117
Տղամարդիկ, ի տարբերություն կանանց, փոխարինող ունեն բնության մեջ` կանայք շատ հանգիստ կհարմարվեն նաև կապիկներին, ու, թերևս, շատերը կնկատեն միայն գրպանների բացակայությունը, իսկ այն քչերն էլ` պոչի առկայությունը:
Երկու դեպքում էլ համակեցության եզրեր կգտնեն, եթե տղամարդկանց հետ մինչ օրս հաջողացրել են:
Այլ է վիճակն առանց կանանց. հեչ վիճակ չի:
118
Պատմությունը փաստարկեց.
Թեպետ «կարևորը գործն է, ոչ թե խոսքը», բայց հիշողության մեջ «հաղթում է խոսքը, ոչ թե գործը»:
119
Ծնողի խրատը` որպես ժառանգություն,
որի նկատմամբ իրավունքը լսելու պահից է ծագում, թեպետ շատ ավելի ուշ է գիտակցվում,- Ստացման համար նոտարին դիմելու հարկ չի լինում ու վեճի առարկա չի հանդիսանում,- Անսահման թվով ժառանգների մեջ բաժանվում ու չի փոքրանում, անգամ թոռներին է բաժին հասնում,- Միշտ քո հետ է լինում ու առուծախի չի ենթարկվում,- ի տարբերություն գույքի, այն հավերժ է մնում:
Ծնողի խրատն ամենաթանկ ժառանգությունն է համարվում:
120
Բոլոր դեպքերում, երբ հակադիր կարծիքների բախումը վերաճում է ճանաչողական երկխոսության, դրա կողմերը դառնում են իրար արժանի արժանավորներ, իսկ երբ այն վերածվում է փոխադարձ վիրավորանքներով վեճի, նրանք դառնում են իրար արժանի անարժաններ, ու երկու դեպքում էլ էական չէ, թե ով է ավելի մոտ ճշմարտությանը:
121
Շնորհակալություն.
ի պատասխան ինքնաբուխ արարքի. առանց հաշվարկի, խնդրանքի ու պարտքի զգացումի, հենց այնպես` ուղղակի:
Ու այլ է օրդ, թե դարձել ես հասցեատեր մարդասիրական այդ հրաշք խոսքի, կամ զգացել ես վերաբերմունք երախտիքի արժանի:
Բայց փոխվել է ընկալումը հումանիզմի, շնորհակալությունն էլ վերափոխվել է էթիկայի էժան տարրի` բոլորիս հայտնի ֆրանսերեն «մերսի»-ի:
122
Ու այլ տարբերակ չկա.
Երբ ոչ մեկին չես «շղթայում», վտանգ կա, որ ոչ ոք մոտդ չի մնա, նաև հավանական է, որ կհնչի անտարբերության մեղադրանք, բայց, միաժամանակ, դրանում իրական հավատարմությունը ճանաչելու հնարավորություն կա. ով կմնա:
123
Սերունդներին կտակելու մեծագույն արժեքն ապրելու ժամանակն է:
124
«ՆԱՀԱՊԵՏԻ» կարիքում ենք.
Ցանկացած հասարակություն դառնում է ավելի խոցելի, ու նրանում աննշան կոնֆլիկտը կարող է վերաճել աղետի, երբ չկա այն ՄԵԿԸ (փիլիսոփան, իմաստասերը, ուսուցիչը, ...), ով իր առաքինությամբ, իմաստությամբ և արդարաբանությամբ լինի ընդունելի, վստահելի ու լսելի բոլորի կողմից` անկախ դասի պատկանելությունից, ով, որպես ժամանակի և հանրակարգի զարկերակ, անհրաժեշտության դեպքում կստանձնի «համակարգի» սնուցման և/կամ ազգային նպատակի շուրջ խավերի հաշտեցման դերը:
Թերևս, «հոգեփրկության» փոխարեն, գոնե այդպիսին պետք է լիներ եկեղեցու առաքելությունը, բայց ..., ու ներկան վտանգավոր է, չափազանց վտանգավոր:
125
Ամենքիս երջանկությունն ուրիշի մոտ է.
Եթե անգամ աշխարհի բոլոր բարիքները պատկանեն քեզ, միևնույն է, այն, ինչ պակասում է քո լիարժեք երջանկության համար, միշտ գտնվում է ուրիշի /ների/ մոտ, ինչը կարող ես ստանալ բացառապես նրա /նրանց/ սրտաբուխ կամքով ու գոյությամբ:
126
Երբ ներսից փոխում ես դուրսը.
- Երբ սեփական կամքով ընդունում ես պատիժդ, այդ կերպ ուրիշներին զրկում ես քեզ պատժելու հնարավորությունից:
- Քանի դեռ ինքդ չես ցանկանում դուրս գալ առանձնարանից, ոչ ոք չի կարող համարել քեզ ազատազրկված:
- Անգամ հարկադրանքը հնարավոր է վերափոխել սեփական ցանկության` ինքնակառավարումով և ինքնահաղթահարումով, նույնն է, թե հաղթանակով՝ ամենքի և բոլորի հանդեպ:
127
Հաճախ գովքից ու պարսավանքից համապատասխանաբար հասկանում ես, թե դիմացինն ինչն է սիրում ինքն իր մեջ և ինչ է նախանձագին ցանկանում ունենալ:
128
Թող յուրաքանչյուրն ինքնուրույն ճանաչի սխալն ու ճիշտը.
Երբեք մի ձգտիր լինել հեղինակություն զանգվածների համար, քանզի հնարավոր սխալդ կստանա զանգվածային կիրառություն, և նույն հիմնավորմամբ բացառիր այն թեկուզ մեկի, ու ուրիշի հեղինակությունը` քո համար:
129
Կանացի «խորամանկություն».
Կինն ունի հրապուրելու երկու սկզբունքային եղանակ` ՄԱՐՄԻՆ և ՄԻՏՔ: Որքան շատ է կիրառում ՄԱՐՄԻՆԸ, այնքան պակաս է ՄԻՏՔԸ. ընդ որում, ինչքան պակաս է ՄԻՏՔԸ, այնքան դյուրահաս է ՄԱՐՄԻՆԸ:
Ըստ այդմ, որոշ կանայք խելացի /դժվարահաս/ երևալու համար սահմանում, ապա, ըստ անհրաժեշտության, փոփոխում են իրենց սակագինը /որպես կանոն` թանկացնում/:
130
Կանանց աստվածանման զվարճասիրությունը.
Աստվածային հաճույք է զգացումը, որ հանուն քեզ պատրաստ են սպանության, ու, թերևս, աստվածներին բնորոշ զվարճասիրություն է հետևել հանուն իրենց զոհաբերված կյանքերի դանդաղ վախճանին. ընդ որում, ինչքան գեղեցիկ, երիտասարդ ու շատ են այդ կյանքերը, այնքան մեծ է բերկրանքը:
Ահա, թե ինչու են կանայք սիրում ծաղիկներ ստանալ` նրանց էությունն է աստվածային, զվարճասիրությունն էլ` նույնական:
131
Հոգևորի և նյութականի վեճը.
ՀՈԳԵՎՈՐԸ նյութականին. - Ես առաջնայինն եմ ու կարևորագույնը, որովհետև ես ճանաչում եմ, սիրում ու կարեկցում եմ, միտք ու իմաստնություն եմ, վեհ ու անսահմանություն եմ ...
Եվ այս ինքնափառաբանումը շարունակվեց այնքան ժամանակ, մինչև միջամտեցին մարմնի մասերը`
Ստամոքս.- Մի բան գնիր ուտելու, քանի ուղեղդ չի մահացել,
Ոտքեր.- Գոնե երթուղային նստիր, քանի չենք կոտրվել,
Ձեռքեր. - Գրպանդ դատարկ է` կարիքավորին շրջանցիր` ամոթ է,
Սիրտ. - Այն գեղեցկուհուն մի տեղ հրավիրիր. քո սերը ցանկանում է…:
Եվ խոսեց ՆՅՈՒԹԱԿԱՆԸ. - Հիմա բերանդ փակի՛ր ու նստիր քո խցում, քանի դեռ ես թույլ չեմ տվել խոսել և մարդամիջում հայտնվել, այ տխմար «փիլիսոփա»:
132
Էշը գիտի, որ դա նուշ չի.
