Հասարակությունն անհատականություններ խժռող հրեշ է։ Երբ իսկականները սպառվում են, նա «կլոնավորմամբ է» ստեղծում իր կերը։ Վերջիններս, ի տարբերություն իսկականների, երբեք չեն ընկալում իրենց կեր լինելը, քանզի, իբրև արհեստական ծագմամբ գոյեր, օժտված չեն արարչական բանականությամբ, ու անգամ հրեշի մարսողական համակարգում հայտնվելուց էլ այս տգետները շարունակում են իրենց զգալ տիրակալ և իրենք էլ չեն հասցնում հասկանալ իրենց անհետացումը, քանզի այն տեղի է ունենում այնքան արագ ու այնպես, ինչքան և ինչպես՝ սովորական թերմացքը կամ արտաթորանքը։
Անհատականությունները (իսկականները) չեն վերածվում կերի միայն, երբ իրենք իրենց հեռացնում են հրեշից, կամ երբ սանձում են հրեշին ու ծառայեցնում սեփական արարչականությանը, աշխարհընկալումից բխող գաղափարին, նպատակին …
Եթե հանդիպում են հաջողած հասարակություններ, ապա միայն այն բանի համար, որ նրանց սանձողները եղել են իսկական անհատականություններ և նրանց սեփական արարչականությունն է իրագործվել այդպես։
Իսկ արհեստածինները երբեք ունակ չեն սանձելու, ինչպես ունակ չեն արարչականության, նրանց տիրելը լոկ թվացյալ է՝ իբրև խաբեության և մոլորեցման ժամանակավոր տպավորություն։
Ու ինչքան էլ հակասական թվա, բայց իսկական անհատականությունները ծնվում են միայն, երբ հրեշն առողջ է, և վերջինս էլ առողջ է այնքան, ինչքան շատ են իսկականները …
© Տիգրան Գորշ / անտիպ
Opmerkingen