման չէ:

- Եթե նշանները տրվում են, բայց միևնույն է ոչինչ փոխել հնարավոր չէ և որոշված իրադարձությունների վրա հասնելն անխուսափելի է, ապա սլաքները կրկին թեքվում են առ այն միտքը, որ նշաններով կատարվում է ընտրություն՝ ըստ դրանց հատկորոշվում են արթունները, իսկ եթե կա նման ընտրություն, նշանակում է՝ վերմարդկային մակարդում կա առաքելություն, կամ դիրք, որին կարելի է հասնել (օր.՝ լինել գերմարդ, բարձրագույն ԵՍ …):

- Եթե …


161.

Եթե, օրինակ, տասը օր ոչինչ չի փոխվել, նշանակում է՝ տասն օր առաջ մահացել, բայց մնացել ես վերջին օրվա կրկնության մեջ:


162.

Հետաքրքրությունն ամբողջն իմանալու ձգտում է, որն առաջանում է դրա մի մասի իմացությունից, ուստի՝ մասի հանդեպ անտարբերությունը կարող է պատճառ լինել ամբողջի իմացության, որն, ի տարբերություն մասի, ընկալվում է զգայաբար, ու «գիտեմ»-ն արտահայտվում է «չգիտեմ»-ով, երբ հնչում է հարցը, անգամ, երբ տալիս ես ինքդ քեզ:


163.

Հարցի ճիշտ ձևակերպումը միշտ է ճիշտ պատասխանի նախապայման, իսկ ճիշտ պատասխանը, երբեմն, ճշմարտություն է:


164.

Եթե չեն տեսել, ապա ինչպես էլ նկարվի, միևնույն է, իմացությունն ավելի շատ պատկերացում է, քան իրականություն, որում նկարն, ընդամենը, պատկերացնելու միջոց է. ըստ այդմ՝ փոխվում է հարց-պատասխանը՝ ճանաչում, թե պատկերում ենք իրար, ու, բացի այդ, եթե հնարավոր չէ իրականությունը, ապա, առավել ևս, թող պատկերեն իրենց ներկերով:

Գուցե հենց այս դեպքում կարող են լինել տեսնողներ …


165.

Երբ լռությունն է դառնում արտահայտվելու միջոց, ամեն ինչն է վերածվում երկխոսելու ընկերոջ, իսկ խոսուն ով-երը սկսում են լքել ընկերության շարքերը …


166.

Ապրելու միջին տևողությունը չափազանց կարճ է գոյությունը հասկանալու համար և անչափ երկար, երբ սկսում ես այն զգալ, իսկ սպասելու ձանձրույթը հաղթահարվում է քաոսի խելահեղ ներկայացումներին հետևելով, որոնք կատարյալ գեղեցիկ են, երբ ինքդ դադարի մեջ ես:


167.

Ինչպես իրերի պետքությունն ու գեղեցկությունն է ամբողջական դառնում իրենց համապատասխան վայրում, այդպես էլ մարդկանցը՝ իրենց համապատասխան միջավայրում: Իրերի պարագայում հարցը թվում է ավելի պարզ, քան մարդկանց, բայց, իրականում, մարդկանց դեպքում էլ չկա իր տեղն իմանալու դժվարություն և ամեն ոք իր ներսում գիտի որն է իր տեղը, այլ բան է, թե որքանով ենք առաջնորդվում մեր ցանկությամբ և արդյոք ունենք դրա հնարավորությունը: Հնարավորության բացակայության պարագայում էլ առկա է մեր ցանկությունը, տարբերությամբ, որ այս դեպքում այն սերված է ոչ թե մեր էությունից, այլ՝ միջավայրից: Մի դեպքում մեր իսկականը խեղդվում է ամոթի, մյուս դեպքում՝ պատկերացման տակ. մի դեպքում ազդում է նվաստացումը, մյուս դեպքում՝ հպարտությունը. երկուսն էլ միջավայրի ծնած բարոյականություն կոչվող հրեշի ձեռքերն են, որը տեղից տեղ տարբեր է, բայց էությամբ՝ անփոփոխ:

Նրանք, ովքեր խեղդվել են նվաստացումից, որպես սփոփանք օգտագործում են «ծաղիկն աղբի մեջ էլ է ծաղիկ» միտքը, բայց լռում են նրանում, որ գրեթե ոչ ոք աղբաման նետված ծաղիկը չի վերցնում՝ այն այլևս անպետք է, բացի այդ, դրանով նաև գերեզմաններ են զարդարում՝ դե, իհարկե՜, ծաղիկը հենց դա էլ երազել է միշտ …: Իսկ նրանք, ովքեր խեղդվել են հպարտությունից, սփոփվում են «կեղտը նաև ուտեստ է՝ պայմանավորված մատուցելու ձևից» մտքով, բայց լռում են նրանում, որ իրենք, առանց դեղահաբերի, այլևս ինքնուրույն ոչինչ մարսել չեն կարողանում:

Գուցե, ոչ էլ սրանում է ընդհանուր, հայտնի իրականության բացատրությունը, բայց այդ դեպքում հարցական է մնում այն, թե ինչու են այդքան շատ անհատական, գաղտնի իրականությունները, որտեղ թագավորն առանց նվաստացումի նախանձում է մուրացկանին, իսկ մուրացկանն առանց փառասիրության խանդում է թագավորին …

Բայց թողնենք մարդկանց, մտորումը ծագեց նրանից, որ քաղաքի պանելներով խեղդված կածաններ կան կարճ-կարճ, որոնցով հաճույքով կզբոսնեինք, եթե նրանք լինեին անտառում կամ, գոնե, այդչափ կտրված չլինեին բնականությունից:


168.