Տգետին գիրք են նվիրում` նեղանում է` ընդունելով որպես աղքատ լինելու մաղթանք:
133
Ամենակարողի իրավաբանական հնարքը.
Մարդիկ դիմում են աստծուն և առանց նրա պատասխանը լսելու ասում` «Ամեն», իսկ նա հաճախ պատասխանում է՝ «քեզ չի հասնում», ու ստացվում է, որ դիմողներն իրենք են համաձայնում իրենց ցանկությունների մերժմանը. պատասխանատվության բեռի փոխանցում:
134
Ամենածախսատար զբաղմունքը պարապությունն է, ամենաեկամտաբերը` բարեգործությունը:
135
Աղքատներիս հոգին էլ մաքուր չի.
Մենք` աղքատներս, ավելի շատ ենք խոսում փողի բացասականության մասին, քան որևէ այլ դասի ներկայացուցիչ, ու պարզ հարց է առաջանում` ինչպե՞ս է հնարավոր ճշմարիտ դատողություններ անել մի բանի մասին, ինչը չունենք, չենք զգացել, տեսել ու շոշափել, և արդյո՞ք մեր հետևություններում չի գերիշխում նախանձագին ցանկության անբավարարվածությունը:
Գուցե մենք այսքան «լավն ենք», որովհետև վատը ցույց տալու հնարավորությու՞ն չունենք:
136
Գիտելիքը ձեռք են բերում սովորելով, զարգացնում` փորձով, ամրապնդում` սովորեցնելով /ուրիշներին փոխանցելով/:
137
Կրակից վերցնում ենք լույսն ու ջերմությունը, վանում` ծուխը.
Կրակով ջերմանում ու ճանապարհ ենք լուսավորում, նրանով կարող ենք դառնում ու սրտեր ենք գերում, գիշերներ գեղեցկացնում ու լույսի ներքո սեր ենք անում, և, դրան զուգահեռ, նրա ծուխը վանում` անդուր ենք համարում ու կուրացումից խուսափում, իսկ երբ էլ պետք չէ, ջրով մարում /անգամ վրան միզում/:
Այդպես էլ, որպես կանոն, նրանց գոյությանն ենք վերաբերվում, ում մտորումներին հաճույքով ականջ ենք դնում, մտքերն ըստ պահանջի կիրառում, հաճախ ընդօրինակում և/կամ արժանիքն այդ մեզ ենք վերագրում` նրանց սիրով սեր խաղում, տառապանքով իմաստուն ենք ներկայանում, և, դրան զուգահեռ, նրանց էությունն արհամարհում, իսկ երբ մեր մասին են ճշմարիտն ասում, նրանց վրա թքած ենք ունենում` ՆՐԱՆՑ ՀՈԳԻՆԵՐԸ ԿՐԱԿԻ ԾԽԻ ՆՄԱՆ ԵՆ ՀԵՌԱՆՈՒՄ:
138
Ազատական տգետների, անազատ գիտակների և բացառիկ տեսակով երրորդների մասին.
Գիտելիքը որևէ բնագավառի վերաբերյալ իմացությունների, իսկ փորձը՝ այդ իմացությունների կիրառությամբ սերտած հմտությունների և ունակությունների ամբողջությունն է: Լ.ի.-ով կարելի է ասել, որ գիտելիքն ու փորձը մտածողության հետևանքն են:
Բայց ինչպես յուրաքանչյուր ամբողջության, դրանց ևս բնորոշ է որոշակիությունն ու սահմանափակվածությունը, և ստացվում է, որ մտածողության ազատության չափը հակադարձ համեմատական է գիտելիքների չափին. որքան քիչ է գիտելիքը, այնքան գործելու ազատ տարածություն ունի մտածողությունը, բացի այդ, որքան ամրապնդված է գիտելիքը, այնքան դժվար է նրա սահմաններից դուրս գալը, հետևաբար, դրան զուգահեռ, դժվարանում է նաև նորի հայտնաբերումը և/կամ դրա ընդունումը:
Մյուս կողմից, ի սկզբանե մտածողության հետևանք լինելով` գիտելիքն ու փորձը աստիճանաբար վերածվում են դրա պատճառի, և նկատի ունենալով, որ յուրաքանչյուրը մտածում է գիտեցածի միջոցով և չափով, որպես կանոն, համոզմունքով իր իմացության ճշմարտությանը` արդյունքում ստացվում է ԱԶԱՏԱԿԱՆ ՏԳԵՏՆԵՐԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ և ԱՆԱԶԱՏ ԳԻՏԱԿՆԵՐԻ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆ, բայց կան բացառիկ տեսակով ԵՐՐՈՐԴՆԵՐԸ, ովքեր, անկախ գիտելիքի և փորձի չափից, դատողությունները մեկնարկում են «ԵՍ ՉԳԻՏԵՄ»-ից:
139
Ցանկություն, որ ցանկանան կանայք.
Այն, որ տղամարդիկ պատրաստ են իրագործել կանանց յուրաքանչյուր հնարավոր ցանկություն, լոկ խոսքեր չեն, այլև բնության օրինաչափությամբ պայմանավորված փաստ /մղում/, ու, թերևս, կնոջ նվաճումը տղամարդու համար բուռն ձգտումի առաջնային նպատակներից մեկն է /եթե ոչ առաջինը/:
Ուստի, հարգելի՛ կանայք, մեզանից ցանկացեք շարունակական ինքնակրթություն, համոզված եմ` դրա իրագործումն անհնար չէ, ու ձեր ցանկության պարագայում` անխուսափելի, ինչի արդյունքում աստիճանաբար կձևավորեք ձեր նրբագեղությանն արժանի միջավայր:
Թեպետ համաձայն եմ` ցանկանալուց առաջ նախ անհրաժեշտ է ունենալ ցանկալիի կարիքը, մյուս կողմից էլ` լրիվ այլ է բանը, եթե կիրթ լինելը համարվում է շահավետության ո՛չ առաջնային բաղադրիչը:
140
Ապրելու «կաշառք».
Մեզ պարտադրվել է ապրել, իսկ ՍԵՐՆ ու ԿԻՐՔԸ տրվել որպես «կաշառք», որ վաղաժամ չօգտվենք չլինելու մեր իրավունքից, քանի դեռ չենք վաստակել այն:
141
Հանրայնացված ամեն բան պարունակում է գարշելի հոտ.
Նույնիսկ սրբերն են մտածում, որ եթե շատերը դառնային առաքինի, ապա իրենք կնախընտրեին վերածվել անառակի:
142
Կարոտ երկխոսության.
Հաճախ խոսում ես մեկի հետ, բայց լսում ես մի քանիսի ձայն` երբեմն, անգամ, ամբողջ բազմության կամ հասարակության, և շատ քիչ է պատահում, որ մեկ բերանից հնչի մեկ ձայն, ու այսպես առաջանում է կարոտ երկխոսության /ճանաչողության և անկեղծության, զգացողության և հասկացվածության ... ` առանց «դատավարության»/:
143
ՆՈՐ «ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆ» ՆՈՐ «ԱՍՏՎԱԾՆԵՐԻ» համար.
Աղանդավորներ` լվացած, ապա հատուկ ներդրված ծրագրով, այլ կերպ`բթությամբ մեզ ծանոթ ուղեղները, որոնք առերևույթ համեստ են, հաճախ` ձևացող խեղճ և համբերատար անգամ իրենց ուղղված ծաղրին ու նվաստացումներին, անհատապես, իհարկե, անվնաս են` ճիշտ այնքան, որքան և անպետք, բայց նրանց հավաքական ուժը նման է դանդաղ գործարկման ռումբի` կհասնի ժամանակը, կամ կլինի համապատասխան ազդակը և նրանք կպայթեցնեն ցանկացած հասարակություն, կվերածվեն ամենադաժան արնախումների:
Այդպիսի մարդիկ շատ նման են զոմբիների, որպիսիք վերածվում են հատուկ «լաբորատորիաներում» և հանուն հատուկ նպատակի` ՆՈՐ «ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆ» ՆՈՐ «ԱՍՏՎԱԾՆԵՐԻ» համար:
144
Ամենքիս երջանկությունն ուրիշի մոտ է.