Գիտակցականում այն, ինչ կոչվում է մենակության հանդեպ վախ, ենթագիտակցականում համարվում է մենակությունը կորցնելու վախ. ահա, թե ինչու ենք ձգտում հարաբերությունների. դրանցով մենակությունը զգալի է դառնում, երբեմն էլ՝ հարություն առնում, բայց քանի որ գիտակցությունը հաճախ ծուռ հայելի է ճշմարտության առջև, արդյունքում խելամիտները փախչում են իրենցից, խենթերը՝ ձգտում գտնել իրենց: Վերջիններիս մեջ շատ հայտնի անուններ կան՝ Հիսուս, Նիցշե, ..., իսկ անհայտների մեջ կարող է լինել կարդացողիդ հարևանը, ընկերը …, կամ հայելու միջից քեզ նայողը, որին, գուցե, մի օր կնկատես, երբ նայելիս լինես ինքդ քեզ:


169.

Ապոկալիպսիս.

«Նոր մարդկություն՝ նոր աստվածների համար» ծրագիրը փուլ առ փուլ իրականացվում է և մարդկանց զոմբիացումն այլևս ֆանտաստիկայի ժանրից չէ, ու ճշմարտությունը, որ ոչինչ գոյություն չունի առանց հակակշռի, առիթ է տալիս երևակայելու ապագա, որում տեղի են ունենում պատերազմներ, որոնց համեմատ մեզ հայտնի պատմության մեջ եղածները խաղ են թվում. կրակի հեղեղն աշխարհում լինում է այնքան շատ, որ այն նույնացվում է «աստվածաշնչյան ջրհեղեղի» հետ, իսկ հետոն՝ դրան հաջորդող կամ, գուցե, դինոզավրերից սկսվող նույն սցենարով:

Դե ինչ, ի կատա՜ր …


170.

Ամենակրքոտ համբույրը գոյից ստանում ես հատվածում, երբ այն ճյուղավորվում է կյանքի ու մահվան, բայց չես ընտրում դրանցից ոչ մեկը՝ անցնում ես ուղիղ, ու գոյությունդ դառնում է առեղծվածային, մինչև տված թույնը հասնի սրտին …


171.

Առողջ սիրտ ունենալը չի ուրախացնում, երբ հոգին արդեն ՄԵԿացել է կրծքավանդակում …


172.

Ցավն անհատին, խրախճանքն ամբոխին. վերնագիր, որի տակ ամփոփվում է մարդկային պատմությունը: Իհարկե, առանձին մարդն էլ կարող է խրախճանել՝ ամբոխը վաղուց գիտակցության տեսակ է …, իսկ խնջույքին յուրահատկություն տալուն անհրաժեշտ ցավագարներին հատկորոշելու և տեսակավորելու համար՝ հորինվեցին արվեստի ճյուղերը, բայց մարդ-ամբոխներն անգամ այդ սուտը շատ համարեցին նրանց …


173.

Երբեմն քեզ բռնում ես մտքի վրա, որ ուրիշին ասում ես ցավդ տանեմ, բայց ինքդ քոնը տանել չես կարողանում, ու թվում է, որ, ուրեմն, կեղծում ես նրան և ինքդ քեզ, բայց ոչ՝ ուղղակի հենց այդպես էլ կա. երբեմն, ուրիշի ցավը տանում ես դու, իսկ քոնը տանում է քեզ …


174.

Մահը ցրում է մտահոգությունը, որ, երբևէ, որևէ մեկը կարող է մնալ որբ …


175.

Երբեմն, թեկուզ պահի տակ, բայց անպայման ոչ պատահական, զգում ես՝ կարծես ոչ մեկին չես սիրում, հետո հասկանում ես, որ, ուղղակի, երբեմն, թեկուզ պահի տակ, բայց անպայման անհրաժեշտաբար, անհասցե սիրում ես ամենքին:

Ըստ այդմ էլ պարզվում է, որ երբեմն անասուն ես, հաճախ՝ մարդ, երբեմն էլ աստված, ու երբ սա պարզում ես, երկու երբեմները մեկտեղվում են …, ու, որպեսզի խուսափես գժանոցից կամ խաչվելուց, թաքնվում ես փիլիսոփայի դիմակի տակ:


176.

Հոգին լռությամբ է լսելի, իսկ լռությունը ձայնի բացակայություն չէ, այլ՝ համրանալու աստիճան ասելիքի կուտակում:


177.

Անցյալը մասնատել է ամբողջությունը, որն ունեցել ենք ապագայում, բայց քանի որ արդեն հասկանում ենք առերևույթ այս թարսի ճշմարտությունը, ուրեմն էլ չկա նույնը կրկնվելու մտահոգություն. ժամանակից դուրս է մեր ընտրած ուղղությունը …


178.

Չի լինում առաջնորդում առանց փառասիրության, ու չի լինում հետևորդություն առանց սեփական շահի հաշվարկման, բայց լինում են այնպիսիք, որոնցում դրանք քողարկվում են երեսպաշտությամբ, ինչն էլ, վերջին հաշվով, արժեզրկում է ցանկացած լավ բան, որը ձեռք է բերվել պայքարի արդյունքում: Ըստ այդմ՝ ցանկացած ոգեշնչում, որը սկսվում է «Հանուն ձեզ»-ով, ու ցանկացած մեծարում, որը սկսվում է «Հանուն քեզ»-ով, արդեն իսկ ազդանշան են սպասվելիք հուսախաբության: Ուրեմն, ինչու՞ անկեղծ չեն նրանում, ինչը ստանալու են հաջողության դեպքում և կրելու են հպարտությամբ, ու, փաստորեն, ահա այս վերջինն է ստիպում դիմել երեսպաշտության, որ չվնասվի անհաջողության դեպքում:


179.

Ինքնավստահ է պատառոտված շորերով, գուցե, որովհետև, սիրուն մարմին ունի,

Ինքնավստահ է վնասված մարմնով, գուցե, որովհետև, սիրուն հագուստ ունի,

Իսկ երբ անկախ այս որովհետև-ներից, անկասկած է՝ սպիներով լի հոգի ունի …


180.

Կասկածել-գիտենալ բանաձևով ճանաչողությունն ի վերջո հանգում է հավատում եմ-չգիտեմ ճշմարտությանը, ինչը, սակայն, խիստ սուբյեկտիվ իմացություն է, ուստի երբեք չի փոխանցվում որպես պատրաստի արդյունք և ամեն ոք պետք է անցնի ինքնուրույն, բայց քանի որ մարդիկ մեծամասամբ փնտրում են պատասխաններ և ոչ՝ ճշմարտություն, արդյունքում՝ ավելի շատ հանդիպում են վստահ եմ-գիտեմ բանաձևով մոլորյալներ:

Թեպետ, մյուս կողմից էլ, ճիշտ է կյանքը խաբված ապրել …


181.

Քանի դեռ չես քնել, օրը չի փոխվել, իսկ օրվա երկարացումը կրճատում է դրանց քանակը շաբաթում, ամսում, տարում. ադյունքում՝ կյանքն է կրճատվում, քանզի բնավ ուրախությունը չէ, որ օրերն իրար է զոդում …


182.

Կյանքն ինձ համար՝ ինչպես անչափ ցանկալի պոռնիկ. խանդս թույլ չի տալիս ընդունել որպես կողակից, կիրքս՝ հրաժարվել նրանից, ըստ այդմ էլ՝ հաճախ ուրիշների, երբեմն՝ իմ պոռնիկ …

Իսկ թե նա ինչ է իմ հանդեպ զգում, սուր արտահայտվում է, երբ մահն է ֆլիրտ անում. ըստ այսմ էլ՝ ինքս եմ, գուցե, սրանց համար՝ ինչպես անչափ ցանկալի պոռնիկ …


183.

Վաղվա մասին անկասկածելի է միայն այն, որ մի օր չի գալու, իսկ բոլոր հաստատներն այսօրվա՝ այս պահի մեջ են …


184.

(Ինքնա)ճանաչողության մեջ կա մի սահման, որից այնկողմ հայտնվում ես ընդհանուր երթևեկությանը հակառակ շարժման մեջ, ու եթե անգամ հնարավոր լինի վերադառնալ, միևնույն է՝ չի լինելու այնպես, ինչպես մինչ այդ էր, քանզի արդեն անդառնալի փոխվում ես ինքդ, ուստի՝ մնում է շարունակության բովանդակությունը որոշել վերջի ձևի ընտրությամբ. երկար ու ձանձրալի, թե կարճ և հույզերով լի, ըստ այդմ՝ գերադասելի է վերջինը. արգելակների մասին մոռանալով՝ սլանալ մինչև, օրինակ, կհանդիպես անհաղթահարելի շրջադարձի կամ մի անմեղ ոչխարի ու վերջ …

Թեպետ կա նաև երրորդ տարբերակը. երթևեկությանը հակառակ, բայց ճանապարհի եզրով, ու երջանիկ է ապրում տականքի նաև այս տեսակը:


185.

Հաշտարար մի եղիր այնտեղ, որտեղ կա ինքն իր հետ կռիվ. սիրում ես՝ ապտակիր, ոչ՝ հեռացիր:


186.

Երբ ավագ սերունդը երիտասարդ սերնդին մեղադրում է անբարոյականության մեջ, տեղին է հնչեցնել հռետորական հարցը՝ իսկ ո՞վ է մեղավոր նախամարդու բարոյականությունը պղծելու համար և սերունդներիցս ո՞րն է դրան ավելի մոտ գտնվում:

187.

Մարմնին հաճելի է արագությունը, բարձրությունը, թռիչքը …, քանզի այդ կերպ որոշակի բավարարվում է հոգուն հասնելու գիտակցության տենչը: Այդ խանդը մարդուն դրդում է կատարելագործման, կամ գիտակցությամբ հոգու բանտարկության, իսկ վերջիններիս միջև հաշտություն գուցե և լինում է՝ այնքանով, ինչքանով հնարավոր է բացարձակի և հարաբերականի միջև …


188.

Առանց պատճառ թախիծ կամ ուրախություն, գուցե, որովհետև, հենց այդ ժամանակ են քեզանից տանում կամ տալիս քեզ՝ ՎԵՐԵՎԻՑ, ու սա իմանալով՝ կարող ես առաջինից պաշտպանվել միտքդ շեղելով, և ավելի շատ ստանալ երկրորդից՝ կենտրոնանալով, իսկ էլ ավելի լավ, երբ պաշտպանության փոխարեն՝ անցնում ես հակահարձակման և հակառակորդից էլ ես վերցնում, քանի դեռ բաց է հետախուզման միջանցքը:


189.

Մարդիկ նման են իրար՝ որպես հանքավայր և տարբեր՝ որպես հանքանյութ, ու առավելապես մնում են չբացված՝ ըստ այդմ էլ իրար այնքա՜ն նման, իսկ հատկանիշները, որով միամտաբար տարբերակվում են որպես անհատականություններ, ընդամենը տարբերությունն է հանքավայրերի մակերևույթի՝ ըստ կլիմայի, տեղանքի …


190.

Մարմնական, հոգևոր կամ գիտակցական արատ չունենալն էլ, երբեմն, ըստ հանգամանքների, կարող է կոչվել խոչընդոտ, երբ հաշվի ես առնում հաջողությունները, որոնց հասնելու հնարավորությունը չէր տրվելու, եթե չլիներ արատ: Ըստ այդմ՝ պետք է նկատի ունենալ, որ քեզանիզ կարող են կտրել ամբողջանալուդ և տալ՝ ամբողջացումդ խաթարելու համար:


191.

Ամեն ինչին զուգահեռ՝ զգում ես, որ ոմն ինչի ստրուկն ես, իսկ ազատականանալու գաղափարը, որը ծագել է մեջդ, խանգարում է հաճույք ստանալ ստրկությունից, ինչն այնքան հաջող ստացվում է շատերի մոտ: Ընտրությու՞ն. միթե՞ դա մեր ազատությունն է, երբ ընտրելին մեզանից դուրս է ստեղծվում, առաջարկվում …, բայց և այնպես, ազատության գաղափարն էլ պատահական չի տանջում, ինչը հաճախ ստիպում է հակառակվել ամեն ինչին՝ լավին վատով, վատին լավով, միայն թե զգաս, որ ենթակա չես, արդյունքում՝ վերածվում ես համակարգից աքսորվածի և, գուցե, հենց դա էլ ազատությունն է, որը ձեռք ես բերում այնտեղ, ինչը դուրս ու բարձր է համակարգից, հետևաբար, նաև, մերժված դրա կողմից:


192.