Եթե անգամ աշխարհի բոլոր բարիքները պատկանեն քեզ, միևնույն է, այն, ինչ պակասում է քո լիարժեք երջանկության համար, միշտ գտնվում է ուրիշի /ների/ մոտ, ինչը կարող ես ստանալ բացառապես նրա /նրանց/ սրտաբուխ կամքով ու գոյությամբ:
145
Պատասխան գտնելու ունակությունն ավելի արժեքավոր է, քան կոնկրետ գիտելիքը.
Մարդու կողմից տիրապետվող իմացությունների ամբողջություն /գիտելիք/, որը կախվածության մեջ է օբյեկտիվ իրականությունից, իսկ նրա չափը` հիշողությունից: Իրականության փոփոխությունը, ինչն արագ է տեղի ունենում, անպետք է դարձնում իմացյալը, իսկ հիշողությունն էլ անսահման չէ, և հաշվի առնելով նաև «պատմաբանների» գործոնը, արդյունքում գիտակցության մեջ զգալի տեղ զբաղեցնում է անպետք «արխիվը», որը, շարունակաբար մեծանալով, դժվարացնում է նորի ընկալումը: Դրանից խուսափելու և հիշողությունն էլ առավել արդյունավետ օգտագործելու համար պետք է ոչ թե անընդհատ կուտակել գիտելիք, այլև զարգացնել պատասխան գտնելու ունակությունը, ինչն ապահովում է ժամանակին համահունչ նորի ընկալումը, հետևաբար, նաև՝ գիտակցության պիտանելիությունը:
Հավելում. Պետք կգա կրթօջախներում և երեխաների դաստիարակության գործում:
146
Սպասումը հաճախ տալիս է յուրահատուկ և երկարատև բավականություն /երբեմն առավել, քան սպասելիի ստացումը/. անգամ ակնթարթում լավ զգացողություն ապրելու իրական ակնկալիքը մի ամբողջ ամիս կարող է ապահովել հրաշալի տրամադրություն:
147
Տղամարդու «աղակալված» հոգին.
Տղամարդկանց հեկեկալով լացին սովորաբար կարելի է ականատես լինել հարազատի մահվան դեպքում: Նրանց լացը յուրօրինակ տեսարան է և պայմանավորված ոչ նրանով, որ արտասովոր է լացող տղամարդ տեսնելը և ոչ էլ` հարազատի մահվան փաստով: Դա այն եզակի թույլատրելի հնարավորությունն է, որի ժամանակ ազատություն է տրվում տարիներով պարտադրված զսպումի բռնությունից հետո, երբ կոտրվում է մանկուց «չի կարելի»-ից կուտակված արցունքների նստվածքը` հոգու «աղակալված» պատերը /սեռի մի ամբողջ տրագեդիկ տեսարան/:
Իսկ ոմանց համար նույնիսկ մահն էլ այլևս հնարավորություն չէ /արդեն ուշ է/:
Եվ սա բազմաթիվ հետևանքների պատճառ` հոգևոր-ստեղծագործականից մինչև անգամ առողջական ...
Անգամ ծխելն այդչափ վնասակար չէ:
148
ԾՆՈՂՆԵՐ.
Տալիս են միայն ծնողները. մնացած բոլոր հարաբերություններում տալ չկա, կա միայն վերցնել` իրարից կամ միակողմ:
Դրա համար, անկախ նրանից, թե որ տարիքում են, մարդիկ որբանում են ծնողների չլինելով:
149
Ավագ սերունդների դերը կյանքի հանդեպ մեր գիտակցության վրա.
- Քանի կան նրանք, ում համար ծոռ ենք, թվում է, թե կյանքը հավերժական է, մենք էլ` անմահ, - երբ մնում են նրանք, ում համար թոռ ենք, հասկանում ենք, որ կյանքը հավերժական չէ, բայց թվում է, թե բացառության կարգով մենք ենք անմահ,
- երբ մնում են նրանք, ում համար զավակ ենք, հասկանում ենք, որ կյանքը սահմանափակ է, մենք էլ` մահկանացու,
- երբ այլևս չկան մեր ավագները, զգում ենք, որ ահա և մոտ է վերջը:
Ու գիտակցության նման հասունացմանը զուգահեռ փոխվում է մեր վերաբերմունքը կյանքի, նաև սերունդների հանդեպ /անտարբերությունից սրտացավություն` որպես կանոն ուշացած/:
150
Սիրտը պարտվեց դատարանում.
ՍԻՐՏԸ հայցով դիմեց առաջին ատյանի դատարան ընդդեմ ՈՒՂԵՂԻ` ազատ, իր ցանկությամբ ապրելուն խոչընդոտելը վերացնելու պահանջով: Դատավոր ԽԻՂՃԸ հայցը բավարարեց, ուղեղը բողոքեց վերաքննիչ դատարան, վերաքննիչը, ՍՏԱՄՈՔՍ և ՍԵՌԱԿԱՆ ՕՐԳԱՆ դատավորների կազմով, վճիռը փոխեց ի օգուտ ուղեղի:
Սիրտը բողոքեց վճռաբեկ, վերջինս, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ կազմով, վարույթ էլ չընդունեց:
151
Ինչպես դիմացինին մեկ բառով զրկել ձեր որպիսության հաշվին «կայֆ» ստանալու հնարավորությունից.
Երբ մարդ լավ է լինում, ցանկանում է դրանով կիսվել հնարավորինս շատ մարդկանց հետ` դա այդ լավը վերապրելու յուրովի միջոց է: Վատ լինելու դեպքում յուրաքանչյուրը գիտի հատկապես ում հետ կիսվել, իսկ եթե չկա նման մեկը, ապա սպասում և/կամ փնտրում է համապատասխան այդ մեկին: Այլ կերպ ասած, մարդիկ իրականում չեն սպասում, որ հարցնեն «ոնց ես», նրանք կամ պատմում են ում պատահի, կամ գիտեն հատկապես ում պատմել: Այդ դեպքում ինչու՞ է այդ հարցը համատարած դարձել բարևին հաջորդող երկրորդ «ախմախությունը», ու պարզվում է, որ «ոնց ես» հարցը մեծամասամբ չի տրվում դիմացինի լավն ու վատը իմանալու և նրան կարեկցելու համար. այն հաճախ դիմացինի որպիսության հաշվին սեփական որպիսությունը բարելավելու միջոց է: Դրա համար, երբ հնչում է «լավ եմ» պատասխանը, էլ հարցեր չեն առաջանում. կարծես դիմացինդ պապանձվում է ու մի տեսակ հեգնանքով ասում.«դե լավա, կամ` ուրախ եմ քո համար»: Իսկ, ա՛յ, երբ հնչում է՝ «վատ եմ» պատասխանը, սկսվում է սղոցող հարցերի շարանը. պահը բռնում են սեփական որպիսության համեմատաբար լավ լինելու վայելքը զգալու, և ինչքան մեծ է «վատ եմ»-ը, այնքան մեծ է նրանց հաճույքն ու հարցերի ինտենսիվությունը: Դրա համար, եթե ուզում եք զրկել դիմացինին ձեր որպիսության հաշվին կայֆ ստանալու հնարավորությունից, մտքում ասեք՝ «գնա գրողի ծոցը» ու միշտ պատասխանեք՝ «լավ եմ», միևնույն է, ցավակցությունը միֆ է:
152
Երբ ցանկանում ես ամեն ինչ, դառնում ես ինչ որ «ինչ», ու քեզ իշխում են` տալով մի քիչ, իսկ երբ ընդունում ես գոյդ` որպես «ոչինչ», անզոր է դառնում ստրկացնող ցանկացած «ինչ»:
153
Մամայի «ջան»-ը.
Մի անգամ, մի երիտասարդ երկարատև գործուղումից հետո վերադառնում է տուն: Նրա համար ճանապարհը սկսվում ու ընթանում է, սովորական դարձած, ծանրացած մտքերով` կյանքի, իրականության, սոցիալական հազար ու մի չլուծված հարցերի, ... կարճ` ուսերին դրված անհամաչափ բեռի ու սեփական գոյի մասին: Ճանապարհային դադարի ժամանակ որոշում է զանգել տուն ու նախապես ասել, որ ձախողվել է և, երբ իր՝ «ալո»-ին լսում է մոր՝ «ջան» պատասխանը, կտրուկ փոխվում է ամեն ինչ. սիրտը լցվում է ճիշտ հակառակ զգացողությամբ, ու նոր միայն նկատում է, որ արևը շողում էր առավոտից, այն դեպքում, երբ արդեն մայրամուտն է մոտենում:
Դրանից հետո հասկանում է` մամայի «ջանը» ու մեր, անգամ հասկանալու դեպքում ՝ տհաս գիտակցությունը»:
154
Խրախուսանքը փորձություն է համեստության, զրպարտությունը` համբերատարության համար, և դրանցից յուրաքանչյուրում ձախողումը բացառում է արժանիքը նաև մյուսում. դրանք առանց մեկը մյուսի չեն լինում:
155
Անծանոթ միջավայրի առավելությունը հարազատից.