Ստրկավարձ, թե աշխատավարձ, կամ քեզ դիմում են Դուք-ով, թե արա-ով. ինչ տարբերություն ինչպիսինն է ընթացքը, երբ ապրել ու մեռնելդ չես որոշում ինքդ: Եթե միայն մարդիկս հասկանայինք, թե ինչքան ենք խաբվում, երբ միասին պայքարելու փոխարեն՝ իրար դեմ պայքարելու մեջ ենք ճշմարտություն փնտրում:

Գիտակցված լինել էշի քուռակ, թե անգիտակցաբար. վերջինիս դեպքում, երբեմն, կարող ես ստանալ էշատիրոջ թվացյալ զգացողություն, իսկ առաջինի դեպքում կարող ես ազատականանալ՝ արձակված գնդակը բաց կրծքով ընունելով:


193.

Ցավը, զգայականից հետո, շարունակում է հիշողության մեջ ապրել, ու սղոցող «ինչպես ես» հարցը դադարում է տհաճ լինել, երբ կենտրոնանում ես ցավը մեղմանալու հաճելի զգացողության վրա, ու երբ հասկանում ես, որ քան վերջինս, չկա էլ հաճույքի առավել մեծ տեսակ, սկսում ես տենչալ հեշտանք՝ ավելի ու էլ …

194.

Ով ինձ հետ է, հարվածի տակ է. ով միայն զգացմունքով է անտեսում այս ճշմարտությունը, միամիտ է, ով գիտակցաբար՝ խենթ է, ու սա ասելով՝ ինքս էլ միամիտ եմ և/կամ խենթ:


195.

Յուրաքանչյուր գիտություն, ուղղակի կամ անուղղակի, կապված է ՄԵԾՆ ԱՌԵՂԾՎԱԾԻՆ, և յուրաքանչյուր մասնագիտություն լոկ միջոց չէ սոցիալական կեցության ապահովման, այլ՝ մեկ ընդհանուր նպատակի մաս է՝ որպես առեղծվածի ճանաչման և բացահայտման միջոց: Ըստ այդմ՝ անմտություն է գերակայություն տալ դրանցից որևէ մեկին՝ անկախ նրանից, թե ինչ ծավալի ճանաչում է ապահովում, քանզի յուրաքանչյուրն անօգուտ է, երբ բացառվում են մյուսները, ուստի՝ դրանք տարբեր են՝ ըստ գործառույթի, հավասար՝ ըստ նպատակի: Ու ամբողջ բազմազանության մեջ կա մեկը, որն ապահովում է մնացածի կապը և ընդհանուր գործառնությունը, որը, սակայն, անտեսված է առավել, քան որևէ այլ մեկը. փիլիսոփայություն՝ գիտությունների գիտություն և/կամ արվեստների արվեստ, կամ, ուղղակի, (ինքնա)ճանաչողություն, մտածողություն, որով յուրաքանչյուր մասնագիտության մեջ հնարավոր է ձգտել կատարելության՝ ավելի ու էլ, որով գիտություն կրողից ամեն մարդ կարող է վերածվել այն արարողի՝ մարդկությանը մոտեցնելով սահմանագծին, որից այնկողմ վերջապես կհաղթահարվի մարդը: Բայց …, ու համատարած է արհամարհանքը գիտությունների միջև, և բնավ պատահական չէ, որ փիլիսոփայությունը նվաստացվում է սոփեստության պիտակով, իսկ մարդիկս ձևի մրցավազքում մոռանում ենք բովանդակության մասին, քանզի գոյություն ունի նաև այն, ինչը դեմ է մեր բարձրացմանը:


196.

Կաս ու չկաս.

(Ինքնա)ճանաչումդ արդեն շոշափում է ՈՉԻՆՉԴ, երբ մշտական է դառնում զգացողությունը, որ այն չես, ինչում որ կաս, ուղղակի քեզ տրված է աշխարհը տեսնել նրան(ում)ով, ում միջով քեզ հետ հաղորդակցվում է աշխարհը, ու տանջում է հարցը՝ ի՞նչ կապ ունեմ այս ամենի հետ, վերջապես՝ ինչու՞ եմ ես սրանում և ոչ նրանում. ըստ այդմ էլ հետևություն՝ ՈՉՆՉԻՆ ճանաչելն, ընդամենը, վերջն է մեկնարկին հասնելու …


197.

Մաքուր չենք ընկալում իրականությունը, հիշողության մեջ էլ ֆիքսում ենք պատկերացմամբ, ապա վերարտադրում ենք՝ փոփոխված ըստ ցանկալի արդյունքի, որն ակնկալում ենք ստանալ այնտեղ, որտեղ պատմում ենք եղածը. ըստ այդմ՝ միասին ձևավորում ենք հորինված միջավայր, որը թվում է իրական լոկ նրա համար, որ նրանում բոլորս ենք: Իսկ իրականությանն այլ բան չի մնում, քան մեր ճանաչողությանը սպասել այնտեղ, որտեղ մեզ տանում է ցավը, հիասթափությունը, այնտեղ, որտեղ հայտնվում ենք բացառապես անհատապես, ու մենակությունը, հաճախ, ստիպում է դրանից փախչել՝ այն կոչելով սեփական երևակայություն:

Արդյունքում՝ իրականություն ենք կոչում հավաքական երևակայությունը, երևակայություն՝ իրականության անհատական ընկալումը:


198.

Ինքներս մեզ հրաշալի տեսնում ենք անցյալում կամ ապագայում, իսկ պահին, երբ իսկապես բռնում ենք մեզ ներկայում, ըստ իրավիճակի միայն կարողանում ենք գոռալ ՝ գրողը տանի, ինչու՞ եմ ես այստեղ, կամ՝ վայե՜լք, ինչ լավ է, որ այստեղ եմ: Ըստ այդմ՝ շատերն առավելապես բացակայում են այնտեղ, որտեղ կան ֆիզիկապես, իսկ նրանք, ովքեր սովորել են տեսնել իրենց ներկայում, անբացատրելի տխրում են և/կամ անհասկանալի ցնծում …


199.