Անծանոթ միջավայրում մարդկանց անտարբերությունն ունի օբյեկտիվ պատճառ. այնտեղ օտար ես, ու վերանում է միայնակ չլինելու միֆը:
Ահա թե ինչու ենք «փախչում» տանից, երկրից, երբեմն նաև ինքներս մեզանից, երբ ցանկանում ենք խաղաղվել:
156
Թեպետ, նայած ում համար ոնց.
Հարկադրված քաղցն ավելի տանելի է, քան հարկադրված սնվելը /անգամ մարսողության իմաստով/:
157
Մահաբեր երկխոսություն.
Կան մարդիկ, ովքեր չեն կարողանում թողնել ծխելը ո՛չ թե թմրանյութի կախվածությունից ազատվելու դժվարության, այլև առաջացող «երկխոսության կարոտի» պատճառով /այլ կերպ ու, փաստորեն, ՄԱՀԱԲԵՐ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ/:
158
«Տարօրինակ զվարճասերներ».
Կա ՄՏԱԾՈՂՆԵՐԻ տեսակ, ովքեր իրենց հոգու ողբերգությունը դարձնում են հանրության սեփականությունը ոչ թե փառավորվելու կամ ցավակցություն գտնելու, այլև մարդկանց կողմից այն կատակերգության վերածելու ընթացքով զվարճանալու համար /«ինքնահալածումի հաճույք»/:
159
Ախ այդ «վատ» հայելիները.
Երբեմն ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ կողմը դիմացինից հիասթափվում, ձանձրանում կամ նույնիսկ նողկանք է զգում, երբ այդ դիմացինը վերածվում է հայելու նրա համար:
160
Ասում են տգեղ կրծքեր չե՞ն լինում.
Կրծքերը նաև խղճի սնուցման և խաղաղեցման աղբյուր են /կենսական անհրաժեշտություն/, դրա համար գեղեցիկ չեն այն կանանց կրծքերը, ովքեր գթասիրտ չեն, ու, փաստորեն, ահա, թե ինչն է նաև դրանց տենչագին ցանկալիության պատճառն ու գեղեցկության որոշիչը:
Որպես մարմնի բաղադրիչ` սիրուն են բոլոր դեպքերում:
161
Սիրուց առավել` վստահությունն է.
Արժանապատվությունն այն սյունն է, որի վրա կառուցվում և պահպանվում է մարդու անհատականությունը. միակ այն բացարձակ սեփականը, առանց որի վերանում կամ այլանդակվում է ԵՍ-ը: Դրա ցանկացած ձևի օտարում` աճուրդում, թե ուղղակի, և անկախ գնից, անգամ հանուն հայրենիքի կամ սիրո նվիրաբերումն ենթադրում է ԱՆԻՔՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, ինչն էլ այլևս բացառում է ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ:
Անիքնասերին գուցե հնարավոր է անգամ սիրել որևէ այլ հատկանիշների համար, բայց վստահել` երբեք, և ոչ նրա համար, որ նրանք պոտենցիալ դավաճաններ են, ուղղակի նրանք բավարար կամք չունեն արժանապատվության պահպանման համար:
Ու զարմանալի չէ, որ սերն ու վստահությունը միաձույլ չեն միշտ, օր.` ծնողները չեն դադարում սիրել իրենց զավակներին, երբ նրանք դառնում են խաղա կամ թմրամոլ, բայց այլևս դադարում են վստահել:
Ի դեպ, գուցե առանց վստահության մնում է միայն խղճահարությու՞նը. չէ որ այն շփոթության աստիճան նման է սիրուն:
162
Ձուկը ջրից դուրս` սատկած ձուկ է.
Պատահականությունների և անհրաժեշտությունների կոնտեքստից դուրս /բախտ/ կամքը անզոր է և արժեզուրկ:
163
Երեք բան.
- Ցույց տուր դիմացինին, որ նա կարող է քեզ խրատել և նա ավելի շատ կխոսի իր արժանիքների մասին:
- Երբ սկսում է արհամարհել, նշանակում է չափից ավել ես ձգտել. ետ քաշվիր և առաջացող դատարկության զգացողությունը նրան կստիպի գալ դեպի քեզ. այդ պահից «խաղացողն» արդեն դու ես:
164
Նիրվանա.
Երբեմն, ներքին խաղաղության հասնելու համար, անհրաժեշտ է ԵՍ-ի նարգիտը /զգայական հարաբերությունների ամբողջություն/ մաքրել այն կազմող, բայց արդեն փչացած կամ ավարտված հարաբերություններից և/կամ դրանց մնացորդներից:
Պրոցեսը մի քիչ հուզական է, երբեմն` ցավոտ ու բացարձակ դատարկության վտանգով, բայց փոխարենն ապահովում է նիրվանա:
165
«Աստծո» փառասիրության մասին.
Երբ մարդը ստեղծեց աստծուն, վերջինս ուրախացավ, ապա ինքն էլ չզգաց, թե ինչպես մարդն արյունոտեց իր ձեռքերը, իսկ երբ հասկացավ ու փորձեց ընդդիմանալ, մարդը նրան կաշառեց փառասիրության շոյանքով` Աղոթքով:
Իսկ ո՞վ կդիմանար նման մեծարմանը:
166
Հաճախ ենք խճճվում սեփական «ես»-ի որոնումներում, երբ այն չենք կարողանում զատել ընդօրինակած կերպարներից:
167
Բախտն այն պատահականությունների և անհրաժեշտությունների կոնտեքստն է, որին և որում հարաբերվում է անձը` որպես կենտրոնական «դերակատար»:
168
Իմաստունն առաջնորդվում է արդարամտությամբ` հաճախ հաղթահարելով նաև բարոյականությունը:
169
Ատու՞մ ես քաղաքականությունը` ստիպված ես առաջնահերթ արհամարհել կրոնը:
170
Չափազանց արժանապատիվ եմ նեղանալու համար` ինձ ծանոթ է միայն հիասթափության զգացումը, և նախ` ինքս ինձանից:
171
Ես բացառում եմ ցանկացած հեղինակություն. հարգում եմ, կամ մնում անտարբեր:
172
Ամբողջի մեջ եմ, բայց միշտ միայնակ, և դրանով իսկ զգում եմ գոյությունս` շարունակում եմ ճանաչել :
173
Օգնությունն առանց հատուցման հնարավորության` բռնություն է ուղղված այն ընդունողի արժանապատվությանը:
174
Ճանաչողություն, գիտելիք և հիշողություն, որոնց համար վճարում եմ մեծագույն շահումի զգացումով:
175
Ինձ հաճախ չեն հասկանում նրանք, ովքեր ընկալում են միայն փաստարկված հետևանքը:
176
Մեկ գլանակ ծխախոտն ինձ համար ավելի հետաքրքիր զրուցակից է, քան հանդիպած մարդկանցից շատերը, և հաճախ` առավել անհրաժեշտ:
177
Ճիշտ ինքնարժեքավորման համար գոնե մեկ անգամ պետք է առիթ ունենաս ինքդ քեզ արհամարհելու. մի բան, որ ոչ բոլորին է բնորոշ` դրա համար էլ շրջապատված ենք մեծամիտ տխմարներով, կամ առավել անվտանգ` համեստ խրթվիլակներով:
178
Բնությունն ասաց.
Ճիշտ ու սխալ մի´ որոնիր, քանզի յուրաքանչյուրն իրավացի է նպատակին հասնելու միջոցների ընտրության հարցում: Դու էլ ազատ ես քո ընտրության մեջ` ընդունել, կամ՝ ոչ, հարգել, կամ՝ ոչ …:
Հիասթափվիր միայն ինքդ քեզանից` հավատալու և վստահելու համար, բնության օրենքները փոխելու քո` խղճուկ էակիդ, փորձերի համար:
179
Մեծահոգություն չէ, երբ որևէ մեկին իր արարքի համար նախապատրաստում ես ապտակելուն, բայց չես ապտակում /նվաստացնելու յուրատեսակ հաճույք/:
180
Երաժշտությունը հույզերի միակ հուսալի պահոցն է.
Հույզերի միակ հուսալի պահոցն երաժշտությունն է, որի պարունակությունը հասանելի է միայն նրան, ով լսելով նրանում ներբեռնում է իր զգացմունքները, ապա վերապրում դրանց մասին հիշողությունները` յուրաքանչյուր հերթական կատարման ժամանակ: Սա, ինքնին, նաև սահմանումն է երաժշտության, որպիսին, փաստորեն, կարող է լինել ցանկացած ձայն /ներ/ և դրանց համադրություն, որում «կերաժշտագրվի» մեր հույզերը:
181
Անանուն գայլը.
Անտառից բերված մի գայլ, որ չէր հարմարվում գազանանոցի անազատությանը և անդադար վազքի մեջ էր, այսինքն վազքը ո՞րն է` վանդակն այնքան փոքր էր, որ նրա շարժումն ավելի շատ նման էր տեղում պտտվելու, գրավեց հերթական մի այցելուի ուշադրությունը, ով ժամերով նայելուց հետո ասաց. «չհանձնվես եղբայր» ու հեռացավ: Եկավ էլի շատ անգամներ` հետևելու այդ գայլի «կռվին», տեսնելու վերջը, որ արդեն կանխատեսել էր և ներքուստ ցանկանում էր, որ այն շուտ վրա հասնի ու իրականում գնում էր միայն համոզվելու, ինքն էլ` խաղաղվելու:
Այո, հաղթական մահն էր վերջը, որ դարձավ սկիզբը նորի` հավերժի, գայլի կենդանության մի նոր իրականության մեջ. այցելուի հիշողության, որ երբեք չի մոռանա ու պատմելով կապրեցնի նրան: Ու, փաստորեն, գայլն անմահացավ նրա կողմից, ում նայել էր ինչպես բոլոր այցելուներին` ատելությամբ, գուցե երբեմն խնդրելով օգնել, բայց ընդհանուր առմամբ` արհամարհաբար:
Հիմա երբեմն միտք է գալիս` գուցե մեզ անմահացնողներն էլ աննկատ են մեր համար, գուցե նրանք են, ում նայում ենք արհամարհաբար` նաև ատելությամբ, գուցե փնտրելով անտեսում ենք նրանց, կամ, գուցե, մեզ չի էլ հանդիպի նման գեթ մեկ այցելու:
Իսկ գազանանոց` այլևս երբեք ...
182
Ինչու է լավ մարդկանց հետ ավելի վատը պատահում.
Բարեսրտությունը մարդուն զրկում է իրեն ուղղված չարամտությունը ժամանակին նկատելու հնարավորությունից, որի պատճառով այդպիսիք դառնում են ավելի անպաշտպան, իսկ իրենց չկամներին հաճախ իմանում են խոցվելուց հետո միայն, ու, ցավոք, հաճախ էլ անդառնալի ուշացած:
183
Ո՞վ գիտի իր տեղը հարաբերության մեջ` ոչ ոք, իսկ ո՞վ է պատկերացնում դիմացինի դերն ու պարտականությունների ծավալը` բոլորը:
Դրա համար հարաբերություններում բոլորը դժգոհ են, բայց ոչ ոք մեղավոր չէ:
184
Նրանք իրենց արյամբ մեզ համար խնայել և դեռ այդ կերպ խնայում են ապրելու ժամանակ, իսկ ինչպե՞ս ենք մենք տնօրինում այն` մեծամասամբ ինքնաոչնչացման և իրար հոշոտելու համար:
185
Ատելություն.
Մեզ միշտ խրատում են, որ պետք է զերծ մնանք ատելությունից ու հնարավորինս միայն սիրենք: Երբ ապտակում են, պահենք երկրորդ այտը, միայն սիրենք մերձավորին, որ ինքնին նաև պոտենցիալ ամենամեծ վտանգն է` որպես մեզ ավելին իմացող, հետևաբար, ավելի ցավոտ հարվածի ունակ, ասում են, թե հենց ատեցիր, ապա արդեն պարտված ես, և շատ այլ բարոյախրատական աղբեր, որ թուլացնում են մեզ:
Հակառակվում եմ` պետք է ատել իմանալ ճիշտ այնպես, ինչպես սիրել, իսկ երբեմն ավելի շատ, քան ..., և սա՛ է ճշմարիտ ապրելու միջոցը:
Թե՝ սերն ամբողջանալու և այն պահելու, ապա՝ ատելությունն էլ ամբողջությունը մասնատելու կամ այն արգելելու ձգտում է, ու ինչքա՜ն ամբողջություններ կան, որոնցում ոչնչացվում, խժռվում է մեր ԵՍ-ը: Սիրել արդարը, թե՞ ատել անարդարը, էությամբ նույնն են ու երկու դեպքում էլ միջոցը ճանաչողությունն է, իսկ տարբերությունը նրանում, որ սերը հաճախ ստիպում է հարմարվել, լռել, ենթարկվել, ... հոշոտվել /1,5 միլիոն և ավել/:
Բոլորն էլ ատում են, անգամ մեծն «արարիչը», ուղղակի ոմանք բաց են անգամ պատերազմում` արժանապատիվ են, կամ, գուցե, ընդամենը ծայրահեղ միամիտ /«ապուշ»/:
186 Չկա ավելի զվարճալի տեսարան, քան քեզ ուղղված ցավակցող հայացքներ տեսնելը, այն դեպքում, երբ դու ծիծաղում ես սեփական ձախորդության վրա:
187
Ճիշտը մեկ հատ չէ ու բազմաշերտ է.
Մի շտապեք մարդկանց մեղադրել սխալի համար. երբեմն /եթե ոչ միշտ/ մեկ ճիշտը խախտվում է մեկ այլ ճշտով, իսկ համակեցությունից դուրս, առհասարակ, վերանում է ճիշտ ու սխալի տարանջատումը:
188
Չորս բան.
- խաչաձև առարկաներից ամենապիտանին ու անհրաժեշտը թուրն է,
- աստծո դիրքորոշումը հստակ է իրական հավատացողների և անհավատների հանդեպ, ու խիստ անորոշ` աղոթատեղի գնացողների /ներառյալ եկեղեցի/, եթե իհարկե լիներ աստված,
- մարդիկ ավելի դաժան դարձան, երբ ներմուծվեց «մեղքերի թողություն» ինստիտուտը,
- աղոթելու օգտակարությունը դիրքի մեջ է և այն էլ թշնամու համար. այդպես հարմար է գլուխ կտրելը:
189
Ո՞վ ենք մենք.
Միշտ մտածում էի, որ պատերազմ ապրած /ապրող/ ժողովուրդների մոտ պետք է ավելանա մարդասիրությունը և նվազի նյութապաշտությունը, քանի դեռ կյանքը «ապտակով» չհասկացրեց հակառակը, ու, փաստորեն, այնտեղով, որտեղով անցել է պատերազմը, մարդիկ դարձել են ավելի սեփականամոլ, ու այդ մոլուցքը վարակի նման համակել է բոլորիս և այնքան, որ այլևս էական չէ որտեղով է անցել և որտեղ` շոշափել, ով է հիվանդացել, և ում վարակել:
«Գրողը տանի մեզ բոլորիս», մինչև ե՞րբ, չէ՞ որ մենք այնքան քիչ ենք, չէ՞ որ մենք այնքան շատ ունենք, չէ՞ որ մենք իրավունք չունենք, պարտավոր ենք, կարող ենք, չէ՞ որ մենք, ..., լավ, վերջը ո՞վ ենք մենք:
Ու սա այլևս հարց չէ, պատասխան է, բայց և հուսահատություն չէ` դրանից կառչելու փորձ է` մեր ուժը մարդասիրությունն է:
190
Բանականությունն արական սեռի է, խիղճը` իգական. առաջինն առանց երկրորդի վայրագանում է, երկրորդն առանց առաջինի` խեղճանում, ու միայն նրանց «կենակցությամբ է» ձևավորվում հոգու ներդաշնակություն, որից առողջ գաղափարներ են ծնվում:
191
Չի կարելի համբերատարությունը շփոթել խեղճ լինելու հետ.