Խելամտության ձանձրույթից փրկում են միամտությունն ու խենթությունը, և ոչ միայն ձանձրույթից, նաև մարդու մեքենայացումից …


200.

(Ինքնա)ճանաչողության դինամիկա.

Մարդ ես, տարօրինակ մարդ ես, տարօրինակ է, որ դեռ մարդ ես …


201.

Տպավորություն է, որ տիեզերքն ինքն իրեն հասկանալու համար է մարդուն ստեղծել, բայց հաշվի չի առել, որ վերջինս էլ կարող է ինքն իրեն հասկանալու տենչով տառապել, կամ հաշվի է առել, բայց թքած է ունեցել, ու քանի որ երկու ճանաչելիների փոխպայմանավորումով է շղթայել, մարդը չունի այլընտրանք, քան ամբողջը ճանաչել:


202.

Իշխանասիրությունը միշտ չէ, որ պատասխանում է հարցին, թե ինչու ենք փորձում իրար փոխել, քանզի, հաճախ, ուրիշից փորձում ենք ստանալ նրան, ում միջոցով կմարմնավորվի ու այդ կերպ կբավարարվի ինքներս մեզ հասկանալու, հետևաբար՝ ինքնաոչնչացման տենչը: Ըստ այդմ, այդ փորձերը չեն բացառելու վիրավորանքը ոչ մի հարաբերության մեջ, քանի դեռ չի ընկալվել սիրո այն իսկականը, որն ավարտվում է մեկը մյուսի սպանությամբ, իսկ, մինչ այդ, ընդամենը սեր, որում ինքնասպանվում են նույն տեղում, և միասին՝ լավագույն դեպքում:

203.

Անապատում գտնվող ջրհորի միակ ուրախությունը երբեմն հանդիպող ծարավներն են, ու, նաև, նրա գոյության միակ իմաստը …


204.

Գոյության երեք սյուները.

Երկուսն էլ սխալ չեն, բայց ճիշտը նրանց հաշտությունն է, որին չեն հասնում, երբ ակտիվ է երրորդը: Այս եռանկյունին տիեզերական մշտնջենականություն է, որը մնում է անփոփոխ՝ նույնիսկ, երբ խաղացողների քանակը ավելանում է, քանզի պայքարը միշտ պարտադրում է համագործակցություն, ինչը ցանկացած թվով մասնակիցներին միշտ դասավորում է երեք կողմում, հետևաբար՝ հաշտությունն առկա է, երբ պասիվաց(վ)ել է երրորդը, ըստ այդմ էլ՝ այն միշտ ժամանակավոր է, քանզի ոչ մի կողմ վերջնական չի պարտվում, որովհետև բոլորն էլ սխալ չեն:

Մաթեմատիկորեն ասած՝ սա մի բան է, երբ բոլոր ժամանակավոր թվերից միշտ ստացվում է հավերժական երեքը՝ մատրիցա, մատերիա, անտիմատերիա, ու սրանում, նաև, արտահայտվում է մեր ընտրության ազատությունը և, միաժամանակ, դրա անազատությունը՝ որպես մեր կամքից դուրս ընտրելիների ստեղծում/առաջադրում:


205.

Լինել հակահրեշ՝ հրեշի վերածվելով.

Խորթ է ցանկացած ուրախություն և տխրությունն էլ չի հագեցնում, երբ ներսդ բացվում է ճանաչողության սև անցքը՝ իր մեջ կլանող բոլոր հիմնարար ճշմարտությունները, ու հրեշին, որ հսկում է մուտքը, էլ չես կարող կշտացնել ոչնչով, ըստ այդմ՝ մնում է ընտրություն՝ լինել նրա վերջին ուտելիքը, կամ արժանի հակառակորդը, և հաղթահարել նրան՝ վերածվելով հրեշի, ու մեկնարկել ազատ անկումը վերև …


206.

Արթունների որսի սեզոն.

Գայլերի միավորման ձմեռը մոտենում է, ու եթե ոհմակը ստացվի, գարունը կբացահայտի արյան շատ լճեր …

Ուստի՝ եթե գայլ ես, ատամներդ սուր պահի, խղճից էլ ազատվի, որ չխանգարի, ու հպարտությունից, որ դուրս չմնաս ոհմակի մարտավարությունից:


207.

Իրար սիրելուց բացի, կան էլի շատ կարևոր բաներ, որ պետք է միասին սիրենք, բայց …, ու առաջինում էլ ենք թերանում, քանզի չենք հասկանում, որ այն ուղղակի փոխպայմանավորված է երկրորդով, և համատարած է անհաջող, նաև հաջողված սիրո ողբաբառաչանքը:

Նույնը նաև ատելության հարցում, որի իսկականին չարժանացած՝ ընդամենը անդուր կռկռում ենք:

208.

Անիմաստ է լոկ երեխա ունենալու համբույրը, և սիրովն էլ ամբողջական չէ, երբ չի ավարտվում արարումով, ինչը կարող է արտահայտվել նաև ոչ մարդու կերպարանքով. առնվազն, գոնե, ինքնարարումով:


209.

… ու գնալով շատանում են հայացքները, որոնցում կարդում ես ոստիկանի և/կամ բժշկի կանչ, բայց ոչ ոք գլխի չի ընկնում, որ փոխարենը անհրաժեշտ է մարդասպանի միջամտություն, կամ հասկանում, բայց այն երկուսի անզգուշությանն են թողնում …


210.

Իրավունքի փիլիսոփայություն.