Համբերատար մարդը նման է նռնակի` կարող ես պատեպատ տալ ու ոչինչ չի լինի, բայց հանկարծ քաշեցիր օղակը` հետևանքը կարող է լինել աղետալի:
Իսկ պայթունի ուժգնության չափը պայմանավորված է լիցքից` նրանից, թե ինչքան է նա համբերել:
192
Երկու բան հայրենասիրության մասին, և ոչ միայն.
- հիստերիկությունը ոչ միայն տգեղ է, այլև անվստահության խոսուն պատճառ, եթե անգամ այդ կերպ հայրենասիրություն է քարոզվում կամ արտահայտվում,
- երբ հայրենիք և պետություն հասկացությունները նույնաբար են ընկալվում, հայրենասիրությունն էլ է բաժանվում դիմության և ընդդիմության, ու էլ կարևոր չէ, թե ով որ ճամբարից է. երկուսն էլ էժան են, քանզի իրարափոխ և ժամանակավոր են:
193
Նա, ով վարժվում է մեծ «կռիվներին», չի հասցնում սովորել փոքր «վեճերին», «լուսնից» հետո` քայլել «երկրին»:
194
Արժանապատիվ գոյություն.
- Երբ զրկվում ես նպատակիդ համար ապրելու հնարավորությունից, ապա պետք է մեռնես հանուն դրա /շարունակես պայքարել/, ու սա կոչվում է արժանապատիվ գոյություն:
- Նպատակը փոխելու, կամ հանձնվելու ոչ մի արդարացված փաստարկ չկա` գոյությունդ արժեզրկվում է բոլոր դեպքերում:
Երբ զինվորն ինքն իրեն պայթեցրեց մի քանի թշնամու կյանք խլելով, հենց այս խորհուրդը հաղորդեց մեզ:
195
Թեպետ, նայած ում համար ոնց.
Հետույքի կուսությունն է հպարտանալու առիթ, և ոչ դրա պատռումով հարցերի լուծումը, իսկ լեզուն իր բնական գործառույթով է գեղեցիկ, և ոչ առաջինի հետ շոշափելի շփումով, եթե անգամ դա գրավականն է մի ամբողջ կարողության:
196
Հիմարին կոչում ես իմաստուն ու նա սկսում է արհամարհել քեզ` որպես արդեն իր մակարդակից ցածրի: /անգամ զվարճանք կա սրանում/:
197
Կանացի «զվարճալի» տրամաբանություն /հումորով, բայց ոչ անլուրջ/.
- երբ կինը տղամարդուն ասում է գնա գրողի ծոցը, նշանակում է ուղարկում է այլ կնոջ գիրկը /զիջման ձև/
- ասում ես՝ «ես քեզ արժանի չեմ» և կինը գնահատում է համեստությունդ, անգամ այն դեպքում, երբ ասում ես ճիշտը, իսկ երբ համոզվում է, մեղադրում է իրեն խաբելու համար,
- կանայք խուսափում են ամուսնացած տղամարդկանցից, որովհետև նրանցից այլ կնոջ բույր են զգում /ներսեռային կոնֆլիկտի քողարկված դրսևորում/,
- կանայք ընդունում են միայն մեկ սուտ` երբ հարուստ լինելով, ասում ես աղքատ եմ:
198
Եթե մտքերը նյութականանալու հատկություն ունեն, ապա
հայեր, վերջ տվեք արտերկրներում և նրանց ներկայացուցիչներին ասել՝ «ցավդ տանեմ», գուցե դրանից է, որ ամենատարբեր հասարակություններին բնորոշ «հիվանդություններով» վարակում ենք մերը:
199
Մարդիկ բավականություն են ստանում իրենցից խելացիի սխալ, և չարանում` հիմարի ճիշտ արարքից:
Առաջին դեպքում լինում է այն, ինչ ներքուստ սպասում էին, երկրորդ դեպքում այն` ինչ արհամարհաբար անհավանական էին համարում:
Իսկ մինչ այդ, զվարճանում են հիմարի շարունակական սխալ և չարանում` խելացիի ճիշտ արարքներով:
200
Փալանով մարդը.
Մի մարդ էշին մարդատեղ դրեց, ու վերջինս երախտագիտորեն նրան զիջեց իր փալանը:
201
Մի այլանդակեք հոգին.
Մի հարաբերության կարիքը պետք չէ գոհացնել այլ բնույթի մեկ ուրիշով կամ նրա հաշվին. ավելի լավ է դատարկ պարզություն, քան հագեցած խառնաշփոթ, ավելի լավ է կարիքի կուտակում, քան անպետքի ավելցուկ:
202
Պատահում է և այնպես, որ սիրելուց մնում է սերն առ քարն ու ծառը, գետն ու անտառը ... /ԲՆՈՒԹՅՈՒՆԸ/, որից, սակայն, ամենաշատն ենք հեռացել` անդառնալի հեռու:
203
Հեռավորության ազդեցությունը խղճին.
Որքան մեծ է հեռավորությունը, այնքան նվազում է խիղճը, ահա թե ինչու է ավելի հեշտ սպանել դիպուկահարով, անտարբերության չափ տանելի այլ երկրում մի ամբողջ ինքնաթիռի կործանման փաստը` ի տարբերություն մեզ մոտ գտնվող ցանկացած մեկի սովորական գլխացավի, որի համար կարող ենք անգամ անքնություն ստանալ:
Եվ այսպես, ցանկացած իրողության, կամ երևույթի կապակցությամբ` վիրավորանքից մինչև պատերազմ /անգամ աղետ և ցեղասպանություն/:
204
Երբ «խելոքները» շատանում են, արդեն դիտավորյալ ես ուզում հիմարություն անել` միայն թե չխառնվես այդ ամբոխին /նույնը, գուցե, նաև առանց չակերտների/:
205
Քարեր.
Երբեմն մեզ հանդիպող մարդիկ նման են ճանապարհին ընկած քարերի` ոմանք այնքան մեծ, որ ստիպում են շեղվել ուղուց, իսկ շատերն այնքան փոքր, որ ընդամենը դանդաղեցնում են ընթացքդ: Հակված եմ հարգելու մեծերին, եթե անգամ նրանք ստիպում են գահավիժել ձորը, թեպետ կախված տեղանքից` այդ շեղումը կարող է լինել նաև հրաշալի նորի ճանաչման պատճառ:
Եվ, ցավոք, քիչ են նրանք, ում կարող ես չհամեմատել քարերի հետ ու, կարծես, սկզբի «երբեմն»-ը ավելորդ է /կան արդյոք «ճանապարհի ընկերներ»/:
206
Սիրունը նույն գեղեցիկը չէ.
Արտաքին հմայքից ստացվող կիրքը միայն վայելքով, կամ մերժումով չէ, որ կարող է հանդարտվել. այն ավելի հաճախ մարում է հմայքը կրողին ճանաչելով, ու զարմանալի չէ, որ երբեմն սիրունը նաև տհաճ է, իսկ հակառակը` երանելի:
Ճանաչողությունը սեր անելու պես մի բան է և ֆիզիկական անձեռնմխելիությունն անարատության երաշխիք չէ:
207
Ամեն ոք, բայց ոչ միասին, հետևաբար բոլորս.
Բոլորը մասնակից են, բայց ոչ ոք մեղավոր չէ, բոլորը՝ հանցակից, բայց ամենքն՝ արդարացված, անթիվ դատավորներ, բայց ոչ մի ամբաստանյալ, ու հայտնի չէ «սկիզբը» /մեղավոր-հանցագործ/:
Գուցե այն վաղուց այլևս չկա, կամ գուցե չի էլ եղել, ճիշտ այնպես, ինչպես հայտնի չէ «վերջը», որ գուցե դեռ կլինի, կամ չի լինի երբեք:
Ու այսպես ուզում ենք, բայց ոչ ոք չի կարող, կամ գուցե ճիշտ հակառակն է` կարող ենք ամենքս, բայց չենք ուզում միասին:
208
Երբ կարևորը կոչումն է, ոչ` բովանդակությունը.