Մարդկությունը լուռ հաշտությամբ անտեսում է ճշմարտությունը, որ տրված չէ մարդ հասկացության ճշգրիտ սահմանումը: Գաղափարական բոլոր համակարգերը, սկսած փիլիսոփայական սկզբունքներից, հիմնազուրկ են՝ ոչինչ հնարավոր չէ վերագրել մարդուն, համարել մարդկային, քանի դեռ պարզ չէ՝ ով/ինչ է մարդը:

Ցանկացած սահմանման դեպքում՝ ոչ միայն շատերը դադարում են համարվել մարդ (արատով, հիվանդությամբ, էությամբ …), այլ, նաև, շատ այլ կենդանիներ համարվում են մարդ:

Խնդիրն ավելի սուր է օրենքի դաշտում, հատկապես, երբ աշխարհը խմորվում է իրավունքների պայքարում․

Երեխայի, տղամարդու, կնոջ, այսօր նաև դրանց տարատեսակների, առհասարակ մարդու իրավունքներ …՝ սին են բոլորը, քանզի եթե երեխան սահմանվում է անձ/ոք՝ ըստ տարիքի, կին/տղամարդը՝ ըստ սեռի, բացի այն, որ կա նաև սեռային ինքնագիտակցման մոդայիկ խնդիր, բայց չկա անձ/ոք/ մարդ սահմանումը՝ ներառյալ իրավական, հետևաբար հիմքը՝ մնացած այլի իրավական սահմանման, հետևաբար իրավունք/պարտականությունների վերաբերելիության:

Մարդու իրավական սահմանման բացակայության պարագայում անպատասխան է մնում ֆունդամենտալ հարցերից մեկը՝ մարդ լինելը իրավու՞նք է, թե՞ պարտականություն.

- Եթե իրավունք է, ապա կարո՞ղ եմ արդյոք դրանից հրաժարվել՝ հրաժարվելով բոլոր իրավունքներից և պարտականություններից՝ բավարարվելով «արգելվում է կենդանիների նկատմամ դաժան վերաբերմունքը» ապահովությամբ …: Համենայն դեպս այն ինչ արգելված չէ, թույլատրելի է...

- Եթե պարտականություն է, ապա ո՞ր իրավական ակտով և ի՞նչ պատասխանատվություն է սահմանված՝ մարդ լինելուց հրաժարվելու համար …: Համենայն դեպս, պարտականություն հռչակվելու դեպքում, պետք է սահմանվեն բոլոր պարտավորությունները, դրանց իրականացման ձևերը, ժամկետները և այլն՝ մարդ լինելու պարտականությունը կատարված համարելու համար …

Վարչապետ, դատավոր, հանցագործ, փաստաբան …, ցանկացած սուբյեկտ կարող է գործել պատշաճ՝ այդպիսին ներկայանալու իրավական հիմքով՝ սահմանումով, թե ով է վարչապետը, դատավորը, հանցագործը, փաստաբանը …, այլից զատ, առնվազն փաստ է, որ այդպիսին կարող են լինել միայն մարդիկ, որի սահմանումը չկա …, կամ՝ ըստ էության ստացվում է, որ այդպիսին կարող է լինել ցանկացած անասուն, բույս …, ըստ մեկ այլ էության՝ այդպես էլ կա …


211.

Քայլերի անզգուշությունը, դրայվի հետ մեկտեղ, մեծացնում է մեռնելու հավանականությունը, իսկ չափից ավել զգուշավորությունը դանդաղ մահվան ընտրություն է: Կմտածես ինչպե՞ս պահպանել չափավորություն. դու լավ գիտես, երկարակյաց միջակություն …


212.

Սոկրատեսյան կայֆ.

Ձանձրալի է այն ինքնադատումը, որն արդարացումով է ավարտվում, ու միամիտ է այն դատապարտյալը, ով պատժի առավելագույնն ու դրա հաճույքը մինչև վերջ չի վերցնում …


213.

Շատ են քեզ համար մտահոգվող ուղեղները, ովքեր ասում են մի գժվի, ու գրեթե չկան սրտերը, որ ասեն՝ վստահ գժվի, խելամտություն պահանջող խնդիրներդ մենք կլուծենք:

214.

Տիեզերքի անսահմանությունը նրանում է, որ նրա ծագումը դեռ շարունակվում է, ու եթե «Այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ» կանոնը բացառություններ չունի, նշանակում է՝ լինելու է նաև նրա ոչնչացման անսահմանություն, և, գուցե, ոչ առաջին անգամ …

215.

Անսահման է այն, ինչը դեռ ձևավորվում է, իսկ ինչը դեռ ձևավորվում է, նշանակում է ապրում է: Ապրում կա նաև այնտեղ, ինչը մահանում է. այս դեպքում ձևավորվում է այն, ինչը ոչնչացումից է սնվում. կյանքն անսահման է:

Մի կողմ թողնելով բարձրագույն երևույթները, ըստ սրա կարելի է որոշել նաև մարդու կեցությունը. որդերի սննդի ես վերածված նրանում, ինչում քեզ կայացած ես համարում …


216.

Լավը բացառիկ է, երբ, միաժամանակ, ճշմարիտ է …

217.

Ճշմարտությունը զոհն է մեր շտապողականության՝ կրկնելու լսածը …


218.

Իրականում, աշխարհիկ բոլոր պայքարներն ածանցված են մի ընդհանուր պայքարից, որը բացառապես հոգևոր է՝ վեճի առարկան էլ հենց հոգին է, իսկ մարդը դրա ամենաստացված ինկուբատորն է, հետևաբար՝ մեկ թիրախը, միջոցը, վտանգը …


219.

Գիտակցությամբ կարողանալ լինել երազում ու հիշել. ի՜նչ գայթակղիչ, բայց և վտանգավոր ամենազորություն. վտանգավոր, քանի դեռ գայթակղիչ է, իսկ, երբեմն, ուղղակի անխուսափելի է, երբ սահմանը հատված է:


220.

Ի՞նչ է նախընտրում հասարակությունը՝ իրեն ուղղված ծաղր, թե՞ ճշմարտություն. կարևորը՝ մատուցվի ծիծաղելի. ըստ այդմ՝ իշխանությունները, հաճախ, գործում են դրանց համադրությամբ՝ ճիշտ նրանում, որ հասարակությունը հիմարացվում է, ծաղրը նրանում, որ իրենք մեղավոր չեն դրանում, ու քանի որ տևական ժամանակ ոչինչ չի փոխվում, նշանակում է՝ կամ վերմարդկային գիտակցության ենք հասել, կամ լեշակերի ճաշակ ունենք, քանզի ոչ մի այլ դեպքում ծիծաղելի ոչինչ չէր կարող լինել:


221.

Ժամանակավոր հանդիսատես, ով վճարում է, թե՞ ժամանակավոր դերասան, ով վաստակում է. գերադասելի է մայթեզրին մխալը, քան այս կամ այն կերպ թատրոնի կայացմանը մասնակցելը. նա, ով սրանում տեսավ իր ազատությունը, ուշ հասկացավ, որ թատրոնն, ընդամենը, ֆիլմում դրվագ էր, բայց, գոնե, հասկացավ …


222.

Երբ պատկերացնում ես աշխարհը, օրինակ, լուսնի դիտակետից, նրանում տեղի ունեցող ոչինչ չի պատասխանում կյանքի մեկ նպատակ հարցին, և սա, առնվազն, պետք է հուշեր, որ մենք իրար հոշոտելու խնդիր չպետք է ունենանք, եթե անգամ չմտածենք այդ մեկ նպատակի մասին, բայց …, որովհետև մեր հիշողությունից ջնջել են թռչելու ունակությունը:

Իսկ մենք դեռ թևեր ունենք …


223.

Քոնը այն է, ինչը չես կարող չանել, ու եթե անգամ պարզվի, որ քոնը սպանելն է, անկեղծ եղիր դրանում, քանզի քո հաշվով էլ ծրագիր կա համագոյում, իսկ որևէ պատճառով հարաբերականում թերանալը՝ արդարանալու փաստարկ չի դառնում բացարձակում:


224.

Հարգանքը, հաճախ, լինում է և այնքան, քանի դեռ կա իրար իշխելու ձգտում, ինչն ավարտվում է մեկի իշխանության հաստատումով՝ «ստացված հարաբերություն», կամ բաժանումով, ինչից, երբեմն, կենդանի է մնում հարգանքը, ու հազվադեպ է լինում, որ հարգանքն անընդմեջ ուղեկցի հարաբերությանը, քանզի մարդիկ հազվադեպ են մտերմանում՝ պահպանելով օտարությունը:


225.

Մասսայականությամբ ինքնահաստատվածն առիթը բաց չի թողնում նվաստացնել նույն մասսային՝ գիտակցելով էժան բանից իր կախվածությունը, որը հենց ինքն է հեղինակել, բայց դա հաճախ բացատրվում է (արդարացվում) «տաղանդին» բնորոշ «տառապանքով», ինչն, իրականում, տվյալ մասսային պատկանելու վիրավորանքը քողարկելու առանձին մարդկանց փորձ է:


226.

Երբեմն, մենք հեռանում ենք, որ տեսնենք ամբողջն այն ամենի, ինչը չափազանց մեծ է մեր տեսադաշտի համար մոտիկից, հետևաբար՝ անսահմանության համար կպահանջվի անվերջ հեռանալ, իսկ դու՝ իմաստասեր, միաժամանակ ճանաչելին ու ճանաչողն ես, իսկ կարոտը՝ վճարելու ենթակա գինը՝ մեծացող ավելի ու էլ …


227.

Այն, ինչ կոչվում է ընտանիք, ունի մայր և զավակ(ներ) կառուցվածքը, իսկ հայրը ներկա գտնվող աքսորվածն է: Սրա բնազդային ընկալումից հիմար տղամարդը վերածվում է բռնակալի, խելամիտը՝ տղա-մամայի, իսկ իմաստունը, առնվազն, ձգտում է չայլանդակել գեղեցիկը, որի ստեղծմանը մասնակցել, բայց մաս չի դարձել:


228.

Ինքնաբավությունը, այն իմաստով՝ որպիսին հաճախ ընդունված է խրախուսել, հազվադեպ է պատահում, որ, միաժամանակ, չկոչվի լկտիություն, իսկ իսկականն, ընդամենը, պահանջում է, որ շքամուտքից զատ՝ բաց պահես նաև ետնամուտքը:

229.

Մեկն իր ազատությունն արտահայտում է ամեն գնով կյանքից կառչելու կամքով, մյուսը՝ դրանից ամեն պահ հրաժարվելու, իսկ ես, գուցե ամենաքիչ ազատս, ուզում եմ, որ ըստ իմաստնության ավանդույթի լինի՝ մահվան հետ փոխադարձ սեր լինի ու կյանքը մեր միությունն օրհնի …


230.

Երանի քեզ, մեկօրյա կյանք ապրող թիթեռ, որ տեսնում ես մեկ արևածագ և մեկ մայրամուտ, ու ոչ մի կրկնություն …


231.

Մարդու դժբախտության զգալի բաժինը նրանում է, որ նա ձգտում է կրկնել այն, ինչը լոկ մեկանգամյա կիրառմամբ է երանելի:


232.

Գանգի կոշտությունը երաշխիք չէ, որ դրա ներսում ազատ ես, քանզի քան մտքերը, ոչինչ այդչափ կպչուն չէ, ու տես, որ բնավ դու չես դրանց միակ տերը, և, հաճախ, բացի քեզանից, ով ասես տեր է, իսկ մտածողությանդ «ազատությունը» լոկ սրա չիմացությունն է, որի բացահայտումից հետո՝ ինքնասուզումը դառնում է միակ միջոցը, գոնե, երբեմն, այդ ստրկացումից ձերբազատվելու՝ ինքնի՛ն լինելու …


233.

Ինչու՞ հատկապես սիրելիները, երբեք չեն ասում, օրինակ, որ այո, ճիճու ես, միթե միշտ վեհ ենք այդչափ …, ուղղակի այդկերպ կպարզվի, որ իրենք էլ ավելին չեն նրանից, ինչ սիրում են, ու աստվածացնում են, որ իրենց զգան աստվածային, իսկ ճշմարտությունն այն է, որ, երբեմն, ճիճուից ոչ միայն ավելին չենք, այլ՝ անպետք ենք, երբ պահի զգացումից փախչում ենք …


234.