Օգնող է կոչվում նաև նա, ով աջակցում է ձախողումդ ավարտին հասցնելուն: Խանգարողից տարբերվում է նրանով, որ նախընտրում է գաղտնի գործել` իբրև «իրական բարերար»:
209
Այս իրականությունից անդին գոյության շարունակության լավագույն փաստարկն երաժշտությունն է, ու կարևոր չէ գոյաձևի իմացությունը. բավական է այն, որ գնացողները չեն շտապում վերադառնալ, ինչը վկայում է այնտեղի հրաշալի «երաժշտության» մասին /հույս ունեմ` նաև առանց չակերտների/:
210
Դանդաղ առաջընթաց, թե արագ տեղապտույտ.
- ներդաշնակ շարժումը խցանումներից խուսափելու և, այդպիսին առաջանալու դեպքում, ընթացքն արագ կարգավորելու միջոց է /դանդաղ առաջընթաց, թե արագ տեղապտույտ/,
- մի հասարակությունում աստիճանական զարգացման շնորհիվ ստացվածը չի կարելի վերցնել ու կիրառել մեկ այլ հասարակությունում` որպես պատրաստի արդյունք. ստացվում է ճիշտ հակառակ էֆեկտը /հետընթաց/,
- միևնույն է, գալիս է պահ, երբ անհատական զարգացումը ստիպված է կանգնել և սպասել ընդհանուրի զարգացմանը:
211
Մեկը դիմեց հոգեբանին, հոգևորականին և իմաստունին.
- ինձ համար անհեթեթ են մարդկանց ուրախության և զվարճալի` տխրության շատ պատճառներ, ու չգիտեմ` բոլո՞րն են համատարած տխմարացել, թե ես.
հոգեբան - Դա ձեր անհատականության ներքին ...
հոգևորական - Աղոթի՛ր ...
իմաստուն - Դա այլևս կարևոր չէ. նրանք շատ են, նշանակում է` բոլոր դեպքերում տխմարի կարգավիճակում կլինես դու:
212
Երբ հույսն ապրում է լռությամբ, մարում` արտահայտվելով.
Բառերն ինքնին սահմանափակ են, ամենքի համար ունեն յուրատեսակ զգայական իմաստ և տարբեր է յուրաքանչյուրի իմացության պաշարը, բացի այդ, սովորաբար մարդիկ լսում և տեսնում են այն, ինչ ուզում են, հասկանում այնքան, ինչքան կարող են և ընդունում այն, ինչ պետք է: Այդքանից հետո էլ հաճախ բացատրություն են պահանջում, բայց ոչ հասկանալու փորձի, այլ իրենց պետքին ներդաշնակեցնելու լրացուցիչ հնարավորության համար, որի չստացվելու դեպքում «դատապարտում են» /մարում է հասկացվելու հույսը/, բայց ոչ ոք մեղավոր չէ. այս մի բանն էլ այսպես է ստացվել:
213
Ծայրահեղության մեջ հակադիր երևույթները նույնանում են, ուստի, եթե մի բան չի ստացվում փոխել դեպի լավը, ապա պետք է վատը հասցնել բարձրակետին և վայելել:
Ու սրանում համոզվելու առիթ ունենում ենք յուրաքանչյուրս. երբ ամեն ինչ այնքան վատ է, որ ուղղակի ուզում ես զվարճանալ, և իսկապես զվարճանում ես, մի այլ տեսակ ես զվարճանում, ու լա՜վ է:
214
Ամենքս ապրում ենք ուրիշի չապրելու հաշվին.
Ամբոխի մեջ լինելու հակումը պայմանավորված չէ միասնականի անվտանգությամբ /փոխհոգածությամբ/` ուղղակի նրանում հավանականությունն է մեծ, որ «կհոշոտվեն» ուրիշները, բայց ոչ դու, կամ դա կլինի ուշ ու կհասցնես ապրել ավելի երկար:
Ու ամբոխի յուրաքանչյուր անդամ նրանում է հենց այս զգացողությամբ, իսկ հանրային համակեցությունը /հասարակությունն առհասարակ/ նույն երևույթի քաղաքակիրթ անվանումն է լոկ /ոչինչ չի փոխվել ու չի փոխվելու` ամենքս ապրում ենք ուրիշների չապրելու հաշվին/:
215
Մեղադրելը` որպես ինքնասփոփանք և չափիչ.
Քո հանդեպ սխալ են գործել, և դու արդարացիորեն մեղադրում ես մեղսագործի՞ն /ներին/, դե լա՜վ, խոստովանիր, որ այդ կերպ ավելի շատ սփոփվում և քողարկում ես սեփական տգիտությունը` հավատալով հիմարանալու, ստին անպատրաստ լինելու :
Եվ, փաստորեն, ինչքան մեղադրում ես, այնքան հիմարացել ես, հետևաբար` այդչափ էլ տգետ ես /նաև/:
216
Ներելը պատժելու միջոց.
Մի տեսակ չի ստացվում ասել «ներում եմ» նրանց, ում սիրում կամ այլ կերպ արժևորու՞մ ես` ուղղակի նրանց արհամարհել չես ուզում, ու հեչ չի լինում ներողություն խնդրել ուրիշների՞ց` ուղղակի քեզ արհամարհելու հնարավորություն չես ուզում տալ նրանց /արժանապատիվ է/:
Եթե հնարավոր է, ապա կրկին ընդունել` չմոռանալով սխալը, ու նաև ինքդ տրվել սեփական սխալի նման գիտակցումով. ահա միջոցը շեղումից հետո հարաբերությունը ճիշտ ուղի վերադարձնելու և կարևորը` այն այդպիսին պահելու /զգոնությունը չենք կորցնում ո՛չ մի դեպքում ու բառախաղի չենք տրվում/:
Ամեն դեպքում, ներելը արհամարհելու հաճելի զգացողություն է տալիս:
217
Բայց հո կյանքը լի է չէ՞ անակնկալներով.
Քվազիմոդոյի առավելությունը նրանում է, որ արհամարհանքը նրա համար սովորական սպասելին է /նրա համար միջավայրի բաղադրիչ է/, իսկ հակառակը` հաճելի անակնկալ /էսմերալդա/, իսկ ինքնահավանի մոտ ճիշտ հակառակն է. նա երբեք չի սպասում արհամարհանքի ու դա նրա համար տհաճ անակնկալ է, որին պատրաստ չէ:
218
Ճանաչողության հանդեպ արհամարհանքի պատճառներից.
Շատերը չեն սիրում ճանաչողությունը` որպես իրենց սպառնացող վտանգի, քանզի այն շրջանցում է տպավորությունը և մերկացնում` էությունը, ու հաճախ, կանանց պարագայում, սիրամարգից մնում է պճնված հավ, իսկ տղամարդկանց դեպքում էլ բացահայտվում է, որ առյուծ չէ, այլ լամպի լույսի առաջ սեփական շողքով զվարճացող կատու:
219
Առերևույթ հակասական, բայց ոչ իրարամերժ.
Տխուր-լավ, ուրախ-վատ` առերևույթ հակասական համադրություն, բայց իրականում ոչ իրարամերժ, քանզի տրամադրությունը հոգու համար նույնն է, ինչ եղանակը մարմնի, ու բոլորը չէ, որ անձրևի ժամանակ հոդացավեր են ունենում:
Եվ բացի այդ, սերն առ մառախլապատ գիշեր, ոչնչով չի զիջում սիրուն առ արևաշատ առավոտ:
220
Հաճախ անխելքների գործողություններից խելամիտ հետևություններ են անում խելացիները, օգուտը ստանում` ճարպիկները, ովքեր երբեմն լավ մարդիկ են:
221
Եվ այս իմաստով արևմուտքը ուժեղ է արևելքից և մնացածից.