Անվտանգությու՞ն, ո՜չ, սահմաններով ընդամենը որոշում են, թե ինչից, որտեղ, ինչքան պետք է լինի. հավասարակշռու՞մ, այո՝ գաղութների տեղաբաշխում …


235.

Անիմաստ է գեղեցիկը, որը երբեք տեսանելի չի լինելու, ու եթե անգամ առաջին հայացքն էլ է նրա համար մահացու, միևնույն է, մահը գերադասելի է երբևէ չծնվելուց:


236.

Հպարտություն, խիղճ և սրանցից ծնված ու սրանց ծնող վախ. ահա բաղադրությունը վիրուսի, որը ներարկելով մեր մեջ՝ փչացնում, ապա իշխում են մեզ:


237.

Գաղտնիքը մի բան է, որի գոյության մասին իմանում ենք դրա մահով. այդպես էլ մարդկանց մասին, ովքեր վաղը կոչվելու են առեղծված, բայց ի տարբերություն առաջինի՝ երկրորդում, հաճախ, մահանում են նաև պատճառները …


238.

Կասկածելի է բոլորին և ամեն ինչ ներելու բարձունքի նվաճումը, քանի դեռ քեզանում չես տեսնում (ստեղծում) ինքդ քեզ ամենախիստ պատժողին:


239.

Եթե ճանաչողությունը կարելի է դասակարգել հրաժեշտի և ողջույնի, ապա ես երբևէ սկսել ու շարունակել եմ ապրել հրաժեշտի օրերով …


240.

Ուժի բթությունը նուրբ տեղեր չի կարող թափանցել, ըստ այդմ՝ նուրբը հզոր է առավել …


241.

Այսօրն ամբողջական չենք ապրում՝ վաղվա պատճառով, իսկ վաղվանից ակնկալում ենք չապրածի ամբողջացում. իրարամերժ է, այդպես չէ՞, այո՝ մենք շփոթված ենք …

242.

Թեպետ պիտիները պայմանավորում են մեր գոյությունը, բայց դրանցում անդուր բան կա՝ թույլ չեն տալիս ամբողջական ապրել պահերը, որոնցից էլ, վերջին հաշվով, կազմված է կյանքը:


243.

Երբեմն, մարդ լինելու խնդիրը, արժեքը, նպատակը այնքան վեհ ու ցավագին է ներկայացվում, քիչ է մնում հավատաս, որ այլ բան ես ծնվել ու դեռ պետք է մարդանաս, այն դեպքում, երբ մարդը հենց այն է, ինչ կանք, իսկ լավն ու վատը չի կարող հաստատել կամ ժխտել դա: Մյուս կողմից էլ՝ եթե սա է մարդը, ապա ինչու հազարամյակներ շարունակ չենք կարողանում ընդունել ինքներս մեզ, և արդյոք սա ևս չի վկայում, որ Նիցշեի «Մարդը մի բան է, որը պետք է հաղթահարվի» միտքը գերճշմարտություն-հաղորդագրություն է, որն ինքնին այնքան ամբողջական և ինքնուրույն է, որ դուրս է անգամ իր իսկ արտահայտած կոնտեքստից:


244.

Իմացություն VS ճանաչողություն.

Իմացությունը կապվում է ճանաչողությանը այնտեղ, որտեղ միջոց է դրա համար, բոլոր այլ դեպքերում ոչ միայն տարբեր, նաև դեմ է: Այն, ինչ հանրային ընկալումը կոչում է կրթվածություն, առավելապես հիշողության բեռնում է. ըստ այդմ՝ մարդիկ, առավելապես, կամ դատարկ են, կամ ուրիշներով բեռնված: Վերջիններս, ի տարբերություն առաջինների, առանձնահատուկ տհաճ են, քանզի դրանց հետ երկխոսելուց ում ասես հանդիպում ես՝ հին, միջին, նոր ու նորագույն ժամանակների մտածողներից մինչև դաշտանին հրաժեշտ տված, բայց դեռ կույս մնացած հարևանուհու «իմաստնությանը», սակայն ոչ իրենց: Սրանք տեսակ են, որոնց մեծամտությունն իրենցից այնքան առաջ է հայտնվում, որ համբերությունդ չի հերիքում սպասել իրենց հնարավոր հայտնվելուն: Սրանք օրվա մեջ պաշտպան, մեղադրյալ ու դատավոր են, լրագրող, քաղաքագետ ու օրենսդիր են, ապա մշակութային երեկոների աթոռ զբաղացնող, որոնք իրենց միշտ զգում են հյուր, երբեմն՝ տեր, ընդ որում հնարամիտ այնքան, որ միաժամանակ լինում են մի քանի տեղերում: Բայց, այսքանից զատ, առավել անտանելի է սրանց գիշերային դիմակավորումը, երբ օրն ավարտում են որպես դարի մտածող ու բութ քնից առաջ՝ օրվա մեջ կեղտով լցրած վարտիքը նետում են այնտեղ, որտեղ մի քանի միամիտներ փորձում են տարածել (ինքնա)ճանաչողության մաքուր օդը:


245.

Այո, յուրաքանչյուրը խորքում ունի հրաշալին, զարմանալին, աստվածայինը, բայց անտանելի է ամեն անգամ լինել գերեզմանափոր՝ դա տեսնելու, իրենց էլ ցույց տալու համար:

Այլևս ուզում եմ հանդիպել շքամուտքում, այգում, կամ, գոնե, թփուտներում, իսկ եթե ամեն դեպքում միակ միջոցը մնում է բահը, միևնույն է, ես այն վայր եմ դնում:

Կամ, գուցե, չափից ավելի խորն եմ ճանկռել սեփական հորը …


246.

Ժամանակն, ընդամենը, քարտուղար է՝ ոչինչ չի որոշում, միայն արձանագրում է, ու մենք էլ, հաճախ, որոշողը չենք (եթե, երբևէ …), բայց միշտ ենք կատարողը:


© Տիգրան Գորշ / ես սեր եմ, մնացածը ես չեմ

Comments


SUBSCRIBE

Thank you for subscribing to my blog

©2015-2023 Tigran Gorsh

bottom of page