Համակարգային կառավարում ունեցող պետությունները քաղաքական առումով ավելի պաշտպանված են, քան անոնք, որոնց կառավարումը կենտրոնացված է անհատների ձեռքերում: Ու այս դեպքում պաշտպանվածությունը որոշվում է ոչ թե հզորությամբ, այլ խոցելիությամբ: Բնականաբար համակարգի պարագայում խոցելի տեղը հայտնաբերելը և այն շարքից հանելը շատ ավելի բարդ է /եթե ոչ անհնար/, քան անհատի, ով ինքնին հայտնի է որպես միակ թիրախ և միանգամայն խոցելի` որպես այդպիսին, իսկ հետևանքը` պարտություն պետության համար /նաև կործանարար/: Ընդ որում, ֆինանսական, տնտեսական և ռազմական հզորությունը, որին հնարավոր է հասնել նաև անհատի կառավարմամբ, այս դեպքում բացարձակ նշանակություն չունի. նման պետությունները շարունակում են մնալ ավելի խոցելի /անգամ ատոմային զենքի առկայությունն ապահովություն չէ` «այդ ձեռքերը երբեք չեն հասցնի սեղմել կոճակը»/:
Հիմնավորումը պատմության մեջ է:
222
Հեքիաթների իրական խորհուրդը.
Լինում է, չի լինում ..., /ու վերջում բարին հաղթեց, ապրեցին երկար, երջանիկ և հարուստ/, այսինքն` իրականում այդպես չի լինում ՓՈՔՐԻԿՍ:
223
Ճշմարտության արժեքն իմացվում է միայն սեփական սխալով.
Ուրիշի սխալից հետևություն անելով հնարավոր է իմանալ ճշմարտությունը, բայց նրա արժեքը` ոչ, հետևաբար այն կրկնելը պարտադիր չէ, որ որակվի հիմարություն. գուցե փորձ է արվում հասկանալ ավելին և ամբողջականը /սեր առ իմաստնություն/:
Իսկ հակումն առաջնորդվել ուրիշի ստացած հետևություններով, նման է երևույթի, երբ սովոր են ուտել հացը` չմտածելով այն ինքնուրույն վաստակելու մասին /ձրիակերություն, որպես կանոն` անշնորհակալներին բնորոշ բան/:
224
Համբերության դերը ճանաչողության մեջ.
Եթե չի երևում գետի հատակը, դա դեռ չի նշանակում, որ այն խորն է` գուցե ուղղակի և ընդամենը պղտորված է /սպասումը կբացահայտի իրականությունը/:
225
Հայհոյանքի /օր.` դավաճանի պիտակի/ ավելի շատ արժանի է ոչ թե նա, ով սիրում է շատերին, այլ նա, ում սիրում են շատերը, բայց ինքը` ոչ մեկին:
Աստվածավախները թող զերծ մնան սրան ձայնակցելուց` անզգուշաբար կվերածվեն սրբապղծի, իսկ քարկոծելուց հիշում ենք, որ մեղքի չափն ուղիղ համեմատական է նետած քարերի քանակին:
226
Արդարաբանությունն էլ երբեմն հերոսություն է.
Երբեմն ճիշտն ասելու համար ավելի շատ համարձակություն է պահանջվում, քան մեռնելու, քանզի առաջին դեպքում դեռ պետք է շարունակես ապրել` կրելով ճիշտն ասելու հետևանքները:
227
Երբ քեզ ներդաշնակ չես զգում հասարակության մեջ,
հագիր երկու համար փոքր կոշիկ ու եղիր ոչ հարազատ միջավայրում` այն, ինչ կլինի ընթացքում, կտա կարևոր հարցերի պատասխանները, ու նախ` քո մասին:
228
Հայտնի տաֆտոլոգիա և անհեթեթություն.
Տղան աղջկան առաջարկեց ընկերություն, վերջինս մերժեց, ասելով. «ոչ, արի մնանք ընկերներ» /անհնարինությունը դեռ մի կողմ, հնչում է որպես տաֆտոլոգիա, այդպես չէ՞/ ու, առավել ևս, չի կարելի ասել. «եղիր ինձ համար ինչպես եղբայր»` դա էլ արդեն նման է ինցեստի:
Եթե մերժում, ապա՝ կամ «գրողի ծոցը», կամ` ոչինչ /լավագույն դեպքում միայն ծանոթներ/, միջանկյալ ցանկացած «ինչ» կարող է լինել միայն «սեր անելուց հետո»:
229
Երբ պատճառը վերածվում է առիթի.
Քննադատության պատճառը հաճախ փոխվում է գովեստի, իսկ մի քիչ համեստների դեպքում` արդարացման առիթի, երբ քննադատողը հայտնվում է քննադատվողի տեղը, ու գրեթե չի վերածվում ինքնաքննադատության:
230
Ինչպես հանդիսատեսից դարձավ դիտորդ.
Ինքնասպանություն գործելու նպատակով տանիք բարձրացած մեկն իր շուրջն էր հավաքել հոծ բազմություն, որը հետևում ու սպասում էր ինչպես հանդիսատես: Բոլորը խոսում էին փրկության ամենատարբեր մեթոդների և միջոցների մասին, քննարկում` հնարավոր դրդապատճառներն ու արտահայտում` ափսոսանք: Բայց ամբոխի մեջ կանգնած մի երիտասարդ ինքն իրեն հանկարծ բռնեց մտքի վրա` ինչ որ անհասկանալի, բայց հաճելի բավարարում ստանալու տենչով ներքուստ ցանկանում է, որ տանիքին կանգնած մարդը ցած նետվի և անգամ աչքերը չի թարթում, որ ոչ մի դրվագ բաց չթողնի: Շփոթությունն արագ վերաճեց սթափեցնող սարսափի, երբ նա հասկացավ, որ իրականում դա հանդիսատեսներից յուրաքանչյուրի ցանկությունն է, ու նրա լսողությանը հասու դարձավ ամբոխի ներքին-իրական և գրեթե աղերսի նմանվող գոչյունը. «ցատկիր, ցատկիր, ցատկի՜ր` բավարարի, գոհացրու, ազատի ՜ մեզ այս տենչից»:
Ամբոխի մեջից դուրս գալով` երիտասարդը զգաց, որ որքան հեռանում է նրանից, գոչյունի անլսելի դառնալուն զուգահեռ, մարում է այդ տարօրինակ ցանկությունը ու արթնանում է մահվան գիրկը նետվողի նկատմամբ անկեղծ կարեկցանքը: Նա խաղաղվեց, հասկանալով, որ, փաստորեն, դա ոչ թե իր, այլ ամբոխի ներսում ծնվող ցանկություն է, ու նրանում ներկա ամեն մեկն էլ իր պես անմեղ է, թեև «հանցակից է» այդ «մարդակերությանը»:
Դրանից հետո նա որոշեց այլևս հանդիսատես չլինել` չտրվել «իրենից դուրսի» կառավարմանը ու վերածվեց դիտորդի /երբեմն, նման տանիքին կանգնած այն մեկին/:
231
Կուշտ փորի հետևանքը.
Կատուն, որը միանգամից է սպանում իր զոհին /սովորաբար մկանը/, ավելի հումանիստ է, քան նա, որ անում է նույնը խաղալով` նույնիսկ եթե վերջում բաց է թողնում /դաժան զվարճասիրություն/: Չնայած սրանում իր դերն ունի նաև փորի կշտությունը, որը կատվին երբեմն դարձնում է նաև ծույլ ու անպետք:
Բայց սրանում ավելի մեծ զավեշտ կա և այն մեզանում է ու ոչ` կատվի կենսակերպու. մենք շարունակում ենք խաբվել նրանց նրբությանը, մլավոցին, փամփլիկությանը, ... ինչով էլ և կուլ ենք տալիս խայծը, ու ձրի կերակրելով` նրանց դարձնում ավելի անպետք մեր, և դաժան` այլոց համար /հիմարացվում ենք/:
232
Ու առհասարակ պետք չէ շտապել.
Անտարբերության մեջ մի շտապեք մեղադրել նրան, ով կարիքավորի կողքով անցնում ու նրա կողմը չի նայում. գուցե նա ամաչում է, որ օգնել չի կարողանում, ու նաև չի բացառվում, որ ինքն էլ նրա նման մեկն է, ով, սակայն, դեռ փորձում է ծնկի չգալ` ոտքերի վրա մնալ ու քայլել... կամ, գուցե, ընդամենն այն մեկը, ով չի համարձակվում խոստովանել` գլուխը կախել ու ձեռքը պարզել /չի հավատում, որ դատարկ ափին կարող են կարեկցանք դնել և թքամանի հետ չշփոթել/:
© Տիգրան Գորշ / ԽԱՌՆԱՐԱՆ (117-232)
Comentarios